HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ջեյհուն Բայրամով. «Վերահաստատել եմ Ադրբեջանի հանձնառությունն ու պատրաստակամությունը խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը»

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թվիթերյան գրառում է արել, որտեղ անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպմանը։

«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ Վաշինգտոնում հանդիպում եմ ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ես վերահաստատել եմ Ադրբեջանի հանձնառությունն ու պատրաստակամությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման համար և կոչ եմ արել զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են խարխլել գործընթացը»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7֊ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում էին ունեցել ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում։ Նախարարները հյուրընկալվել էին Բլեր Հաուսում, որտեղ տեղի է ունեցել նաև համատեղ հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ 

ՀՀ ԱԳՆ հայտարարության համաձայն՝ արտգործնախարարները մտքեր էին փոխանակել հավանական խաղաղության պայմանագրի տարրերի վերաբերյալ և արձանագրել, որ առկա են մի շարք խնդիրներ, որոնք դեռևս հասցեագրման կարիք ունեն։ «Երկու կողմերը վերահաստատել են հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպումներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստանձնած հանձնառությունները»,- ասվում էր հաղորդագրության մեջ։

Վերջին անգամ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը հանդիպել էին հոկտեմբերի 14-ին Աստանայում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ եռակողմ հանդիպման ժամանակ։ Ըստ ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության՝ կողմերը քննարկել էին եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը, անդրադարձ կատարել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների շրջանակներում տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Այս հանդիպման ժամանակ ակնկալվում է, որ կողմերը դարձյալ կքննարկեն հայ-ադրբեջանական հնարավոր խաղաղության պայմանագրի դրույթները։

Լուսանկարը՝ Բայրամովի թվիթերյան միկրոբլոգից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter