
Մարիա Զախարովա. «Խաղաղության պայմանագրի հարցում Մոսկվան կշարունակի աջակցություն տրամադրել Բաքվին և Երևանին»
Ռուսաստանը կշարունակի անհրաժեշտ աջակցություն տրամադրել Ադրբեջանին և Հայաստանին՝ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու և կայունության ու բարգավաճման ապահովման համար։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 9-ին կայացած ճեպազրույցի ժամանակ։
«Ռուսաստանը կշարունակի ցուցաբերել ողջ անհրաժեշտ աջակցությունը Բաքվին ու Երևանին՝ Հարավային Կովկասում ի շահ խաղաղության, կայունության և բարգավաճման»,- նշել է նա։
Զախարովայի խոսքով՝ սերտ համակարգում է իրականացվում ադրբեջանցի և հայ գործընկերների հետ՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցով։
«Մեր երկրի ակտիվ մասնակցությամբ ձեռնարկվում են հաջորդական գործողություններ՝ այդ երկու երկրի ժողովուրդների միջև վստահության ամրապնդման ուղղությամբ, մասնավորապես հանրության ներկայացուցիչների, փորձագիտական շրջանակների և խորհրդարանականների միջև երկխոսության զարգացման»,- հավելել է ռուսաստանցի դիվանագետը։
Զախարովան խոսել է նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի մասին։ «Համաձայն երկրների ղեկավարների՝ 2021 թվականի նոյեմբերի 26-ի որոշման, իր աշխատանքն է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և հետագա սահմանագծման երկկողմ հանձնաժողովը՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ: Տվյալ մեխանիզմի աշխատանքը կարևոր նշանակություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին իրադրության կայունացման համար»,- նշել է նա:
Լուսանկարը՝ Роман Пименов/Петербургский дневник
Մեկնաբանել