HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Քաղաքացու անունով վարկ են վերցրել ու փոխանցել «Աջարաբեթ»-ի հաշվի. իրավապահները չեն գտնում զեղծարարին

Այս տարվա սեպտեմբերի 2-ին Հասմիկ Կարապետյանը հաղորդագրություն է ստանում «ԱյԴի բանկ»-ից, որ նույն թվականի մարտի 4-ին իր անունով 400 հազարի դրամի օնլայն վարկ է ձևակերպվել, վճարումը կատարելու ժամանակն է, և որ վարկի համար տոկոսներ ու արդեն տույժեր կան։

Հասմիկն անակնկալի է եկել, քանի որ ինքը վարկ չի ունեցել «ԱյԴի բանկ»-ում։ Միայն բանկ այցելելուց հետո տեսել է, որ «Իդրամ» օնլայն հարթակով իր անունով «ԱյԴի բանկ»-ում վարկ է ձևակերպվել. տվյալները իրենն են։ Հետո հիշել է, որ ամիսներ առաջ զանգ է ստացել, ներկայացել են իբր բանկի աշխատակից և Հասմիկի հեռախոսհամարին եկած ծածկագիրն են կորզել։ Ստացվում է, որ Հասմիկն «ինքնակամ» ծածկագիրը փոխանցել է զեղծարարներին՝ առանց իմանալու, որ նրանք բանկի աշխատակիցներ չեն։ Դա այն ծածկագիրն է, որն անհրաժեշտ է բանկում վարկը հաստատելու համար։

«Հիշեցի, որ մարտի 4-ին ինձ Տելեգրամով զանգ է եկել։ Ասացին, որ «ԱյԴի բանկ»-ից են և իմ տվյալները թարմացնելու ու նույնակացնելու համար ինձ ծածկագիր են ուղարկել, պետք է հայտնեմ, որ բանկում իմ տվյալները նույնականացվեն, և անվտանգության կարգավորումներն ակտիվանան։ Քանի որ ես բանկի հաճախորդ եմ, հավատացի ու տվեցի ծածկագիրը»,- «Հետք»-ին պատմել է Հասմիկը։

Նա պնդում է, որ զեղծարարները գողացել են իր անձնական տվյալները՝ մոլորեցնելով իրենից վերցրել ծածկագիրն ու իր անունով վարկ ձևակերպել։

Հասմիկը մեզ է տրամադրել բանկի և այս գործընթացի հետ կապված բոլոր փաստաթղթերը, որոնցում երևում է, որ իր անունով ստացված վարկի գումարը փոխանցվել է օնլայն շահումով խաղեր կազմակերպող Adjarabet.am-ի հաշվի, որի ID-ն ևս նշված է։

«Ես բանկում մի քանի անգամ դիմում եմ ներկայացրել, որ զեղծարարության զոհ եմ։ Ինձ առաջարկել են վարկի մարման ժամկետը երկարաձգել, բայց ինչու՞ ես վճարեմ, եթե զեղծարարության զոհ եմ դարձել»,- ասում է Հասմիկը։

Հաղորդագրությունը ստանալուց անմիջապես հետո՝ սեպտեմբերի 2-ին, Հասմիկը ոչ միայն «ԱյԴի բանկ» է այցելել, այլև՝ Ոստիկանության ԵՔՎ Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ մարտի 4-ին անհայտ անձը Տելեգրամով զանգահարել է իրեն, խաբեությամբ իմացել գաղտնի տվյալներ, որոնց միջոցով իր անվամբ և տվյալներով «ԱյԴի բանկ»-ում ձևակերպվել է 400 հազար դրամի վարկ։

Այնուհետև, գործը փոխանցվել է Քննչական կոմիտե։ Քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 1-ին մասով (համակարգիչը, համակարգչային համակարգը կամ ցանցը շահագործելու կանոնները խախտելն այն անձի կողմից, ով այդ համակարգիչ, համակարգչային համակարգ կամ ցանց մուտք գործելու (ներթափանցելու) թույլտվություն ունի, եթե այդ արարքն անզգուշությամբ առաջացրել է օրենքով պահպանվող համակարգչային տեղեկատվության ոչնչացում, ուղեփակում (մեկուսացում), փոփոխում, համակարգչային սարքավորումների աշխատանքների խաթարում կամ առաջացրել է այլ զգալի վնաս)։

Հասմիկը ճանաչվել է տուժող։  

Դրանից հետո Քննչական կոմիտեում խոստացել են, որ կիբերանվտանգության բաժինը կզբաղվի իր գործով, և որ իրեն ևս մեկ անգամ կանչելու են հարցաքննության։ Սակայն, մինչ օրս Հասմիկի գործով նորություն չկա։

Հատկանշական է, որ «Իդրամ» հավելվածը տրամադրել է «Աջարաբեթ»-ի ID հասցե, որի վրա փոխանցվել է Հասմիկի անունով ստացված վարկը։ Բայց իրավապահները մինչև այժմ չեն պարզել, թե ով է այս հաշվի օգտատերը։ 

Մեր ուղարկած հարցումներին ի պատասխան Քննչական կոմիտեից ոչ մի նոր բան չեն ասել։ Մեր հարցին՝ արդյոք իրավապահները կարողացե՞լ են գտնել Adjarabet-ի օգտատիրոջը, և առհասարակ ի՞նչ է արվել Հասմիկի գործով, միայն պատասխանել են, որ գործը ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ հետագա ընթացքը որոշելու համար։

Բանկ. «Դեպքը տեղի է ունեցել հաճախորդի կողմից անվտանգության նորմերը չպահպանելու հետևանքով»

«ԱյԴի բանկ»-ից էլ, փաստացի, ընդունում են, որ Հասմիկը զեղծարարության զոհ է։ Սակայն դա Հասմիկի «մեղքով» է տեղի ունեցել՝ երրորդ անձանց փոխանցել է ծածկագիր, որը միայն իր համար է նախատեսված եղել։

«Բանկը ուսումնասիրել է դեպքի մանրամասները, պարզել է, որ հաճախորդը զեղծարարին տրամադրել է իր հեռախոսին եկած նույնականացման կոդը՝ հնարավորություն ընձեռելով զեղծարարին ձևավորելու վարկ և տնօրինելու միջոցները»,- ի պատասխան «Հետք»-ի հարցմանը նշել են բանկի հաղորդակցման բաժնից։

Բանկից նաև հայտնում են, որ տուժողի որոշումը ներկայացնելուց հետո Բանկը հաճախորդին առաջարկել է ստորագրել համաձայնագիր վարկային պարտավորության մարումը մինչև քննության ավարտը հետաձգելու, կուտակված տոկոսներն ու տույժերը զիջելու և հետագայում հաշվարկը դադարեցնելու վերաբերյալ, սակայն հաճախորդը հրաժարվել է։

Բանկից պնդում են, որ դեպքը տեղի է ունեցել հաճախորդի կողմից անվտանգության նորմերը չպահպանելու արդյունքում։ «Բանկը ձեռնարկել, ձեռնարկում և շարունակաբար իրականացնելու է անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումներ՝ ներառյալ հաճախորդների իրազեկվածության և պաշտպանվածության մասով»,- նշում են բանկից։

Հասմիկ Կարապետյանն ընդունում է իր «մեղքի» բաժինը, սակայն այսօր, փաստացի, չի կարող վճարել զեղծարարների փոխարեն, որոնք յուրացրել են այդ 400 հազար դրամը։ Միակ հույսը՝ որ իրավապահները գտնեն զեղծարարներին, բայց այստեղ էլ սայլը տեղից չի շարժվում։

Մոտ մեկ շաբաթ առաջ Հասմիկին հրավիրել են քննչական բաժին՝ ասելու, որ գործով դեռևս նորություն չունեն, այն առաջ չի գնում, քանի որ մեղադրյալ չկա։

Հասմիկը նաև Ֆինանսական համակարգի հաշտարարին է դիմել ու Կենտրոնական բանկին։ Երկու դեպքում էլ պատասխանն այն է, որ հարցը թողնված է իրավապահներին։ Իսկ այդ ընթացքում Հասմիկի վարկային պատմությունը շարունակում է «սևանալ»։

Հասմիկը միակը չէ, ով հայտնվել է այսպիսի թակարդում։ Կան հարուցված բազմաթիվ քրեական գործեր, որոնցում քաղաքացիները զեղծարարների զոհ են դարձել։ Դեպքերի մեծամասնությունը կապված է «ԱյԴի բանկ»-ի և նրա գործընկեր «Իդրամ»-ի հետ։

Այն, որ մեծ մասամբ «ԱյԴի Բանկ»-ն ու «Իդրամ»-ն են դառնում հափշտակությունների գործիք, բանկը բացատրում է նախևառաջ այն հանգամանքով, որ Idram&IDBank համակարգը տարածվածությամբ Հայաստանում առաջիններից է։ Այսինքն՝ որքան շատ հաճախորդ ունեն, այնքան ավելի շատ են զեղծարարությունների դեպքերը։ 

Գրեթե բոլոր դեպքերում նույն սխեման է գործում՝ այլ անձանց պատկանող անձնագրերի, նույնականացման քարտերի և ծածկագրերի միջոցով զեղծարարները կարողանում են վարկեր վերցնել այդ փաստաթղթերի տերերի անուններով ու հափշտակել գումարները։ Բայցև, գրեթե բոլոր դեպքերում «զոհերը» հավատացել են զեղծարարներին, որոնք զանգերի կամ հաղորդագրությունների միջոցով տիրացել են նշված անձանց հեռախոսահամարներին ուղարկած ծածկագրերին՝ նույնականացման կոդերին։

Հետևաբար, նման պատմությունների մեջ չհայտնվելու ամենաճիշտ տարբերակը՝ չտրամադրել ծածկագրերն ու նույնականացման կոդերը ոչ մեկին, անգամ եթե զանգողը «շփոթվել ու ձեր համարն է գրել բանկային հավելվածում», «հիվանդանոցում է, վիրահատության համար վարկ է վերցնում ու մեկ թվի տարբերությամբ ձեր համարին է կոդն ուղարկվել», «բանկի աշխատակից է, ձեր տվյալներն է թարմացնում» և այսպես շարունակ։ 

Մեկնաբանություններ (1)

Ruben
Նույն իրավիճակում ես եմ ուղղակի մի քանի տարբերություն կա նախ գումարը մեծ է հետո ես ոչ մեկին չեմ հայտնել իմ ծածկագիրը, թե ոնց են միացել պատկերացում չունեմ: Id բանկում մոտեցումը նույն է կապ չունի դու ես տրամադրել , թե դու չես տրամադրել ուղարկում են սև ցուցակ չվճարելու համար կամ առաջարկում են մարել քեզ հարմար պայմաններով(մոտ այդպես հիմա , որ գրեմ երկար կլինի): Ռոկետ վարկատեսակը սերտ աշխատում է ադջարաբետի և վիվառոյի հետ կարող եմ հիմնավորել շատ հեշտությամբ: Վարկը տրամադրելուց վարկ վերցնող կողմը նույնականացում չի անցնում նույնն է ինչ ուրիշի անձնագրով մտնես բանկ ստանաս վարկ ու հետո տուժվող կողմին ասեն քանի որ քո անձնագրով է վճարի կամ սև ցուցակ: Եթե ասեն հնարավոր չէ online նույնականացնել կստեն հնարավոր է ուղղակի ձեռք չի տալիս: Ու ես ամբողջ միասին բերել է նրան, որ անընդհատ վարկեր են ձևակերկպվում ռոկետով խարդախությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter