
Հս․ Կորեան Կորեական պատերազմից հետո առաջին անգամ հրթիռ է արձակել Հվ․ Կորեայի հետ ծովային սահմանի վրայով
Հյուսիսային Կորեան տարբեր տեսակի, այդ թվում բալիստիկ, առնվազն 10-ը հրթիռ է արձակել Ճապոնական և Դեղին ծովերի ուղղությամբ։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեին։
Պաշտոնական Սեուլը հայտարարել է, որ երեք բալիստիկ հրթիռ ընկել է ծովում, դրանցից մեկը հատել է Հարավային Կորեայի հետ փաստացի ծովային սահմանը և ընկել հարավկորեական Ուլինդո կղզուց 167 կիլոմետր հեռավորության վրա։
Երկրորդ հրթիռն ընկել է Հարավային Կորեայի հյուսիս-արևելյան հատվածում գտնվող Սոկչհո քաղաքից 57 կիլոմետր հեռավորության վրա, իսկ երրորդը Դեղին ծովում հյուսիսային սահմանաբաժան գծից 26 կիլոմետր հեռավորության վրա։
Հարավային Կորեայի զինված ուժերը հայտարարել են, որ արկերից մեկը 1950-53 թվականների Կորեական պատերազմի ավարտից հետո առաջին անգամ հատել է Հարավային Կորեայի հետ փաստացի ծովային սահմանը։
Yonhap գործակալությունը ևս հայտնում է, որ ավելի քան 70 տարվա մեջ սա առաջին անգամն է, երբ Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Հարավային Կորեային հարակից տարածքային ջրերի մոտ։
Սեուլը դատապարտել է Փհենյանի գործողությունները՝ դրանք անվանելով «սադրիչ»։ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը հայտարարել է, որ հրթիռների արձակումը ծովային սահմանի վրայով հանդիսանում է Հյուսիսային Կորեայի կողմից «փաստացի տարածքային ներխուժում»։ Ի պատասխան հրթիռների արձակման, Հարավային Կորեան F-15K և KF-16 կործանիչներից «օդ-երկիր» դսի երեք հրթիռ է արձակել բաց ծով՝ Հյուսիսային սահմանաբաժանից դեպի հյուսիս։
Սեպտեմբերի վերջից Հյուսիսային Կորեան ավելի քան մեկ տասնյակ հրթիռ է արձակել, որոնցից վերջինը տեղի էր ունեցել հոկտեմբերի 28-ին, երբ Փհենյանը երկու բալիստիկ հրթիռ էր արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Արձակումն իրականացվել էր Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի միջև ամենամյա «Հոգուկ» ամենամյա զորավարժությունների ավարտի կապակցությամբ։
Լուսանկարը՝ Ahn Young-joon/AP
Մեկնաբանել