HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

Վիտալի Բալասանյան. «Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՀ տեղափոխվելուց հետո ԼՂՀ իշխանությունները վախեցան պատասխանատվություն ստանձնել ղարաբաղյան հարցում»

Արցախի նախագահի ընտրություններին իր թեկնածությունն է առաջադրել նաև Վիտալի Բալասանյանը, ով հայտնի է թե որպես ռազմական, թե քաղաքական գործիչ: Բալասանյանը մեզ հետ հարցազրույցում քսանամյա հեռվից խոսում է ԼՂՀ զինված ուժերի ձևավորման մասին. «Կամավորական ջոկատների կազմավորման առաջին իսկ օրվանից հրատապ հարց էր դարձել Ղարաբաղի տարածքում համախմբել բոլոր ջոկատներին և դնել մեկ կառույցի ներքո: Առաջին քայլը Ինքնապաշտպանական ուժերի կոմիտեի ձևավորումն էր: Դրան հաջորդեց Պաշտպանության պետական կոմիտեի ձևավորումը, որի ենթակայության տակ դրվեցին զինված ուժերը և քաղաքացիական բոլոր կառույցները: Մենք առաջին հաջողությունները գրանցեցինք այդ օրվանից: Ինքնապաշտպանական կոմիտեի նախագահ նշանակվեց Սերժ Սարգսյանը, իսկ Պաշտպանության պետական կոմիտեի ղեկավար ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը: Թե զինված ուժերը, թե քաղաքացիական կառույցներն արդեն իսկ սկսեցին գործել կանոնավոր: Հետադարձ հայացք գցելով այդ օրերին՝ գտնում եմ, որ դա էր մեր փրկության և հաղթանակների գրավականը: Կար մի կառույց, որը շատ մեծ պատասխանատվությամբ այդ լուծը վերցրեց իր վրա: Դա օրհասական պահանջ էր: Զինված ուժերը առանց խառնվելու քաղաքական կյանքին` կատարում էին իրենց առջև դրված մարտական խնդիրները` թե պաշտպանողական, թե հարձակվողական բնույթ կրող մարտերում»:

Արցախի պաշտպանության նախարարի նախկին տեղակալն ու ԼՂՀ ԱԺ պատգամավորը հարցազրույցում անդրադարձավ բանակցային գործընթացից ԼՂՀ դուրս մնալուն:

«1994 թ. մայիսյան զինադադարից հետո ողջ բնակչությունը լծվեց պետականաշինության գործին, սկսեցինք բուռն կերպով աշխատել բոլոր ուղղություններով: Արցախը հանդես էր գալիս որպես լիիրավ կողմ բանակցություններում, բայց ցավոք այդ շրջանը կարճ տևեց: Ռոբերտ Քոչարյանի՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելուց հետո ԼՂՀ իշխանությունները վախեցան պատասխանատվություն ստանձնել ղարաբաղյան հարցում և նրանց անգործության հետևանքով Ղարաբաղը դուրս մնաց բանակցային գործընթացից: Այնուհետև ՀՀ իշխանությունները ստիպված եղան այդ ծանր բեռը վերցնել իրենց վրա, ինչը շատ մեծ հարված էր ՀՀ-ի համար: Բանակցություններից Արցախի դուրս մնալու պատասխանատվությունն ընկնում է ԼՂՀ իշխանությունների վրա: Այժմ էլ նույն անպատասխանատու վիճակը շարունակվում է: Առ այսօր ԼՂՀ իշխանությունների կողմից չկա մշակված որևէ փաստաթուղթ, որով պետք է առաջնորդվենք և ներկայացնենք միջազգային հանրությանը Ղարաբաղի հիմնահարցի լուծման վերաբերյալ մեր մոտեցումները»:

Իր ծրագրային դրույթների մասին Վիտալի Բալասանյանը խոստացավ խոսել քարոզարշավի ընթացքում: Դեռևս ձեռնպահ մնաց նաև իր թիմի մասին խոսալուց: Մեր հարցին, թե լուրեր են տարածվում, որ հայտնի բարերար Լևոն Հայրապետյանը առաջիկա նախագահական ընտրություններում իրեն է աջակցելու, պատասխանեց. «Ես և Լևոն Հայրապետյանն ունենք ջերմ հարաբերություններ, հարգում եմ այդ մարդու տեսակը, ինքը ի ծնե է բարերար և մեծ աշխատանքներ է տարել Արցախի և ՀՀ-ի տարբեր բնակավայրերում ենթակառուցվածքների, աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ: Ամենից մեծ աշխատանքն, իհարկե, արված է Վանք գյուղում և հարակից տարածքներում, ընդհուպ պլանավորված է կադետական դպրոցի հիմնումը: Դա մեծ նշանակություն կունենա ապագա սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում: Ես ցավում եմ, որ Հայրապետյանի ֆինանսավորած շատ ծրագրեր ինչ-ինչ պատճառներով այժմ դադարեցված են: Ես շատ հպարտ եմ, որ իմ շրջապատում կան նմանատիպ մարդիկ: Իսկ ինչ վերաբերում է Լևոն Հայրապետյանի ինձ սատարելուն, պետք է նշել, որ Հայրապետյանը ՌԴ քաղաքացի է և օրենքով արգելված է մեր ներքաղաքական կյանքին օտարերկրյա քաղաքացու մասնակցությունը»:

Հիշեցնենք, որ ԼՂՀ նախագահի թեկնածուներն չորսն են` գործող նախագահ Բակո Սահակյանը, Վիտալի Բալասանյանը, ՀՀ պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի փոխտնօրեն Արկադի Սողոմոնյանը և ԼՂՀ ԱԺ ընդհանուր բաժնի նախկին պետ Վալերի Խաչատրյանը: ԼՂՀ նախագահի ընտրությունները տեղի կունենան հուլիսի 19-ին, իսկ թեկնածուների գրանցումը տեղի կունենա մայիսի 30-ից մինչև հունիսի 19-ը, որից հետո կմեկնարկի նախընտրական քարոզարշավը:

Լուս.՝ Վ. Բալասանյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Համաձայն եմ: Ես հենց այնպես չեմ Արցախի իշխանություններին այդքան քննադատել/քննադատում. կամ ՊԱՏԱՆԴ են խաղում,կամ էլ ՔՆԱԾ են ձևացած: Միայն սեզոնին են «զարթնում»- խուրջինները կապած Ամերիկաներում ու Բեյրութներում ՓՈՂ ՈՐՍԱԼՈՒ: Ու մեկումեջ էլ ուրիշի փողերով կառուցված օբյեկտի առաջ կարմիր ժապավեն են կտրում ու իրար գովում:..............................................................Պարոն Բակո Սահակյան - մինչև հիմա որևէ քաղաքական ՆՎԱՃՈՒՄ ունեցել եք ԱՐՑԱԽԻ համար? Ես ՉԵՄ տեսել:.............................................................. ԲՈԼՈՐԸ քննարկում/բանակցում են Արցախի ճակատագրի մասին,ԲԱՑԻ ԱՐՑԱԽԸ: Այսպես որ շարունակեք,հաստատ ձեր 'անկախության ճանաչումը' արծաթե սկութեղի վրա հրամցնելու են ձեզ...բայց արդեն Խանքենդիում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter