
Ցուկերբերգը հայտարարել է 11 հազար աշխատակցի հեռացման մասին
Meta ընկերությունը, որին պատկանում են Facebook, Instagram-ը և Whatsapp-ը, որոշել է աշխատանքից ազատել ավելի քան 11 հազար աշխատակցի։ Այդ մասին աշխատակիցներին ուղղված իր ուղերձում հայտնել է ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։ Նամակի տեքստը հրապարակված է Meta-ի կայքում։
«Այսօր ես ուզում եմ կիսվել ամենաբարդ փոփոխություններից մի քանիսով, որոնք մենք արել ենք Meta-ի ողջ պատմության ընթացքում։ Ես որոշել եմ մոտ 13 %-ով կրճատել մեր թիմի թվաքանակը և աշխատանքից ազատել ավելի քան 11 հազար մեր տաղանդավոր աշխատակիցների»,- իր նամակում ասել է Ցուկերբերգը։ Նա այդ որոշումը «բարդ» է անվանել և մարդկանց ազատման ողջ պատասխանատվությունը վերցրել իր վրա։
Աշխատանքից ազատված բոլոր աշխատակիցներին խոստացել են վճարել 16 շաբաթվա բազային աշխատավարձ, կես տարվա ընթացքում ապահովել նախկին բոլոր աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների առողջության ապահովագրությունը, ինչպես նաև օգնել աշխատանքի տեղավորման հարցում՝ կրճատումից հետո երեք ամսվա ընթացքում։
Ցուկերբերգը նշել է, որ Meta-ն իր բիզնեսի բոլոր ուղղություններով կրճատել է ծախսերը՝ մասնավորապես, կրճատելով բյուջեները և պարգևատրումների չափերը։ Նա հավելել է, որ 2023 թվականին ընկերությունը ավելի քիչ մարդկանց աշխատանքի կվերցնի։
The Wall Street Journal թերթը, որն առաջինն էր հայտնել Ցուկերբերգի որոշման մասին, Meta-ից աշխատակիցների հեռացումն անվանել է ընկերության 18-ամյա պատմության մեջ աշխատատեղերի ամենազանգվածային կրճատումը։ Սեպտեմբերի վերջի դրությամբ՝ Meta-ում աշխատում է ավելի քան 87 000 մարդ։
Իլյուստրացիան՝ Andre M Chang/ZUMA Press Wire/dpa
Մեկնաբանել