
Երկու տարի անց, նույն սցենարով ու նույն վայրում սպանվում է 21-ամյա Մարի Դավթյանը
2009 թ.-ի հունիսի 12-ին` ժամը 20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Սավոյան փողոցի թիվ 225/001 տնակից 25 մետր հեռավորության վրա գտնվող հողաթմբի մոտ Հարություն Գեւորգյանը, Անատոլի Բարիչենկովը, Գեւորգ Գեւորգյանը, Սարգիս Թադեւոսյանը նախ դաժանաբար ծեծել էին Սաշիկ Խանաեւի Հակոբյանին, այնուհետեւ տեղափոխելով «Պոլիտեխնիկ» ուսումնարանի պատի տակ, այրել:
Նմանատիպ գործողությունների առիթը հանդիսացել էր Սաշիկ Հակոբյանի կողմից Անատոլի Բարիչենկովի կնոջը՝ Ալվարդ Թադեւոսյանին վիրավորանք հասցնելու, առանց վերջինիս ցանկության սեռական հարաբերություն ունենալու առաջարկը:
Այդ արարքի համար Ալվարդի եղբայր Սարգիս Թադեւոսյանն ու նախկին ամուսին Անատոլի Բարիչենկովը դատապարտվեցին ազատազրկման 12 տարի ժամկետով: Հարություն Գեւորգյանն, ով Ալվարդի սկեսրայրն էր, դատապարտվեց ազատազրկման 2 տարի, իսկ ամուսնու ընկերը` Գեւորգ Գեւորգյանը, 10 տարի ժամկետով:
Սպանության դեպքից մեկ ամիս անց Ալվարդը հասցրել էր «բաժանվել» ամուսնուց` Անատոլիից եւ կրկին ամուսնացել, այս անգամ Հայկ Տիգրանյանի հետ, ում ուղեկցությամբ էլ գալիս էր 2009 թ.-ի նոյեմբեր ամսին Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում ընթացող դատական նիստերին:
Գրեթե երկու տարի անց՝ 2012 թ.-ի հունվարի 17-ին, նույն Ալվարդի պատճառով կատարվում է երկրորդ սպանությունը: Այս անգամ դիտավորյալ սպանության մեղադրանք է առաջադրվում նրա հորը` Գեւորգ Թադեւոսյանին: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Գյումրի քաղաքի բնակիչ, 21-ամյա Մարի Դավթյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ նախ բռունցքով հարվածել է դեմքին, որից աղջիկը ուշաթափվել է:
Հետո ուշագնաց մարմինը Գեւորգ Թադեւոսյանը տեղափոխել է կիսաքանդ շենքի նկուղ, ձեռքերն ու ոտքերը կապկպել կպչուն ժապավենով, պարանոցին փաթաթել սավանի կտոր, գլխին պոլիէթիլենային տոպրակ հագցրել, ծածկել է լաթի կտորներով ու գնացել` հետագայում վերադառնալու եւ դիակը այրելու նպատակով: Հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով Գ. Թադեւոսյանը, վերադառնալով դեպքի վայր, իր հետ բերած դյուրավառ հեղուկը լցրել է Մ. Դավթյանի դիակի վրա ու հրկիզել:
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում մայիսի 30-ին կայացավ այս գործով առաջին դատական նիստը: Դատավոր Էդվարդ Մանուկյանը կողմերի առաջարկով նախ որոշեց լսել վկաներին, հետո տուժողի իրավահաջորդին, այնուհետեւ ամբաստանյալի ցուցմունքները: Վկաներից առաջինը դահլիճ հրավիրվեց սպանվածի անչափահաս քույրը` 1998 թ.-ին ծնված Գոհար Հովհաննիսյանը: Վերջինիս հարցաքննությունն ընթացավ մանկավարժ Ծաղիկ Մելիքյանի ներկայությամբ:
Գոհարի ու Մարիի բիոլոգիական հայրերը տարբեր են: Երկուսն էլ մահացած են, եւ աղջիկները ապրել են մոր հետ մինչեւ 2011 թ.-ը: Գոհարի պատմելով՝ ոչ մայրը, ոչ քույրը չեն աշխատել, ապրել են ստացած թոշակի ու նպաստի գումարներով: Մեկ տարի առաջ մայրը մահացել է, եւ իրենք տեղափոխվել են ապրելու Սավոյան փողոցում գտնվող տնակում: Ինքը սովորել է թիվ 3 գիշերօթիկ դպրոցում, քույրը զբաղվել է մարմնավաճառությամբ: 1990 թ.-ին ծնված Մարի Դավթյանը մանկահասակ դուստր ուներ, ում լույս աշխարհ էր բերել 2011 թ.-ի փետրվարի 24-ին: Գոհարի պատմելով՝ քույրը մարմնավաճառությամբ զբաղվել է մոր մահից հետո` իրենց կերակրելու նպատակով:
Գոհարն ասաց նաեւ, որ ճանաչում է Ալվարդին եւ նրա հորը` ամբաստանյալ Գեւորգ Թադեւոսյանին: Ալվարդն ու քույրը միասին սովորել են նույն դպրոցում, սակայն մտերմություն սկսել են անել դեպքից մի քանի ամիս առաջ միայն: Գոհարի պնդմամբ՝ իր քույրը չէր կարող Ալվարդին ներգրավել մարմնավաճառության մեջ, քանի որ վերջինս արդեն 4 տարի դրանով է զբաղվում ու այդ մասին իրեն պատմել էր Մարին:
Դեպքի օրը Գոհարը տանը չի եղել, քանի որ մինչ այդ մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետի միջնորդությամբ արդեն տեղափոխվել էր ապրելու «Տիրամայր Հայաստանի» երեխաների գիշերային խնամքի կենտրոնում: Հենց այնտեղ էլ նախ իմացել է իրենց տնակի հրդեհվելու, իսկ դրանից մի քանի օր անց՝ նաեւ քրոջ սպանության լուրը: Գոհարը պատմեց, որ երբ Մարին որոշել է մի 10 օրով իրենց տանը հյուրընկալել ծնողների հետ ընդհարված Ալվարդին, վիճել է քրոջ հետ, չի ցանկացել, որպեսզի Ալվարդն ապրի իրենց հետ, հատկապես, երբ Գեւորգ Թադեւոսյանն աղջկա հետեւից եկել է իրենց տուն, հայհոյել ու սպառնացել:
Հաջորդ վկան` Մանուշակ Գրիգորյանը, սպանվածի հարեւանուհին էր, ով ներկա է եղել նաեւ դիակի ճանաչմանը: Տիկին Մանուշակը չափազանց հուզված էր եւ հայտնեց, որ մինչեւ օրս հիշում է այդ սահմռկեցուցիչ տեսարանը` Մարիի այրված դին: Մանուշակը պատմեց, որ ինքը սպանվածին ճանաչել է, որպես Հեղինե: Դեպքից 2-3 տարի առաջ որոշել է Փանիկում բնակվող քրոջ որդուն, ով ինչ-որ մտավոր խնդիրներ է ունեցել, ամուսնացնել Մարիի (Հեղինե) հետ: Սակայն աղջիկն ընդամենը 10 օր է հարսնություն արել եւ, լքելով ամուսնուն, վերադարձել է Գյումրի` պատճառաբանելով, թե չի ուզում գյուղում ապրել:
Մանուշակի պատմելով` թեպետ իրենք հարեւաններ են եղել, բայց ինքը տեղյակ չէ, թե ումից է Մարին երեխա ունեցել; Տնակի հրդեհվելուց հետո Մարին երեխայի հետ մի քանի օր իրենց տանն է ապրել: Դեպքի օրը աղջիկն ասել է, որ պիտի անպայման դուրս գա տանից գործերով` գումար եւ մեկ էլ «Փարոսի» գրքույկի համար պահանջվող թղթեր պիտի վերցնի ինչ-որ մեկից, նաեւ ցանկացել է երեխայի համար տակդիր գնել: Հունվարի 17-ին, երեխային թողնելով իրենց խնամքին, Մարին դուրս է եկել ու այլեւս չի վերադարձել: Մանուշակն ու ամուսինը` Հովհաննեսը 2-3 օր սպասել են, այնուհետեւ դիմել են թաղի տեսուչին՝ հայտնելով, որ Մարին անհետացել է, իսկ 11 ամսական երեխան իրենց մոտ է: Երեխային ոստիկաններին հանձնելու հաջորդ օրը իմացել են Մարիի հետ կատարվածի մասին:
Գրեթե նույնաբովանդակ ցումունք տվեց նաեւ Մանուշակի ամուսինը` Հովհաննես Կարապետյանը: Վերջինս նշեց, որ իրենք լավ հարեւաններ են եղել, այն աստիճան, որ շատ ժամանակ քույրերն իր կնոջը դիմել են «մորքուր»-ով: Ամբաստանյալ Գեւորգ Թադեւոսյանին վկան շատ լավ էր ճանաչում, ինչպես նաեւ նրա աղջկան` Ալվարդին, սակայն որեւէ բացասական բան ասել չցանկացավ: Դրա փոխարեն, երբ դատարանը հնարավորություն ընձեռեց ամբաստանյալին հարց ուղղելու վկային, վերջինս հայտարարեց, որ Մարիին սպանել է ոչ թե ինքը, այլ Հովհաննեսը: «Էդ մասին քրոջս պատմել է Մանուշակը՝ Օնիկի կինը, քուրս էլ ընձի է ըսել»,- պնդեց Գեւորգ Թադեւոսյանը:
Վկաներից Ալվարդ Թադեւոսյանը հրաժարվեց ցուցմունք տալուց` հայտարարելով, որ չի ցանկանում հոր դեմ որեւէ բան ասել: Միայն հաստատեց իր ու Մարիի դպրոցական ընկերուհիներ լինելու, ինչպես նաեւ վերջին շրջանում ունեցած մտերմության փաստը: Ժխտեց, որ երբեւէ մարմնավաճառությամբ է զբաղվել, թեպետ Շիրակի մարզի քննչական բաժնի հատուկ կարեւորագույն գործերով ավագ քննիչ, սույն գործով քննչական խմբի ղեկավար Գեւորգ Աղաբաբյանի տվյալներով՝ Ալվարդը մարմնավաճառությամբ զբաղվել է դեռ անչափահաս տարիքից: Մարին Ալվարդին ոչ թե փորձել է ներգրավել մարմնավաճառության մեջ, այլ նա արդեն ներգրավված է եղել: Քննչական բաժնում կան մի քանի գործեր հիմնավորված փաստերով, որ Մարին ու Ալվարդը միասին են գնացել մարմնավաճառության:
1961 թ.-ին ծնված ամբաստանյալ Գեւորգ Թադեւոսյանը հարցաքննությունից րոպեներ անց հուզվեց ու խնդրեց նիստը հետաձգել: Մինչեւ հուզվելն ամբաստանյալը հասցրեց ասել, որ ունի երկու զավակ, եւ որ տղան սպանության համար դատապարտվել է 12 տարի ազատազրկման: Ինքը մշտապես դեմ է եղել իր աղջկա ու Մարիի մտերմությանը, քանի որ կասկածել է, թե վերջինս Ալվարդին դրդում է մարմնավաճառության: Դեպքի օրը որոշել է լրջորեն խոսել Մարիի հետ, սակայն հետո չի կարողացել բարկությունը զսպել ու բռունցքով հարվածել է աղջկա ծնոտին, երբ վերջինս հայտարարել է, որ Ալվարդին 2000 դրամով տանում է մարմնավաճառությամբ զբաղվելու: Տեսնելով, որ Մարին ուշագնաց է եղել՝ ինքը մարմինը տեղափոխել է կիսաքանդ շենքի նկուղ, բայց թե ինչու, ինքն էլ չգիտի: «Ինչու՞ տարաք»,- փորձեց ճշտել դատավորը: «Չիդեմ՝ ինչի տարա, այսինքն՝ լավ էլ գիտեմ, բայց կխնդրեմ դատը հետաձգեք, չեմ կրնա խոսի»,- խնդրեց ամբաստանյալը: Դատավորը բավարարեց միջնորդությունը:
Մեկնաբանել