HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հետքերը թաքցնելու նպատակով դիակը այրել են

2009 թ.-ի հունիսի 12-ին ժամը 20-ի սահմաններում Գյումրի քաղաքի Սավոյան փողոցի  թիվ 225/001 տնակից 25 մետր հեռավորության  վրա գտնվող հողաթմբի մոտ Հարություն Գեւորգյանը, Անատոլի Բարիչենկովը, Գեւորգ Գեւորգյանը, Սարգիս Թադեւոսյանը դաժանաբար ծեծել են Սաշիկ Հակոբյանին, այնուհետեւ տեղափոխելով «Պոլիտեխնիկ» ուսումնարանի պատի տակ` այրել: Նմանատիպ գործողությունների առիթ է հանդիսացել Սաշիկ Հակոբյանի կողմից Անատոլի Բարիչենկովի կնոջը` Ալվարդ Թադեւոսյանին վիրավորանք հասցնելու, առանց վերջինիս ցանկության սեռական հարաբերություն ունենալու առաջարկը:

Նոյեմբերի 16-ին եւ 17-ին, Շիրակի մարզի Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ Էդվարդ Մանուկյանի, քրեական գործի քննության ընթացքում ցուցմունքեր տվեցին գործով ամբաստանյալները, տուժողի իրավահաջորդը եւ վկաները: «Հնարավոր է, որ դիակը որոշի, որ հերիք է պառկած մնա, վերցնի ու իրեն տեղափոխի մեկ այլ վայր, հետո էլ հուսահատությունից վրան բենզին լցնի ու այրի»,- անհեթեթ ժխտումներից հոգնած` ամբաստանյալ Ա. Բարիչենկովին հարց ուղղեց դատավոր Էդվարդ Մանուկյանը:

«Չգիտեմ»,- ուսերը թոթվեց Ա. Բարիչենկովը: «Այդ դեպքում բացատրեք խնդրեմ, ամբաստանյալ, եթե ձեր ասելով Սաշիկ Հակոբյանը մահացել է ծեծից, դուք էլ թողել գնացել եք, ինչպես որ պնդում եք, ապա ով կամ ովքեր որոշեցին սավանով կապել նրա ոտքերն ու ձեռքերը, տարան թաքցրեցին մի վայրում, այնուհետեւ կեսգիշերին մեկ այլ վայրում այրեցին: Էդ ովքեր էին էդ պարապները»,- կրկին փորձեց պարզաբանում մտցնել դատավորը:

«Չգիտեմ, քաղաքացի դատավոր, խաբարություն չունիմ»,- ասաց ամբաստանյալը: Թեպետ «Անատոլի Բարիչենկովը եւ մյուսներ» քրեական գործով դատակոչված վկաների ցանկում դատաբժշկական փորձաքննություն անցկացրած բժիշկներ Վազգեն Նազարյանը եւ Աշոտ Շախբազյանը չկային, այնուամենայնիվ, որոշ պարզաբանումներ դատարանում ստանալու նպատակով նախագահող դատավոր Էդվարդ Մանուկյանը վերջիններիս հրավիրել  էր դատարան:

Դատաբժիշկ Վազգեն Նազարյանը հաստատեց, որ 2009 թ.-ի հունիսի 15-ին ինքը փորձաքննության է  ենթարկել Սաշիկ Հակոբյանի դիակը: Արտաքին ուսումնասիրությամբ հաստատվել  է, որ դիակը եղել է կապված: Սաշիկ Հակոբյանի 2-րդից 5-րդ ողը կոտրված է եղել դեռեւս կենդանության ժամանակ եւ ծեծի արդյունք է:  Բժիշկը եւս մեկ անգամ պնդեց, որ այրելու պահին Հակոբյանը ողջ է եղել:

Ամբաստանյալներից Գեւոգ Գեւորգյանն ու Սարգիս Թադեւոսյանը բողոք նամակներ էին հղել հանրապետության գլխավոր դատախազին եւ մարդու իրավունքների պաշտպանին: Նախաքննության ընթացքում իրենք ենթարկվել են բռնության, իրենց ծեծել են եւ խոշտանգել, եւ իրենք ցուցմունք են տվել ծեծի ազդեցության տակ, ահա այսպիսի բովանդակություն ունեին այդ նամակները: Ամբաստանյալները ժխտում էին այն փաստը, որ երբեւէ ենթարկվել են զննության զինվորական բժշկի կողմից: Դատարան հրավիրված զինվորական դատաբժիշկ Աշոտ Շախբազյանը նախ ներկայացրեց դատաբժշկական հետազոտության կարգը: Ինքը ստանում է հրավեր, որ պետք է անցկացնի փորձաքննություն: Նախքան Արթիկ քրեակատարողական մեկուսարան մտնելը ստանում է անցաթուղթ, որտեղ նշվում է մուտքի եւ ելքի ժամանակը: Առանց հաստատված արարողակարգն անցնելու ինքը չէր կարող մտնել եւ դուրս գալ մեկուսարան: Հսկիչների մոտ պահպանվում են կտրոնները եւ ցանկության դեպքում դատարանը կարող է պահանջել դրանք եւ համոզվել, որ նշված օրը ինքը եղել է Արթիկ քրեակատարողական հիմնարկում: Աշոտ Շախբազյանը զարմացած էր, թե ինչու են ամբաստանյալները ժխտում փաստը, որ իր կողմից ենթարկվել են դատաբժշկական փորձաքննության:

«Ես 4-ին էլ քննել եմ առանձին-առանձին ամսի 24-ին, վնասվածք, ծեծի հետքեր չեմ տեսել, ոչ էլ բողոքել են, թե իրենց ծեծել են»,- ասաց Աշոտ Շախբազյանը: Զննումից մեկ-երկու ամիս անց Սարգիս Թադեւոսյանն ու Գեւորգ Գեւորգյանը բողոք-նամակ են ուղարկել հանրապետության դատախազին: Դատարանում առերեսման ժամանակ ամբաստանյալ Գեւորգ Գեւորգյանն հայտարարեց, որ «կարողա տեսել է բժշկին, կարողա չի տեսել, չի հիշում»: Անատոլի Բարիչենկովն ու Հարություն Գեւորգյանը, նույնպես ոչ մի կերպ չէին հիշում, տեսել են Աշոտ Շախբազյանին, թե` ոչ, իսկ Սարգիս Թադեւոսյանն ընդհանրապես ժխտեց հետազոտվելու փաստը:

Ամբաստանյալների պնդմամբ, իրենք ծեծվել էին ամսի 18-ին եւ 19-ին, իսկ փորձաքննություն անցկացվել էր 4 օր անց: Դատաբժիշկ Աշոտ Շախբազյանի հավաստմամբ` 4-օրյա վաղեմության հետքերը, եթե դրանք կան մարմնի վրա, անպայման կերեւային, իսկ ինքը ոչ մի արտառոց բան չի արձանագրել մարմինների զննության ժամանակ:

Դեկտեմբերի 11-ին «Անատոլի Բարիչենկով եւ մյուսներ» քրեական գործի դատավարությունը  շարունակվեց վիճաբանության փուլով: Մինչ կողմերի մեղադրական եւ պաշտպանական ճառերի ունկնդրումը, Գեւորգ Գեւորգյանի փաստաբան Աշոտ Հովսեփյանը միջնորդեց դատարանին կրկին հարցաքննել իր պաշտպանյալին: Դատարանը բավարարեց միջնորդությունը: Գեւորգ Գեւորգյանը պատմեց, որ հունիսի 12-ին աշխատանքից տուն վերադառնալիս տեսել է, թե ինչպես են վիճաբանում Անատոլի Բարիչենկովն ու Սաշիկ Հակոբյանը: «Ես իրանց բաժնեցրել, թողել գնացել եմ,- ասաց Գեւորգ Գեւորգյանը,- թե ընձնից հետո էլի կռվել են, ես տեղյակ չեմ: Հետո Անատոլին ինձի կանչել է, որ ես գիշերը «աթանդա» կանգնի»:

Գեւորգ Գեւորգյանը հաստատեց, որ Անատոլի Բարիչենկովն ու Սարգիս Թադեւոսյանը դիակը ակողնու ծածկոցի մեջ փաթաթած տեղափոխել են «Պոլիտեխնիկումի» պատի տակ ու այրել: Թե կոնկրետ ով է վառելանյութը լցրել ու այրել, ինքը չի տեսել, հեռու է կանգնած եղել: Կրակը տեսնելով, ինքը հեռացել է: Քանի որ մութ է եղել չի կարող նաեւ ասել, թե Սաշիկ Հակոբյանը մինչեւ վառելը մահացած է եղել, թե ոչ: Ամբաստանյալ Հարություն Գեւորգյանը, Անատոլի Բարիչենկովի խորթ հայրը, հաստատեց Գեւորգ Գեւորգյանի պատմածի միայն ծեծին վերաբերող հատվածը: «Հա, Գեւորգը հիմնականում կբաժնեցներ,- հաստատեց Հարություն Գեւորգյանը,- իսկ մնացածից ես էլ տեղյակ չեմ, որովհետեւ Սաշիկն որ ընկավ, ես թողեցի գնացի»: Դատավորը հարցաքնության հրավիրեց Անատոլի Բարիչենկովին: «Դուք լսեցիք երկուսի ցուցմունքներն էլ, ավելացնելու բան ունեք»,- հարցրեց դատավոր Էդվարդ Մանուկյանը:

«Սաշիկը մեռած է եղել»,- պնդեց Անատոլի Բարիչենկովը: «Այդ դեպքում ինչի էիք դիակի ձեռքերն ու ոտքերը կապում,- հարցրեց դատավորը` տալով արդեն բազմիցս տրված մի հարց, որին ամբաստանյալներից որեւէ մեկը խելքին մոտ որեւէ բացատրություն չէր տալիս»: «Ես վառելուց խաբար չեմ»,- հայտարարեց Անատոլին: Ամբաստանյալ Սարգիս Թադեւոսյանն ինչպես միշտ հայտարարեց, որ ինքը ոչինչ չի տեսել, ոչ մի բանից տեղյակ չէ, գործի մասին էլ լսել է միայն ոստիկանությունում ոստիկաններից: Ավարտելով ամբաստանյալների կրկնակի հարցաքննությունը` դատարանն անցավ կողմերի վիճաբանության փուլին: Պետական մեղադրող Վաղարշակ Մխիթարյանը ներկայացնելով մեղադրանքն, ամբաստանյալների գործած հանցանքը հիմնավորված համարեց` վկայակոչելով գործով ձեռք բերված ապացույցները: Պետմեղադրողը Անտոլի Բարիչենկովի եւ Սարգիս Թադեւոսյանի համար, որ մեղադրվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, պահանջեց 14 տարվա ազատազրկում,նույն հոդվածով մեղադրվող Գեւորգ Գեւորգյանի համար` 13 տարի, իսկ Հարություն Գեւորգայնի համար, ով մեղադրվում էր 113 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 3 տարի ազատազրկում:

Անատոլի Բարիչենկովի փաստաբան Իլյիչ Հակոբյանը  պաշտպանական ճառում նշեց, որ իր պաշտպանյալը չի ժխտել ծեծի փաստը, սակայն նա չի մասնակցել այրելու պրոցեսին: Իլյիչ Հակոբյանը իր պաշտպանյալի համար պահանջած պատիժը համարեց խիստ եւ խնդրեց դատարանին պատիժ սահմանելիս ավելի մեղմ մոտեցում ցուցաբերել: Սարգիս Թադեւոսյանի փաստաբան Ռուբեն Մուրադյանը միջնորդեց դատարանին կայացնել արադարացման դատավճիռ եւ Սարգիս Թադեւոսյանին ազատել դատարանի դահլիճից: Գեւորգ Գեւորգյանի փաստաբան Աշոտ Հովսեփյանն ասաց, որ դատարանից իր պաշտպանյալի համար ակնկալում է մեղմ պատիժ, հաշվի առնելով այն, որ Գեւորգը տվել է խոստովանական ցուցմունք, որի հիման վրա էլ հնարավոր է եղել բացահայտել դեպքը: Բացի դրանից, դատարանը պետք է պատիժ նշանակելիս հաշվի առնի իր պաշտպանայլի առողջական վիճակը, այն որ Գեւորգը 2-րդ կարգի հաշմանդամ է:

Հարություն Գեւորգյանի փաստաբան Մամիկոն Մուրադյանը համամիտ չէր առաջադրված մեղադրանքին եւ համարում էր որ իր պաշտպանյալին պետք էր մեղադրանք առաջադրել ոչ թե քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այլ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:

Դեկտեմբերի 21-ին դատավոր Էդվարդ Մանուկյանն հրապարակեց դատավճիռը: Նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքը սպանության մասնակիցների նկատմամբ դատարանում ենթարկվեց փոփոխության: Դատարանը, համարելով, որ նախաքննական մարմինը ձեռք բերված ապացույցներին տվել է ոչ ճիշտ իրավական գնահատական, դատավճռով հաստատված համարեց այն, որ Անատոլի Բարիչենկովը, Սարգիս Թադեւոսյանը եւ Գեւորգ Գեւորգյանը, Սաշիկ Հակոբյանին ապօրինի կյանքից զրկելու համատեղ գործողությունների ընթացքում իրենց կամքից անկախ պատճառով չեն կարողացել մինչեւ վերջ իրականացնել եւ տուժողի վիճակը գնահատելով, որպես մահացած, կատարված հանցագործությունը թաքցնելու նպատակով այրել են:

Դատարանը  այս փաստարկների հիմնավորմամբ Ա.Բարիչենկովի, Ս.Թադեւոսյանի եւ Գ. Գեւորգյանի գործողությունները  որակեց խմբի կողմից կատարված սպանության հանցափորձ, իսկ այրելու գործողությունը, որպես անզգուշաբար մահ պատճառել: Մեղադրանքի վերաորակավորման արդյունքում Ա. Բարիչենկովը, Ս. Թադեւոսյանը եւ Գ. Գեւորգյանը դատապարտվեցին ազատազրկման 34-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի եւ 109 հոդվածի 1-ին մասով, առաջին երկուսը 12 տարի ժամկետով, իսկ Գեւորգ Գեւորգյանը` 10 տարի: Ամբաստանյալներից Հարություն Գեւորգյանին առաջադրված մեղադրանքը մնաց անփոփոխ, միայն թե դատարանը պետմեղադրողի միջնորդած 3 տարի ազատազրկումը կրճատեց 1 տարով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter