HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թրամփն ազդարարել է նոյեմբերի 15-ին կարևոր հայտարարություն անելու մասին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է նոյեմբերին 15-ին Ֆլորիդա նահանգում իրեն պատկանող Մար ա Լագո ամառանոցում հանդես գալ կարևոր հայտարարությամբ։ Այդ մասին նա հայտարարել է Օհայո նահանգում իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ, որը հեռարձակվում էր C-SPAN հեռուստաընկերությամբ։

Նոյեմբերի 8-ի միջանկյալ ընտրությունները, որի արդյունքներով հնարավոր է Հանրապետական կուսակցությունն ստանա ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում մեծամասնությունը, Թրամփի խոսքով, կարող է լինել «երկրի համար փրկություն»։ «Նոյեմբերի 15-ին ես շատ կարևոր հայտարարություն կանեմ Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքի Մար ա Լագոյում»,- ասել է ԱՄՆ 45-րդ նախագահը։ 

Ավելի վաղ, CNN-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Օհայոյի հանդիպման ժամանակ Թրամփը կարող է հայտարարել 2024 թվականի նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին։ Հանրապետական նախկին նախագահը իր ելույթում ընդգծել էր, որ չի ցանկանում ուշադրությունը շեղել միջանկյալ ընտրություններից, որոնք տեղի են ունենալու նոյեմբերի 8-ին։ Ավելի վաղ ակնկալվում էր, որ Թրամփը Սպիտակ տան ղեկավարի պաշտոնի համար պայքարին մասնակցելու իր պլանների մասին կհայտարարի միջանկյալ ընտրություններից հետո։ Ամերիկյան լրատվամիջոցների որոշ աղբյուրներ որպես հայտարարման ամսաթիվ նշում էին նոյեմբերի 14-ը։

Հոկտեմբերի 22-ին Տեխաս նահանգում տեղի ունեցած հավաքի ժամանակ Թրամփն ակնարկել էր հաջորդ ընտրություններին մասնակցելու իր պատրաստակամության մասին։ Այդ ժամանակ նա ասել էր, որ պատրաստ է դրան գնալ, որպեսզի ԱՄՆ-ն «կրկին դառնա հաջողակ, անվտանգ և մեծ»։ Սեպտեմբերի սկզբին էլ Թրամփի նախկին օգնական և փեսա Ջարեդ Քուշները Sky News հեռուստաընկերությանը հայտնել էր, որ 76-ամյա նախկին նախագահը կարող է կրկին պայքարել Սպիտակ տան համար։

ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունները տեղի են ունենում այսօր։ Կընտրվեն Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները, ինչպես նաև Սենատի մեկ երրորդը։ Համաձայն որոշ կանխատեսումների՝ հանրապետականները կարող են մեծացնել իրենց ներկայացվածությունը օրենսդիր մարմնի երկու պալատներում էլ, ինչը նրանց կարող է հնարավորություն տալ խոչընդոտելու դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի առաջարկությունների իրագործմանը։

Լուսանկարը՝ CNN-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter