HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էրդողանն ու ՌԴ ՊՆ-ն հայտարարել են «հացահատկի միջանցքի» աշխատանքների վերականգնման մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ՌԴ ՊՆ-ն հայտարարել են Երևանի ժամանակով 13:00-ից «հացահատկի միջանցքի» աշխատանքների վերականգնման մասին։ ՌԴ ՊՆ-ից նաև հայտնել են, որ Ռուսաստանը վերականգնում է իր մասնակցությունն այդ գործարքին։

Ռուսական պաշտպանական գերատեսչությունը նշում է, որ Ռուսաստանը գրավոր երաշխիքներ է ստացել Ուկրաինայից՝ հացահատկի միջանցքը ՌԴ դեմ պատերազմական գործողությունների չօգտագործման վերաբերյալ։ «Մասնավորապես ուկրաինական կողմը պաշտոնապես վստահեցրել է, որ «Ծովային մարդասիրական միջանցքը կօգտագործվի միայն «Սևծովյան նախաձեռնությունների» դրույթներին համապատասխան»,- ասել են գերատեսչությունում։

Նախօրեին Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը հեռախոսով քննարկել էին գործարքի շուրջ առկա իրավիճակը։ Հեռախոսազրույցը կայացել էր թուրքական կողմի նախաձեռնությամբ։ Ավելի վաղ, հոկտեմբերի 31-ին, Էրդողանը հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և հայտարարել «համագործակցության մթնոլորտի» ստեղծման մասին՝ հացահատկի արտահանման հետ կապված իրավիճակի լուծման համար։

Ավելի վաղ, Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը հայտարարել էր, որ Ուկրաինայից «հացահատկի միջանցքով» նավերի ուղարկումը կվերսկվի նոյեմբերի 3-ից։ Նրա խոսքով՝ Բոսֆորում բոլոր նավերը պետք է ստուգվեին։

Ռուսաստանը, Ուկրաինան, Թուրքիան և ՄԱԿ-ը հուլիսի 22-ին կնքել էին «հացահատկի գործարքը»։ Կողմերը պայմանավորվել էին ուկրաինական Օդեսա, Չերոնոմորսկ և Յուժնի նավահանգիստներից հացահատկով բեռնված առևտրային նավերի անվտանգ ծովային անցման շուրջ։ Հոկտեմբերի 29-ին Ռուսաստանը դուրս էր եկել այդ գործարքից՝ իր որոշումը պայմանավորելով ուկրաինացիների կողմից Սևաստոպոլում ՌԴ Սևծովյան նավատորմի ենթակառուցվածքներին ու նավերին անօդաչուների օգնությամբ զանգվածային հարվածներ հասցնելու հետ։

Չնայած դրան հոկտեմբերի 31-ին Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի պատվիրակությունները համաձայնեցրել էին մարդասիրական միջանցքով 16 նավերի շարժի պլանը։ Նրանք իրենց որոշման մասին տեղեկացրել էին Ռուսաստանին։ Ավելի ուշ, ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ Ռուսաստանը դադարեցնում է նավերի տեղաշարժն այդ միջանցքով։

Լուսանկարը՝ Yoruk Isik/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter