HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Զ. Նախշքարյան. «Դատավորները ստանում են սոցապահովագրություն, ինչի գումարը թույլ է տալիս Ծաղկաձորում 3 օր հանգստանալ` միայն նախաճաշով»

«Հարգելի քաղաքացիներ, եթե մենք պատասխանում ենք ձեր մեկ զանգին, դրանից երեք քաղաքացի, որոնցից մեկը դուք եք, ավելի ուշ է ստանում դատական ակտերը: Մեր օգնականները և գործավարները հեռախոսն առհասարակ ականջից չեն հեռացնում»,- Ազգային ժողովում հրավիրված դատարանների գերծանրաբեռնվածության և դատական գործը ողջամիտ ժամկետում քննելու վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը: Դատավորի խոսքով, եթե դատավորի աշխատակազմը չի պատասխանում հեռախոսազանգերին, դա բխում է քաղաքացիների շահերից:

Նա նշեց, որ պետությունն ահռելի միջոցներ է ներդրել հակակոռուպցիոն դատարանների ստեղծման ուղղությամբ: Ըստ Զարուհի Նախշքարյանի, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատն առաջիկա մեկ տարվա ընթացքում բողոք չի ունենա, բայց այնտեղ աշխատում են դատավորներ, ովքեր ստանում են աշխատավարձ, ինչն իր աշխատավարձից 3 անգամ ավելին է: Այդ դատավորները մեկ տարի ստանալու են այդ աշխատավարձը` չքննելով առնվազն մեկ վճռաբեկ բողոք: Պատճառն այն է, որ հակակոռուպցիոն դատարանները նոր են ստեղծվել, և ժամանակ է անհրաժեշտ այդ դատական ակտերը բողոքարկելու համար:

Նախշքարյանը նշեց, որ այդ գումարներով մեկ տարի առաջ կարելի էր ներդնել էլեկտրոնային արդարադատության ինստիտուտը և զգալիորեն թեթևացնել դատավորների ծանրաբեռնվածությունը:

Դատավորի խոսքերով` արդեն 5 տարի բարձրաձայնում է համակարգում առկա խնդիրների մասին: Փոխարենը դրանից հետո պատկան մարմինները լուծումներ են առաջարկում, որն ավելի է վատթարացնում դատավորների վիճակը:

Զարուհի Նախշքարյանն ասաց, որ այսօրվա դրությամբ դատավորի նվազագույն ամսական աշխատավարձը 440 հազար դրամ է: Իսկ դատավորի աշխատակազմից` գործավարը և քարտուղարը ստանում են 90-100 հզր դրամ, դրանից մի փոքր ավելին` դատավորի օգնականը: Դատավորը նշեց, որ այդ աշխատավարձը հրապուրիչ չէ, երբ բանկերում ցրիչները ստանում են, օրինակ, 150.000 դրամ աշխատավարձ:

Ըստ Զ. Նախշքարյանի` դատավորները ստանում են սոցապահովագրություն, ինչի գումարը թույլ է տալիս Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում 3 օր հանգստանալ` միայն նախաճաշով:

«Ես ուզում եմ պատկերացնեք, թե ինչ պայմաններում ենք մենք աշխատում: Ես պրիմիտիվացնում եմ, որ ճիշտ ընկալեք իրավիճակը»,- ասում է Զարուհի Նախշքարյանը:

Դատավորը նշեց, որ դատավորների գերծանրաբեռնվածությունը հնարավոր է թոթափել ոչ թե դատավորների թվի ավելացումով, այլ` էլեկտրոնային համակարգերի ներդրումով: Նշեց, որ դեռ աշխատում են թղթային տարբերակներով, կնիք են դնում վճիռների վրա, այն դեպքում, երբ վաղուց գոյություն ունեն էլեկտրոնային տարբերակներ: Նախշքարյանը վստահ է, որ եթե Երևան քաղաքում գործող 30 դատավորի թիվը դարձնեն 60, 1-2 տարի հետո գերծանրաբեռնվածությունից դժգոհելու է արդեն 60 դատավոր:

Անդրադառնալով հարուցված կարգապահական վարույթներին, Նախշքարյանն ասաց, որ դրանցով այլևս հնարավոր չէ զարմացնել դատավորներին: Նրա դիտարկմամբ` պետությունը, ի դեմս Բարձրագույն դատական խորհրդի և Արդարադատության նախարարության, պետք է առաջնահերթ լուծի բարձրացված խնդիրները նոր միայն վարույթներ հարուցի դատավորների նկատմամբ:

«Կարգապահական վարույթը, որքան էլ հասարակ ընթացակարգ է, կոնկրետ ինձ համար, բայց ձեզ վստահեցնում եմ, որ ցանկացած կարգապահական վարույթ հունից հանում է դատավորին: Ավելորդ լարվածություն է ստեղծում, և բոլոր այդ ծանրաբեռնվածության խնդիրները կրկնապատկվում և եռապատկվում են»,- ավելացրեց է Զ. Նախշքարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter