
Տոյվո Կլաարը ողջունել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան գրառում է արել, որտեղ ողջունել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները։
«Երեկ կարևոր հանդիպում է տեղի ունեցել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև։ Ողջունելի է, որ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը ներգրավված են երկկողմ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների առարկայական գործընթացում»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է եվրոպացի պաշտոնյան։
Important meeting yesterday between 🇦🇲and 🇦🇿foreign Ministers in Washington. It is encouraging that @AraratMirzoyan and @Bayramov_Jeyhun are engaged in a substantive process of negotiations for a bilateral peace treaty.
— Toivo Klaar (@ToivoKlaar) November 8, 2022
Հիշեցնենք, որ նախօրեին` նոյեմբերի 7-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում էին ունեցել ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում։ Նախարարները հյուրընկալվել էին Բլեր Հաուսում, որտեղ տեղի է ունեցել նաև համատեղ հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
ՀՀ ԱԳՆ հայտարարության համաձայն՝ արտգործնախարարները մտքեր էին փոխանակել հավանական խաղաղության պայմանագրի տարրերի վերաբերյալ և արձանագրել, որ առկա են մի շարք խնդիրներ, որոնք դեռևս հասցեագրման կարիք ունեն։ «Երկու կողմերը վերահաստատել են հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպումներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստանձնած հանձնառությունները»,- ասվում էր հաղորդագրության մեջ։
Վերջին անգամ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը հանդիպել էին հոկտեմբերի 14-ին Աստանայում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ եռակողմ հանդիպման ժամանակ։ Ըստ ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության՝ կողմերը քննարկել էին եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը, անդրադարձ կատարել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների շրջանակներում տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներին։
Այս հանդիպման ժամանակ ակնկալվում է, որ կողմերը դարձյալ կքննարկեն հայ-ադրբեջանական հնարավոր խաղաղության պայմանագրի դրույթները։
Մեկնաբանել