HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն Ուկրաինային 400 միլիոն դոլարի լրացուցիչ ռազմական օգնություն կտրամադրի

ԱՄՆ-ն շարունակում է «անսասան աջակցություն» ցուցաբերել Կիևին և կշարունակի այդ երկիր սպառազինության մատակարարումը։ Այդ մասին Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, որը չհայտարարված այցով է գտնվում Ուկրաինայի մայրաքաղաքում։ Սալիվանի հայտարարությունը հրապարակվել է Սպիտակ տան պաշտոնական կայք էջում։

Զելենսկուց բացի, Ջո Բայդենի խորհրդականը հանդիպել է նաև Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի և պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։ Ամերիկացի պաշտոնյան վստահեցրել էր, որ ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ուկրաինացիների ինքնապաշտպանության իրավունքին, ինչպես նաև հայտարարել ընդհանուր 400 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի հատկացման մասին։

Փաթեթը ներառում է Չեխիայից 45 արդիականացված T-72 տանկերի մատակարարումներ, որոնց համար վճարում է Միացյալ Նահանգները։ Այդ նախաձեռնությունն իրականացվում է Նիդերլանդների հետ միասին։ Նրանք կվճարեն նաև ևս 45 նման տանկերի համար։

Օգնությունը ներառում է նաև Կիևին 50 հատ M1117 զրահափոխադրիչների, 40 զրահանավակների, Phoenix Ghost տեսակի 1100 անօդաչուների և ամերիկյան MIM-23 HAWK զենիթահրթիռային համալիրների տրամադրումը։ Միջոցների մի մասը կուղղվի Գերմանիայում շտաբի ձևավորմանը, որը համակարգում է Կիևին ռազմական օգնության հատկացումը, այդ թվում անձնակազմի պատրաստմանը։ Ձմռանը ԵՄ-ն նախատեսում է վերապատրաստել ուկրաինացի մինչև 15 հազար զինվորականների։

Բացի այդ, ԱՄՆ-ն կշարունակի Ուկրաինային հատկացնել մարդասիրական օգնություն և ջանքեր կներդնի, որպեսզի Ռուսաստանին պատասխանատվության ենթարկի միջազգային իրավունքի առջև։

Պատերազմի հենց սկզբից Ուկրաինան Արևմուտքի երկրներին բազմիցս խնդրել է իրեն տրամադրել ՀՕՊ համակարգեր։ Հոկտեմբերին դա խիստ անհրաժեշտ դարձավ, քանի որ ռուսական զորքերն սկսեցին պարբերաբար զանգվածային հարվածներ հասցնել քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում անօդաչուների կիրառմամբ։

Ուկրաինայի վրա այդպիսի հարձակումների վերաբերյալ առաջին լուրերից հետո Գերմանիայից Ուկրաինա մատակարարվեց IRIS-T SLM ՀՕՊ համակարգ, որի արժեքը կազմում է 140 միլիոն եվրո։ Ընդհանուր առմամբ, Կիևն ստացել է չորս այդպիսի համակարգեր։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը նշել էր, որ Ուկրաինային ՀՕՊ համակարգերի տրամադրումը պետք է առաջնահերթություն լինի ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար։

Այդպիսի խնդրանքով ուկրաինական իշխանությունները դիմել էին նաև Իսրայելին, որն ունի աշխարհի ամենահայտնի ՀՕՊ համակարգերից մեկը՝ «Երկաթե գմբեթը»։ Սակայն այդ երկրի պաշտպանության նախարար Բենի Գանցը բացառել էր այդպիսի մատակարարումները՝ խոստանալով, որ դրա փոխարեն Իսրայելը կշարունակի Ուկրաինային հատկացնել օգնության այլ տեսակներ։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter