HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ

Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է ԵՄ մարդու իրավունքների հարցերով հատուկ հանձնակատար Իմոն Գիլմորի, Արտաքին գործողության եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դևինի, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Դավիթ Քալլենի հետ: 

ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության համաձայն, հանդիպումների ընթացքում Ք. Գրիգորյանն անդրադարձել է Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության կողմից շարունակվող հայատյացության քաղաքականությանը, ատելության խոսքի դրսևորումներին և ատելության հիմքով հանցագործություններին՝ մանրամասներ ներկայացնելով սեպտեմբերի 13-14-ին ՀՀ սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքների, բազմաթիվ պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ խոշտանգումների, ինչպես նաև անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ: Պաշտպանը զրուցակիցներին է տրամադրել հաստատության կողմից հարձակման հետևանքների վերաբերյալ հրապարակված արտահերթ զեկույցները: 

ԵՄ մարդու իրավունքների հարցերով հատուկ հանձնակատար Իմոն Գիլմորի հետ հանդիպման ընթացքում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը, ի թիվս այլնի՝ ընտանիքում բռնության դեմ պայքարի, կանանց տնտեսական հզորացման ու իրավազորման, խտրականության դեմ պայքարի հարցերում մարտահրավերները: Իր խոսքում Գրիգորյանը ընդգծել է 2020թ. ԵՄ կողմից ընդունված գլոբալ մարդու իրավունքների հարցերով սանկցիաների ռեժիմի կիրառելության կարևորությունը՝ որպես տարածաշրջանում անպատժելիության մթնոլորտին հակազդելու միջոց: Իմոն Գիլմորը շնորհավորել է Պաշտպանին մանդատի ստանձնման կապակցությամբ և հայտնել իր պատրաստակամությունը՝ գործադրելու ջանքեր ուղղված համագործակցության խորացմանը:

Արտաքին գործողության եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դևինի հետ հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ տարածքի վրա ադրբեջանական հարձակման հետևանքները և դրանց ազդեցությունը մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակի վրա: 

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Դավիթ Քալլենի հետ հանդիպման շրջանակում Պաշտպանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն ուղղված ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի իրականացման ընթացքը և մատնանշել համագործակցության բարձր մակարդակը ինչպես ՀՀ-ում ԵՄ պատվիրակության, այնպես էլ ծրագրերի իրականացումն ապահովող միջազգային գործընկերների հետ: 

Ներկայացնելով հաստատության հիմնական առաջնահերթությունները՝ Գրիգորյանն առանձնացրել է հիմնական կարիքները, որին ի պատասխան՝ ԵՄ գործընկերները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու հաստատության հզորացմանն ու կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter