
Դատավոր Աննա Փիլոսյանն առաջարկում է գումարի բռնագանձման պահանջներով հայցերը դատաքննության առարկա չդարձնել
Այսօր Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում` դատարանների գերծանրաբեռնվածության և դատական գործը ողջամիտ ժամկետում քննելու վերաբերյալ քննարկում է կազմակերպվել:
Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ասաց, որ խնդիրները շատ են, հետևաբար քննարկման նպատակը նաև լուծումներ առաջարկելն է:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանն ասաց, որ դատական համակարգի առաջ ծառացած խնդիրներից մեկն էլ այն է, որ երկար ժամանակ այդ մասին կառույցներում լռել են, չեն բարձրաձայնել:
Դատավորը խոսեց դատարանների գերծանրաբեռնվածության մասին: Նշեց, որ այսօր դատավորի գործառույթների մեջ է մտնում նաև կատարողական թերթերի տրամադրումը` այդ թվում արբիտրաժային դատարանների կողմից տրամադրած վճիռների համար:
Դատավորը նշեց, որ որևէ ողջամիտ պատճառ չի կարող նշել, թե ինչու է կատարողական թերթերի գործառույթը վերապահվել դատավորներին: Ասաց, որ կատարողական թերթի տրամադրումը զուտ տեխնիկական աշխատանք է, որը տանում է դատավորի ժամանակի գերակշիռ մասը:
Աննա Փիլոսյանն առաջարկեց հարկադիր կատարման ներկայացնել օրինական ուժի մեջ մտած վճիռները` կատարողական թերթերի տրամադրումը հանելով դատարաններին վերապահված գործառույթներից: Նույնը վերաբերում է արբիտրաժային դատարանների կողմից կայացված վճիռների և որոշումների վերաբերյալ կատարողական թերթերին:
Հաջորդը գումարի բռնագանձման պահանջներն են: Աննա Փիլոսյանի դիտարկմամբ` դատարանների ծանրաբեռնվածության 80%-ը բաժին է հասնում հենց այս պահանջներին: Ընդ որում` միջինացված տվյալներով գումարի բռնագանձման գումարի չափը կազմում է մինչև 500 հազար դրամ:
«80%-ից 50%-ը 500 հազար դրամը չգերազանցող գումարային պահանջներն են»,-ասում է Աննա Փիլոսյանը:
Դատավորի խոսքերով` այդ մասով բազմաթիվ քննարկումներ են իրականացվել, առաջարկվել են միջանկյալ լուծումներ: Այդ միջանկյալ լուծումներից մեկն էլ եղել է էլեկտրոնային արդարադատության ներդրումը: Սակայն դատավոր Փիլոսյանի խոսքերով՝ այդ դեպքում դատավորի աշխատաժամանակը չի կրճատվելու, թեև չբացառեց, որ գուցե կրճատվի աշխատակազմի կողմից իրականացվող փաստաթղթաշրջանառությունը:
Աննա Փիլոսյանն առաջարկեց գումարի բռնագանձման պահանջներով հայցերը դատական քննության առարկա չդարձնել և դրանց լուծումը հանձնել նոտարներին: Փիլոսյանը նշեց, որ դատարանի միջոցով այդ պահանջները քննության առարկա դարձնելու համար պետությունն անհամաչափ միջոցներ է ծախսում:
«Խիստ պայմանական 20 000 դրամ հայցագնի գործով արդարադատություն իրականացնելու վրա պետությունը նվազագույնը ծախսում է 60-70 հազար դրամ»,-ասում է Ա. Փիլոսյանը:
Ինչ վերաբերում է դատավորների թվաքանակին, ապա Փիլոսյանի դիտարկմամբ՝ այսօր պետությունը պատրաստ չէ դատավորների թվի այնպիսի ավելացման, որը կթեթևացնի ընդհանուր բեռը և իրավիճակին լուծում կտա:
Աննա Փիլոսյանն ասում է` ավելացման ցանկալի թվաքանակը այսօր գործող դատավորների թվի կրկնակին է: Օրինակ՝ Երևան քաղաքում քաղաքացիական ուղղվածության 30 դատավոր է գործում, առնվազն 30 դատավոր էլ պետք է, որ դատավորներն այլևս չխոսեն գերծանրաբեռնվածության մասին: Բացի այդ, այսօրվա շենքային պայմանները ևս բավարար չեն և հնարավոր չէ այդքան դատավորի տեղավորել:
Լուսանկարը` «Փաստինֆո»-ի
Մեկնաբանել