Պեմզաշենում կատարված սպանությունների գործով ոստիկանությունը ակնկալում է քաղաքացիների օգնությունը ու խոստանում դրամական պարգև
Նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում առանձնապես ծանր հանցագործություն էր կատարվել։ Ժամը 12.28-ին Արթիկի հրշեջ-փրկարարական ծառայությունից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Պեմզաշենի դպրոցի դիմացի տան դուռը փակ է: Հրշեջ-փրկարարները բացել էին դուռը։
Տան ննջասենյակում հայտնաբերվել էին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի, նրա 12-ամյա դստեր և 8-ամյա որդու դիերը՝ կտրած-ծակած վնասվածքներով։ Դեպքի վայր մեկնեցին իրավապահ մի շարք կառույցների ներկայացուցիչներ։
Ոստիկանությունը հայտնում է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ՝ կատարվածի հանգամանքները րոպե առաջ պարզելու ուղղությամբ։
«Ոստիկանությունը դիմում է հասարակությանը՝ ակնկալելով քաղաքացիների աջակցությունն ու համագործակցությունը։
Դեպքի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության ցանկացած ստորաբաժանում, կամ զանգել 1-02, 010 59-06-60 հեռախոսահամարներով։ Կատարվածի բացահայտման առումով արժեքավոր տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է, ինչպես նաև կտրվի դրամական պարգև»,- ասված է հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել