
Շիրազում ահաբեկչության հեղինակը Ադրբեջանի քաղաքացի է
Իրանի Շիրազ քաղաքի Շահ Չերահ դամբարանում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչը Ադրբեջանի քաղաքացի է։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի հետախուզության նախարարությունը։
«Երկրի ներսում ահաբեկչական խմբավորման գործողությունների կազմակերպիչը և համակարգողը եղել է Ադրբեջանի քաղաքացի, որը Թեհրան ժամանելով՝ անմիջապես կապ է հաստատել Աֆղանստանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչների հետ և նրանց տեղեկացրել, որ Իրանում է։ Մզկիթում ահաբեկչությունը կազմակերպած խմբի կազմում եղել են նաև Աֆղանստանի և Տաջիկստանի քաղաքացիներ»,- իրանական գերատեսչության հայտարարությունը մեջբերում է TASNIM գործակալությունը։
Հետախուզության նախարարության տվյալներով՝ Շահ Չերահ դամբարանի վրա հարձակման կազմակերպման կասկածով ձերբակալվել է 26 մարդ։ Նրանց թվում Ադրբեջանի, Տաջիկստանի և Աֆղանստանի քաղաքացիներ են։
Հոկտեմբերի 30-ին Իրանի մեջլիսի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը Իսրայելին մեղադրել էր Շիրազի ահաբեկչության կազմակերպման մեջ։ Հոկտեմբերի 28-ին Թեհրանում ուրբաթօրյա աղոթքների իմամի պարտականությունները ժամանակավոր կատարողն էլ իր հերթին հայտարարել էր, որ դամբարանի վրա հարձակման մեջ մեղավոր է Միացյալ Նահանգները։ Նա խոստացել էր, որ «Իսլամական հանրապետությունը վրեժ կլուծի Վաշինգտոնից արյունահեղության համար»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին տեղեկատվություն էր տարածվել, որ երեք անհայտ անձինք կրակահերթ էին բացել Իրանի Ֆարս նահանգի Շիրազ քաղաքի Շահ Չերահ դամբարանում։ Ավելի ուշ, տեղեկատվություն տարածվեց վիրավորների և հարձակում գործած անձանցից մեկի ձերբակալության մասին։ Վերջինս տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ և մահացել էր։ Համաձայն վերջին տվյալների՝ հարձակման հետեւանքով զոհվել է 15 մարդ, 27-ը՝ վիրավորվել։
Լուսանկարը՝ AFP 2022 / ISNA NEWS AGENCY
Մեկնաբանել