
Իրանում ցույցերի ժամանակ 304 մարդ է զոհվել
Իրանում այս տարվա սեպտեմբեր ամսից սկսված ցույցերի ընթացքում ոստիկանների հետ բախումներում զոհվել է առնվազն 304 մարդ։ Այդ մասին հայտնում է Iran Human Rights իրավապաշտպան կազմակերպությունը։ Վերջինի տվյալներով՝ զոհերի թվում կա 41 երեխա և 24 կին։
Նախորդ ուրբաթ օրը՝ նոյեմբերի 3-ին Սիստան և Բելուջիստան պրովինցիայի Խաշ շրջանում ուժայինները գնդակահարել էին առնվազն 16 մարդու։ Այդ իրադարձությունը Iran Human Rights-ը անվանում է «Հերթական արյունալի ուրբաթ»։
Ամենամեծ թվով զոհերը գրանցվել են հենց այս պրովինցիայում։ Իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ Սիստան և Բելուջիստանում զոհվել է 118 մարդ։ «Ամենաարյունալի օրերը» եղել են սեպտեմբերի 21-ը, 22-ը և 30-ը։
Իրավապաշտպանները պնդում են, որ ձերբակալված ցուցարարներին մեղադրում են «Աստծո դեմ թշնամանքի» և «երկրի վրա մեղքերի տարածման» մեջ, որի համար մահապատիժ է սահմանված։
Սոցիալական ցանցերում գրում են, որ երիտասարդ իրանցիները, ի նշան բողոքի, սկսել են մոլլաների գլխից գցել թյուրբանները։
Իրանում բողոքի ցույցերը սկսվեցին սեպտեմբերին՝ 22-ամյա Մահսա Ամինի մահվան հետևանքով։ Երիտասարդ աղջկա մահվանից մի քանի օր առաջ նրան ձերբակալել էր «բարոյականության ոստիկանությունը»՝ զգեստի սահմանված կարգի խախտման համար։ Ականատեսները հայտնել էին, որ երիտասարդ աղջկան դաժանորեն ծեծել են ոստիկանական ավտոմեքենայում։ Մի քանի ժամ անց նա հոսպիտալացվել էր, իսկ ավելի ուշ՝ մահացել հիվանդանոցում։ Հոկտեմբերի 17-ի դրությամբ՝ ևս 215 մարդ, ներառյալ 27 երեխա, զոհվել է ուժայինների հետ բախումների հետևանքով։
Հոկտեմբերի կեսերին ուժայինները ծեծելով սպանել էին 16-ամյա դպրոցական Ասրա Փանահիին, որը հրաժարվել էր գործող վարչակարգին գովերգող երգ կատարել։ Իրանի ուսուցիչների արհմիության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 13-ին ուժայինները մտել էին Արդեբիլ քաղաքի կանանց դպրոցներից մեկը և աշակերտուհիներից պահանջել Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլահ Ալի Խամենեիինգովերգող երգ կատարել։
Հրաժարմանն ի պատասխան՝ աղջիկներին ծեծել էին, նրանց մի մասը հոսպիտալացվել էր։ Աշակերտուհիներից մեկը՝ Ասրա Փանահին մահացել էր հիվանդանոցում։
Լուսանկարը՝ SAFIN HAMED/AFP/GI
Մեկնաբանել