HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԱԿԲԱ» բանկն ու «Կամուրջ» ՈՒՎԿ-ն բռնագանձման հայցեր են ներկայացրել Քաշաթաղում գույքը կորցրած քաղաքացու ու նրա երաշխավորների դեմ

Գարիկ Մուսաելյանի թղթապանակը գնալով ծանրանում է դատական հայցադիմումների օրինակներից, վճիռներից ու Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գրություններից: 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել Քաշաթաղի շրջանի Դիցմայրի գյուղում Գարիկի հիմնած մեծ տնտեսությունը: Ֆինանսական կազմակերպությունները, հաշվի չառնելով այդ հանգամանքը, դատական կարգով պահանջում են մարել արդեն կորցրած տնտեսության մեջ ներդրած վարկային գումարները: Բռնագանձման վճիռներ են կայացվում ոչ միայն Գարիկի, նրա ընտանիքի անդամների, այլև երաշխավորների նկատմամբ:

Գարիկն ու ընտանիքի անդամները, երաշխավոր հանդիսացած անձինք հերթով ստանում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության որոշումները: Այլ գույք ու եկամուտ չհայտնաբերելով՝ «Կամուրջ» վարկային կազմակերպությունն առաջարկում է դատական կարգով Կապանի հայրական տնից առանձնացնել Գարիկի բաժնեմասը և բռնագանձել: Նույնն առաջարկում են անել Գարիկի կնոջ` Աննա Միրզոյանի հայրական տան մասնաբաժնի նկատմամբ, քանի որ Աննան եղել է ամուսնու վարկի երաշխավորը:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը «Կամուրջ» վարկային կազմակերպության օգտին արդեն երկու վճիռ է կայացրել` Գարիկից և երաշխավորներից համապարտության կարգով բռնագանձել 4.136 ԱՄՆ դոլար և 1 մլն 71 հազար դրամ: Նշված վարկերի մայր գումարի նկատմամբ 2022թ.-ի փետրվարից հաշվարկվում են նաև տոկոսներ` մինչև պարտավորության կատարման օրը:

Մուսաելյանների և նրանց երաշխավորների դեմ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի հայցադիմումներով, գումարի բռնագանձման պահանջներով այժմ քննվում է 5 դատական գործ: Գումարային պահանջը կազմում է 9 մլն 236 հազար դրամ և 1204 ԱՄՆ դոլար` չհաշված մինչև պարտավորության կատարման օրը հաշվարկվող տոկոսները:

Գարիկն ու մայրը՝ Արեգնազան Բարսեղյանը, վարկերը վերցրել են հայաստանյան «Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունից և «ԱԿԲԱ» բանկից: Թե՛ Գարիկի, թե՛ նրա կնոջ ազգականները երաշխավորներ են եղել: Պատերազմից հետո Գարիկի ու մոր չկատարած պարտավորությունների հետևանքով դատական վճիռներով բռնագանձում է տարածվում նաև երաշխավորների գույքի, դրամական միջոցների վրա:

Պարզաբանում ստանալու նպատակով դիմեցինք «Կամուրջ» ՈՒՎԿ-ին: Տեղեկատվական կենտրոնից նախ պատասխանեցին, թե առաջին դեպքն է, երբ լրատվամիջոցը նման հարցով դիմում է իրենց, հետևաբար չունեն մեր հարցերին պատասխանող մասնագետ: Ապա հավելեցին, թե գործ ունենք բանկային գաղտնիքի հետ, հետևաբար մեզ որևէ տեղեկատվություն չեն կարող տալ:

Նշենք, որ վարկային կազմակերպությունից գաղտնիք պարունակող տեղեկատվություն չէինք խնդրել: Ընդամենը հետաքրքրվում էինք բռնագանձման հայցով դատարան դիմելուց հետո վարկային կազմակերպության հետագա գործողություններից:

Գրավոր հարցումով նոյեմբերի 3-ին դիմել էինք նաև «ԱԿԲԱ բանկ»-ի գործադիր տնօրենին: Մինչ օրս պատասխան չենք ստացել:

Գարիկ Մուսաելյանը ծնունդով կապանցի է: 2008թ.-ին որոշել է տեղափոխվել Արցախ և զբաղվել գյուղատնտեսությամբ: Ընտրել է Կովսականի Դիցմայրի 2 գյուղը, քանի որ տարածքը բարենպաստ էր գյուղատնտեսությամբ զբաղվելու համար: Սկզբում Դիցմայրիում մենակ էր ապրում, այնուհետև կինն ու երկու անչափահաս երեխաները միացել էին նրան, և ընտանիքը 2011թ. ստացել էր վերաբնակվողի կարգավիճակ:

Գյուղում հողատարածքներ էին գնել և զրոյից մեծ տնտեսություն հիմնել` նպատակ ունենալով հետագայում ավելի ընդլայնել: Գարիկը շրջակայքում մրցակիցներ, բերքի իրացման դժվարություններ չի ունեցել, եւ դա ոգևորում էր նրան: Պտուղ-բանջարեղենն ու կաթնամթերքն իրացնում էր ինչպես Արցախում, այնպես էլ Սյունիքի մարզի համայնքներում:

1150 քմ ջերմոց ուներ` պահեստային շինություններով: Հաշվի առնելով արտադրանքի մեծ պահանջարկը՝ նախաձեռնել էր ևս 1350քմ ջերմոցային տնտեսության կառուցումը, որի աշխատանքների 40%-ն արդեն կատարված էր: Նյութերի և սարքավորումների մեծ մասը գնվել և պահեստավորվել էր Դիցմայրի գյուղում:

400 քմ-անոց անասնաշենք ուներ, որտեղ պահում էր 200 գլուխ ոչխար, 60 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, թռչուններ: Հետագայում անասնագլխաքանակը կրճատել էր` կենտրոնանալով պտուղ-բանջարեղենի մշակության ուղղությամբ:

Գնած հողատարածքների վրա հիմնել էր կաթիլային եղանակով ոռոգվող 2,3 հա այգի, որից 1 հեկտարը` արքայախնձորի, իսկ մնացածը` այլ բերքատու ծառերի: Վարկային միջոցների ներգրավմամբ 1 կմ հեռավորությունից էլեկտրաէներգիա և 2,8 կմ հեռավորությունից ջուր է անցկացրել իր տարածք:

Վերը նշվածից բացի, Դիցմայրիում է մնացել 3 տուն, որտեղ բնակվել են Գարիկի տնտեսությունում աշխատողները:

Տնտեսության հիմքը Գարիկը դրել էր Կապանում ունեցած ավտոտնակի վաճառքի գումարով: Այնուհետև ինքն ու մայրը` Արեգնազան Բարսեղյանը, վարկեր էին վերցրել, մասնակցել գյուղաջակցության ծրագրերին` գրավադրելով Կապանի հայրական տունը: Մինչև պատերազմը վարկերի մարման դժվարություն չեն ունեցել: Գարիկի հաշվարկով՝ մոտ 50 հազ. դոլարի վարկ է մարել` առանց ուշացումների:

«Ճիշտ է, մի քիչ դժվար ճյուղ էի ընտրել, բայց շահավետ էր, լավ հեռանկար ուներ: Ավա՜ղ, ծրագրերս նպատակին չհասան, պատերազմ սկսվեց: Արդեն բոլորս ներգրավվեցինք պատերազմական գործողություններին, չգիտեինք, թե ինչ է լինելու»,-ասում է Գարիկ Մուսաելյանը:

«Ակբա» բանկի և ունիվերսալ վարկային կազմակերպության աշխատակիցները եկել, տեղում ստուգել են Գարիկի տնտեսությունը: Բանկի գլխամասից թույլատրել են վարկի տրամադրումը, ապա դարձյալ ստուգել դրա նպատակային օգտագործումը:

Պատերազմից հետո Մուսաելյաններն ընդգրկվել են պատերազմից տուժած և հատուցման իրավունք ունեցող անձանց  ցուցակում: Գարիկը պնդում է, որ թե՛ ինքը, թե՛ մայրը բազմիցս խնդրել են ֆինանսական կազմակերպություններին վարկերի նկատմամբ տոկոսներ, տույժեր և տուգանքներ չհաշվարկել` մինչև պետության կողմից հատուցումների հարցը կարգավորելն ու կրած վնասները հատուցելը: Մի քանի ամսով երկարաձգել են ժամանակացույցը, սակայն ոչինչ չի փոխվել և գումարի բռնագանձման պահանջներով դիմել են դատարան:

2020թ. դեկտեմբերի 24-ին, Գարիկի պատմելով, Դիցմայրիում հայտարարել են, որ բնակիչները պետք է լքեն տարածքը, քանի որ այն անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ:

Տեղահանման ժամանակ չի կարողացել ամբողջ գույքը տեղափոխել: Ինչպես գրավոր տեղեկանքում հայտնել են Սյունիքի մարզի Սրաշեն գյուղի վարչական ղեկավարն ու գյուղի ինքնապաշտպանական դասակի հրամանատարը, Գարիկը, առողջական խնդիրների պատճառով պիտանի չլինելով ծառայության, թիկունքում ակտիվ ներգրավվել է ինքնապաշտպանական գործողություններին: Տրամադրել է «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա և իր անձնական օգտագործման մեքենան: Աջակցել է սննդամթերքով, թռչնամսով, բանջարեղենով, վառելիքով: Գարիկը նշում է, որ այդ ժամանակ ինչ ունեցել է իր տնտեսությունում, ամբողջն ուղղել է երկրի ինքնապաշտպանության գործին:

«12 տարվա սարքածը չես կարող մեկ օրում տեղափոխել: Բացի այդ, ես նպատակ չունեի, որ սարքեմ, հետո քանդեմ: Ծառը որ տնկում ես, պիտի սպասես, որ բերքը տեսնես: Ո՞նց կարող ես 2-3 տարեկան ծառը քոքից հանես,- ասում է Գարիկը և հավելում, որ արդեն ոչ մի սեփականություն չունի, ամբողջը 44-օրյա պատերազմի հետևանքով անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Փոխարենը մնացել են պարտավորությունները:- Ինչ վիճակում ես եմ, նույն վիճակում երաշխավորներն են: Չեն կարողանում օգտվել բանկային ծառայություններից: Չէինք մտածում, որ կարող է պատերազմ լինել, ֆորս-մաժոր լինել ու հայտնվեինք այս վիճակում: Պատերազմը ոչ իմ մեղքով է եղել, ոչ էլ՝ երաշխավորների»:

Նրա առաջնային մտահոգությունն այն է, որ իր ընտանիքի չկատարած վարկային պարտավորությունների հետեւանքով այլ անձինք չտուժեն: Գարիկը խնդրում է պատկան մարմիններին` միջամտել, որպեսզի բռնագանձումը չտարածվի երաշխավորների գույքի ու դրամական միջոցների վրա:

Երաշխավորների համար բարդություններ չստեղծելու նպատակով Արցախից տեղահանվածներին հատկացված սոցաջակցության գումարները Գարիկն ամբողջությամբ ուղղել է վարկային պարտավորությունների կատարմանը: Պատերազմի ավարտից մի քանի ամիս անց էլ մարել է վարկերը: Դրանից հետո այլևս ֆինանսական միջոցներ չեն եղել, և վարկային պարտավորությունները չեն կատարվել:

«Ինձ հասցված ամենածանր հարվածն այն է, որ հնարավորություն չունեմ նոր գործունեություն իրականացնելու: Նույն ճյուղը կարելի է զարգացնել նաև Կապան համայնքում, բայց այսօր չկա այդպիսի տարբերակ, ես ընկած մարդ եմ: 12 տարի իմ գիտելիքները ներդրել եմ գյուղատնտեսության ոլորտում: Սրանից հետո ինչո՞վ պիտի զբաղվեմ»,- ասում է Գ. Մուսաելյանը:

Գարիկը դիմել է թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանների գրասենյակ: Հայաստանում նրա բողոքն ընդունվել է քննարկման: ՄԻՊ-ի գրասենյակից «Հետքին» հայտնեցին, որ Էկոնոմիկայի նախարարությունից իրենց պատասխանել են, թե բանկերի կամ վարկային կազմակերպությունների վրա ներազդել չեն կարող: Արցախի ՄԻՊ-ն էլ գործընկերոջը տեղեկացրել է, որ Գարիկի ընտանիքը հանդիսանում է Արցախի կառավարության 2021թ. մարտի 17-ի թիվ 222-Ն որոշմամբ հաստատված 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական  անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրի շահառու:

Արցախից Մուսաելյաններին հայտնել են, որ որոշմամբ նախատեսված աջակցությունը կստանան 2023թ. հոկտեմբերին, ըստ հերթականության: Այսինքն` բանկերի օգտին կայացված բռնագանձման վճիռներից մոտ մեկ տարի անց: Գարիկն ասում է, որ ինքը համբերատար է, կսպասի, սակայն նույնը ասել չի կարող բանկերի մասին: Ըստ նրա, այստեղ պետությունը կարող էր միջամտել, բանկերի հետ պայմանավորվել և փոխհատուցման գումարներն ուղղել պարտավորությունների կատարմանը, սակայն ոչինչ չի արվում:

Մեկնաբանություններ (1)

Ara
Վարկ տվողը պետք է ամբողջ վնասը իր վրա վերցնի քանի որ վարկ է տվել մի ֆիրմայի որի գործունեությունը վիճելի տերիտորայում է տեղի ունենում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter