HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուբեն Վարդանյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

Արցախի պետնախարարի աշխատակազմի լրատվական ծառայությունը հայտնում է, որ Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ հանրապետական գործադիր մարմինների ղեկավար կազմի, Ստեփանակերտի քաղաքապետի և վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ։

«Մինչ աշխատանքներին անցնելը՝  Ռուբեն Վարդանյանը խորհրդակցության  մասնակիցներին առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի և հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հերոսների հիշատակը:

«Երկու տարի առաջ այս օրը շատ ծանր էր մեր ժողովրդի համար: Հիշելով և հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին՝  պետք է հավատանք, որ մեր վերածնունդը լինելու է։ Մեր ապագան մեր ձեռքերում է։ Այստեղ եմ, որ ձեզ հետ միասին ամեն ինչ անենք, որ Արցախն ունենա հաղթանակներ»,- բացելով խորհրդակցությունն՝ ասել է պետնախարարը:

Օրակարգային առաջին հարցը վերաբերել է պետական նախարարի և հանրապետական գործադիր մարմինների միջև աշխատանքների կազմակերպման սկզբունքներին: Ռուբեն Վարդանյանն առանձնացրել է երեք սկզբունք՝  թիմային աշխատանք, թափանցիկություն ու պրոֆեսիոնալիզմ: «Եկել եմ ոչ թե պարզապես պետական նախարարի պաշտոնը զբաղեցնելու, այլ ճգնաժամային իրավիճակում  ձեզ հետ միասին աշխատելու համար,-ընդգծել է նա։ -Ինձ համար կարևոր է  թիմային աշխատանքը, և ես պատրաստ եմ  բոլորիդ հետ միասին  այդ սկզբունքով աշխատել։ Երկրորդը թափանցիկությունն է․ մենք ամեն ինչ պետք է անենք մեր աշխատանքի, կայացվող որոշումների և իրականացվող ծրագրերի թափանցիկությունն ապահովելու համար։ Մյուս կարևոր սկզբունքը պրոֆեսիոնալիզմն է: Ես վստահ եմ, որ բոլորդ երկար մասնագիտական ճանապարհ եք անցել, բայց ներկա իրողություններում մրցունակ մասնագետներ լինելու համար մենք  բոլորս պետք է շարունակ աշխատենք մեր կարողությունների զարգացման ուղղությամբ»:

Պետնախարարն առանձնացրել է այս իրավիճակում Արցախի համար այն հինգ հիմնական ուղղությունները, որոնց իրականացմանը պետք է ուղղված լինի Արցախի Հանրապետության կառավարության գործունեությունը.

  • Արցախի սուբյեկտայնություն,
  • անվտանգության հետ կապված հարցեր,
  • տնտեսության, ենթակառուցվածքների զարգացում,
  • մշակութային, կրթական, սոցիալական հարցեր,
  • պետական կառավարման համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացում։

Պետնախարարը ներկայացրել է նաև իր նորանշանակ խորհրդականներին և նշել այս փուլում նրանց համակարգման ոլորտները. Արտակ Բեգլարյանն զբաղվելու է արտաքին քաղաքական, սոցիալական, հումանիտար խնդիրներով, Գրիգորի Մարտիրոսյանը՝ ենթակառուցվածքների ոլորտով, Նարինե Աղաբալյանը՝ կառուցվածքային և կազմակերպչական, Մեսրոպ Առաքելյանը՝ ֆինանսական, իսկ Արման Հակոբջանյանը՝ օպերատիվ հարցերով:

Օրակարգային հաջորդ հարցը վերաբերել է ձմեռային սեզոնի նախապատրաստական աշխատանքներին և հրատապ խնդիրներին:  ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը և Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը մանրամասն տեղեկություններ են ներկայացրել նախապատրաստական աշխատանքների ընթացքի և դրանց կազմակերպման մասին:

Խորհրդակցությանը ներկայացվել է նաև 2020թ.  պատերազմի հետևանքով տուժած ընտանիքների  բնակարանային կարիքների բավարարման պետական ծրագրի ընթացքը:  ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանը տեղեկություններ է հաղորդել կատարված աշխատանքների և ծրագրերի ընթացիկ վիճակի մասին:

Ամփոփելով խորհրդակցությունը ՝ պետնախարարը մի շարք հանձնարարականներ է տվել օրակարգային հարցերի վերաբերյալ և վստահություն հայտնել, որ թիմային, կազմակերպված ու պրոֆեսիոնալ աշխատանքը մեծ արդյունքներ է ապահովելու»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter