
Սրաշեն և Ներքին Հանդ գյուղերը հայտնվել են ադրբեջանական ուղիղ նշանառության ներքո․ Արման Թաթոյան
2022թ. սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական զինված հարձակումների և ՀՀ տարածք ներխուժումների հետևանքով Սյունիքի մարզի Կապան համայնքի Սրաշեն և Ներքին Հանդ գյուղերը հայտնվել են ադրբեջանական ուղիղ նշանառության ներքո։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
Նա նշել է, որ Ներքին Հանդ գյուղում պարզապես դադարել է կյանքը, գյուղում այլևս ընտանիքներ չկան, նախկին ակտիվ և կենսուրախ համայնքը վերածվել է ուրվական գյուղի։
«Գյուղի դպրոցն ադրբեջանական ուղիղ նշանառության ներքո է, և չի գործում: Ադրբեջանական զինված տեղակայումների պատճառով չի գործում հասարակական տրանսպորտը, մարդիկ մեկուսացման մեջ են: Գյուղի ջրի ակունքներն ադրբեջանական օկուպացիայի ներքո են:
Մարդիկ չեն կարողանում մոտենալ գյուղի գերեզմանոցին, իրենց հարազատների շիրիմներին, քանի որ այն ադրբեջանական օկուպացիայի ներքո է։ Ադրբեջանական զինված ծառայողներն ազատորեն շրջում գերեզմանոցի տարածքում:
Միայն Ներքին Հանդում օկուպացված է 240 հա, իսկ Սրաշենում` 160 հա տարածք:
Մարդիկ զրկվել են արոտավայրերից, վարելահողերից ու խոտհարքերից, կանգնել են սոցիալական լրջագույն խնդիրների առաջ, զրկվել են ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից:
Թե´ Սրաշենում, թե´ Ներքին Հանդում 70%-ով կրճատվել է անասնագլխաքանակը:
Մարդիկ վնասներ են կրում տարածքում տեղադրած ականնների հետևանքով․ հենց մեր փաստահավաք աշխատանքների ժամանակ ականատես եղանք, թե ինչպես բնակիչներից մեկի 3 կովերը սատկեցին ականի վրա պայթյունից։
Մենք մանրամասն հաշվել ենք․ միայն Ներքին Հանդում ադրբեջանական մինչև 10 զինված դիրք կա, դիրքերում էլ մինչև անգամ 20-ի հասնող զինծառայող և ավելին։
Ադրբեջանական զինծառայողները մարդկանց կյանքը վերածել են անհնարինության։
Այս ամենը ադրբեջանական պետական թշանամանքի մտածված հանցավոր քաղաքականություն է:
Այսքանից հետո միայն միամիտը կարող է կարծել, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության է պատրաստվում։ Ես համոզված եմ, որ եթե այս պայմաններում Ադրբեջանի հետ կնքվի, այսպես կոչված, «Խաղաղության համաձայնագիր», այն պարզապես չի գործի։
Ես նորից եմ կրկնում, որ մեր առաջնային նպատակը պետք է լինի ադրբեջանական զինված ծառայողներին հեռացնելը ոչ միայն մեր օկուպացված տարաքներից, այլ նաև 2020 թվականի պատերազմից հետո մեր գյուղերի ու ճանապարհների մոտ գտնվող տեղայակումներից։
Այո, պատերազմից անմիջապես հետո` 2020թ. դեկտեմբեր ամսից իմ առաջ քաշած ապառազմականացված անվտանգության գոտու գաղափարը լիովին իրատեսական է։
Այս գյուղերի հետ կապված այսօր ներկայացրել եմ փաստահավաք նոր տվյալները, որ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը իրականացրել է միջազգային հայտնի փաստաբաններ Կարօ Ղազարեանի և Գառնիկ Քերքոնյանի հետ։ Նշված գյուղերում աշխատանքներն իրականացվել են Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի ուղեկցությամբ»,- գրել է նա:
Մեկնաբանել