Հետքերը թաքցնել չի հաջողվել. սպանությունը բացահայտվել է
Հունիսի 13-ին Գյումրի քաղաքի «Պոլիտեխնիկում» ուսումնարանի պատի տակ հայտնաբերվել էր կիսաայրված տղամարդու դիակ՝ բռնի մահվան հետքերով, ինչի առթիվ Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ «Դիտավորյալ սպանություն» հոդվածով:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ հայտնաբերված դիակը հանդիսանում է Գյումրի քաղաքի Բաշինջաղյան 10 տան բնակիչ Ս. Հակոբյանը, ում սպանության նախորդ օրը Գյումրի քաղաքի Սավոյան փողոցում ծեծի էին ենթարկել Հ. Գեւորգյանը, Ա Բարիչենկովը, Գ. Գեւորգյանը, Ս. Թադեւոսյանը՝ Բարիչենկոյի կնոջը՝ Ա. Թադեւոսյանին, վիրավորելու եւ սեռական հարաբերություն ունենալու առաջարկություն անելու համար:
Հ. Գեւորգյանը, Ա Բարիչենկովը, Գ. Գեւորգյանը, Ս. Թադեւոսյանը բռունցքներով հարվածներ են հասցրել Ս. Հակոբյանի մարմնի տարբեր մասերին: Ա. Բարիչենկովի բռունցքի հերթական հարվածից Ս. Հակոբյանը վայր է ընկել, որից հետո Հ. Գեւորգյանը, Ա Բարիչենկովը, Գ. Գեւորգյանը, Ս. Թադեւոսյանը ոտքերով հարվածներ են հասցրել տուժողի կրծքավանդակին եւ մարմնի մյուս մասերին:
Դրանից հետո Հ. Գեւորգյանը դեպքի վայրից հեռացել է, իսկ Ա. Բարիչենկովը, Գ. Գեւորգյանը եւ Ս. Թադեւոսյանը շարունակել են ոտքերով հարվածներ հասցնել Ս. Հակոբյանի մարմնի տարբեր մասերին, որի ընթացքում վերջինս կորցրել է գիտակցությունը:
Կարծելով, որ նա մահացել է՝ Ա. Բարիչենկովը տնակից սավան է բերել եւ կապելով Ս. Հակոբյանի ձեռքերն ու ոտքերը՝ մարմինը տեղավորել են անկողնու ծածկոցի մեջ, տեղափոխել Գյումրի քաղաքի նախկին «Պոլիտեխնիկական ինստիտուտի» կիսաքանդ շենք ու հեռացել:
Մոտավորապես 5 ժամ անց Ա. Բարիչենկովը զանգահարել եւ կանչել է Ս. Թադեւոսյանին, Գ. Գեւորգյանին եւ միասին Ս. Հակոբյանին տեղափոխել են Գյումրու «Պոլիտեխնիկում» ուսումնարանի պատի տակ եւ հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով Ա. Բարիչենկովի կողմից նախապես բերված հեղուկ վառելանյութը լցրել Ս. Հակոբյանի վրա ու այրել:
«Ձեռք բերված ապացույցների հիման վրա հունիսի 22-ին Ա. Բարիչենկովին, Ս. Թադեւոսյանին եւ Գ. Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից), իսկ Հ. Գեւորգյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանության վնաս պատճառելը՝ մի խումբ անձանց կողմից):
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը»,- հաղորդում է գլխավոր դատախազության մամլո ծառայությունը:
Մեկնաբանել