HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը և Արժույթի միջազգային հիմնադրամը 3-ամյա կանխարգելիչ «Պահուստային ծրագրի» շուրջ համաձայնություն են ձեռք բերել

ՀՀ իշխանությունները և Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) եռամյա կանխարգելիչ «Պահուստային ծրագրի» շուրջ աշխատակազմի մակարդակով համաձայնություն են ձեռք բերել։ Այս մասին ասվում է ԱՄՀ մամուլի հաղորդագրության մեջ։

Համաձայնությունը ենթակա է հաստատման ԱՄՀ գործադիր խորհդրի կողմից և ակնկալվում է, որ կքննարկվի 2022 թ. դեկտեմբերին.

Առաջարկվող ծրագիրը կօժանդակի կառավարության տնտեսական ծրագրին՝ ապահովելու ներդրումներով խթանվող, գիտելիքահենք և արտահանմանը միտված տնտեսական աճ՝ միաժամանակ պահպանելով մակրոտնտեսական, հարկաբյուջետային և ֆինանսական կայունությունը և կրճատելով աղքատությունը։ Ստորեւ՝ ԱՄՀ հաղորդագրությունը։

Հայաստանի իշխանությունների խնդրանքով՝ Արժույթի միջազգային հիմնադրամի աշխատակազմի թիմը, տկն Իվա Պետրովայի գլխավորությամբ, սեպտեմբերի 26–ից հոկտեմբերի 6-ի ընթացքում այցելել է Երևան՝ ԱՄՀ կանխարգելիչ «Պահուստային ծրագրի» օժանդակությամբ եռամյա տնտեսական ծրագիրը քննարկելու համար։

Քննարկումների, այդ թվում՝ հեռավար հանդիպումների շարքն ավարտելիս Իվա Պետրովան հետևյալ հայտարարությունն է արել. «Ուրախ եմ հայտարարել, որ ԱՄՀ թիմը և Հայաստանի իշխանությունները աշխատակազմի մակարդակով համաձայնություն են ձեռք բերել 128.8 միլիոն ՓՀԻ (շուրջ

$165.6 միլիոն) գումարով կանխարգելիչ «Պահուստային ծրագրի» շուրջ՝ օժանդակելու կառավարության տնտեսական ծրագրին՝ պահպանելու մակրոտնտեսական, հարկաբյուջետային և ֆինանսական կայունությունը և առաջ մղելու ներառական աճի խթանման բարեփոխումները»։

Համաձայնությունը ենթակա է հաստատման ԱՄՀ գործադիր խորհրդի կողմից, որն ակնկալվում է, որ այն կքննարկի 2022 թ. դեկտեմբերին։

Համաշխարհային և տարածաշրջանային նշանակալի մարտահրավերների պայմաններում առաջնորդվելով առողջ մակրոտոնտեսական քաղաքականությամբ՝ Հայաստանը 2022 թ.-ին շուրջ 11 տոկոսանոց տնտեսական աճ ապահովելու ճանապարհին է՝ մասամբ պայմանավորված երկիր արտաքին եկամուտների, կապիտալի և աշխատուժի ներհոսքերով։ Հարկաբյուջետային արդյունքների գերակատարումը և դրամի արժևորումը նպաստել են պետական պարտքի զգալի նվազմանը, ինչն այս տարի ակնկալվում է, որ կիջնի մինչև ՀՆԱ-ի 51 տոկոսը 2021 թվականին արձանագրված 60.3 տոկոսից։ Թեև գնաճը ժամանակավորապես բարձրացել է առաջարկի և պահանջարկի ցնցումների հետևանքով, ՀՀ կենտրոնական բանկը 2020 թ. դեկտեմբերից սկսած վերաֆինանսավորման տոկոսադրույքը նախաձեռնողաբար բարձրացրել է 625 բազիսային կետով՝ նպատակ ունենալով գնաճն ուղղորդել դեպի իր 4 տոկոս միջնաժամկետ թիրախը։ Միջազգային պահուստներն ավելացել են, իսկ դրամը նախորդ մի քանի ամսիներին շեշտակի արժևորվել է։ Կարևոր կառուցվածքային բարեփոխումներ են տեղի ունեցել հանրային ֆինանսների կառավարման, եկամուտների վարչարարության, գնաճի նպատակադրման ծրագրի, ֆինանսական ոլորտի և կառավարման բնագավառում։

Ակնկալվում է, որ 2023 թ.-ին տնտեսական աճի տեմպը կդանդաղի՝ արտացոլելով արտաքին ավելի թույլ պահանջարկը և համաշխարհային ֆինանսական ավելի խիստ պայմանները և միջնաժամկետ հեռանկարում կպահպանվի 4-5 տոկոս միջակայքում։ ՍԳԻ գնաճը կանխատեսվում է, որ դրամավարկայինխիստ քաղաքականության օժանդակությամբ և արտաքին ցնցումների ազդեցության թուլանալուն զուգընթաց աստիճանաբար կմոտենա ՀՀ ԿԲ միջնաժամկետ թիրախին։ Ընթացիկ հաշվի պակասուրդը, որն ընդլայնվել է տնտեսության արագ աճի հետ, ակնկալվում է, որ աստիճանաբար կնվազի մինչև ՀՆԱ-ի շուրջ 5 տոկոսը։ Հեռանկարի նկատմամբ ռիսկերը հիմնականում արտաքին են։

Ելնելով խիստ անորոշ հեռանկարից և գերտաքացման ռիսկերից՝ անհրաժեշտ է, 2023 թ.-ի բյուջեում խուսափել պահանջարկի ավելորդ ճնշումներ ստեղծելուց։ Բյուջեի փաթեթի շրջանակում առաջնահերթությունն անհրաժեշտ է տալ բարձրորակ ծախսերին և սոցիալական ապահովության ցանցի հզորացմանը։ Խիստ անհրաժեշտ կապիտալ ծախսերի ավելացմանն անհրաժեշտ է օժանդակել հանրային ներդրումների կառավարման գործընթացի բարեփոխումների ընդլայնմամբ՝ ռազմավարական, թափանցիկ և հետևողական ծրագրերի ընտրություն և ժամանակին ու արդյունավետ իրականացում ապահովելու համար։ Կանոնահենք հարկաբյուջետային շրջանակին շարունակական համապատխանությամբ պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը նվազման ուղու վրա կպահպանվի։

Ավելի թափանցիկ, արդար և շրջակա միջավայրի համար նպաստավոր հարկման համակարգի և եկամուտների ավելի հզոր վարչարարության որդեգրմանն ուղղված իշխանությունների ջանքերը կօժանդակեն եկամուտների ավելացման կառավարության նպատակներին և տարածք (հնարավորություն) կստեղծեն խիստ անհրաժեշտ զարգացման ծախսերի համար։ Ողջունելի են նաև Կառավարության՝ ծախսերի արդյունավետության և արդյունքայնության բարձրացման, հանրային ֆինանսների կառավարումը բարելավելու, այդ թվում՝ հարկաբյուջետային ռիսկերի լավ կառավարման, թափանցիկության և ղեկավարման և ավելի որակյալ հանրային ներդրումների ապահովման ծրագրերը։

Դրամավարկային քաղաքականության ներկա դիրքը պատշաճ է, և քաղաքականության հետագա փոփոխություններն անհրաժեշտ է, որ պայմանավորվեն գնաճի և գնաճի սպասումների էվոլյուցիայով։ Կապիտալի շուկայի զարգացումը խթանելու և ֆինանսական ներառումը խորացնելու ջանքերը կշարունակեն մեծացնել դրամավարկային քաղաքականության փոխանցման մեխանիզմի արդյունավետությունը։ Աշխատակազմը ողջունում է ՀՀ ԿԲ շարունակական հանձնառությունը ճկուն փոխարժեքի ռեժիմին, ինչը շատ լավ է ծառայել Հայաստանին հաջորդական արտաքին ցնցումների պայմաններում և պահուստների առողջ բուֆերների պահպանմանը։

Ռիսկերի շրջահայաց կառավարման և ներգործուն վերահսկողության շնորհիվ բանկային համակարգը լավ կապիտալացված է և իրացվելի։ Ֆինանսական ոլորտի ռիսկերի շարունակական մոնիթորինգը և մակրոպրուդենցիալ գործիքների կատարելագործումը կօգնեն նվազեցնել բնակարանների գների և հիփոթեքային վարկավորման արագ աճին առնչվող ռիսկերը։ Աշխատակազմը ողջունում է ՀՀ ԿԲ-ի՝ ռիսկերի վրա հիմնված բանկային վերհսկողության ամրապնդման և բանկերի կողմից իրենց ռիսկերի կառավարման կարողության զարգացումը խրախուսելու, ինչպես նաև բանկերի վերակառուցման կատարելագործված համակարգ մշակելու ծրագրերը։

Կառավարության կառուցվածքային բարեփոխումների օրակարգը պատշաճ կերպով կենտրոնանում է բիզնես միջավայրի բարելավման, արտադրողականության բարձրացման, գործազրկության և աղքատության կրճատման և կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության հրատապ մարտահրավերների դիմագրավման վրա։ Նշված նպատակների իրագործման համար պահանջվում է ավելի ամուր առևտրային կապերի ստեղծում, հաղորդակցությունների օժանդակման համար ենթակառուցվածքների կառուցում, տրանսպորտի, հողի և ջրի կառավարման բարելավում և կանաչ էներգիայի արտադրության խթանում, ֆինանսական ծառայությունների հասանելիության և աշխատուժի մասնակցության խրախուսում, կառավարման բարեփոխումների ավարտում և ոչ ֆորմալության կրճատում։ Թվայնացման հավակնոտ ջանքերով անհրաժեշտ է առաջնորդել պետական կառավարման բարեփոխումները և բարելավել հանրային ծառայությունների որակն ու մատուցումը։

ԱՄՀ թիմը շնորհակալություն է հայտնում ՀՀ իշխանություններին, մասնավոր հատվածին և զարգացման գործընկերներին՝ արգասաբեր քննարկումների և համագործակցության համար»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter