HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԹԽԱԾ ՀԱՆԴԵՍ | COPYBITION

Թխած հանդեսում 10 ժամանակակից արվեստագետներ խնդրականացնում են հեղինակայնությունը և վերարտադրությունը, սկզբնագիրը և կրկնօրինակը, սեփականի ու օտարի սահմանները։

-Հեչ եղե՞լ ա, որ քեզնից ինչ-որ բան են թխել, ի՞նչ ես զգացել էդ ժամանակ,- հարցնում եմ պատկերազարդող Արմինե Շահբազյանին։

-Կայֆ ա՜, որ թխում են։ Եթե ինչ-որ բան տեսնում եմ ու ենթադրում եմ, որ ոգեշնչվել են իմ արած աշխատանքից, ինձ շատ լավ եմ զգում։ Տարօրինակ զգացողություն ա, իրականում։ Բայց թխել էլ կա, թխել էլ կա, ցուցահանդեսում ներկայացված իմ գործը հենց դրա մասին ա,- ասում է Արմինեն։

Արմինե Շահբազյանի և ֆրանսիացի վիզուալ արվեստագետ Մայդա Շավակի համատեղ աշխատանքը պաստառ է, որը ցույց է տալիս կերպարանափոխվող մի ծխախոտի տուփ. հայկական Արարատ ծխախոտը դառնում է Մալբորո և հակառակը՝ Մալբորոն դառնում է Արարատ։

Կերպարանափոխության ընթացքում Ararat-ը նախ դառնում է Aparat, այնուհետև Aparan, Anarat, Anamot, Ayrarat, Aragats, Aragast, Anarak, Ananas, Anapat և այսպես շարունակ, մինչև որ վերջում դառնում է Marlboro.

«Մեր նախագծում մենք ներկայացնում ենք մի բան, որը նույնպես մի բան է նմանակել։ Ամեն օր մենք տեսնում ենք այնքան շատ սիմուլյակրներ (նմանակում), որ երբեմն դժվար է իմանալ, թե որն է բնօրինակը։ Բնօրինակի և դրա նմանակումների միջև սահմանը շատ բարակ է, և որոշ դեպքերում նմանակումները կարող են ավելի արժեքավոր լինել, քան բնօրինակը»,-գրված է արվեստագետների պաստառի վրա։

Պատկերազարդող, ճարտարապետ Հարություն Թումաղյանի ներկայացրած պաստառում Դա Վինչիի Մոնա Լիզան է, որի դիմաց հավաքված մարդիկ իրենց սմարթֆոններով նկարել են Մոնա Լիզային, և նրա տասնյակ «թխած» տարբերակներն արդեն «ապրում» են հեռախոսներում։ Պաստառի ներքևում մեծ տառերով գրված է՝ ԹԽԵԼ ՉԿԱ ©:

«Դրա մեջ ա կայֆը, որ համ թխել չկա, համ բոլորս բոլորից թխում ենք, այսինքն՝ միայն արվեստագետները չի, որ դրանով զբաղվում են, բոլորն իրարից վիզուալ պատկերներ են վերցնում, թեկուզ ուղղակի նկարելով, և արդեն չես կարող խիստ սահմանափակումներ կամ դրույթներ մշակել»,- բացատրում է Հարություն Թումաղյանը։

Բարդ է ամեն անգամ նոր, չկրկնվող բան ստեղծել։ «Էս գլոբալիզացիայի մեջ մենք բոլորս ընդհանուր վիզուալ իրար հետ անընդհատ ինչ-որ կապ ունենք, ցանցի նման մի բան կա։ Ու դու կարող ես տարբեր, արդեն եղած վիզուալ բաղադրիչներով մի նոր կոմպոզիցիա ստանալ, որը թվա, թե նոր ա, բայց եթե բաժանես մոդուլների, կարող ա արդեն գոյություն ունեցող կոնցեպտների խառնուրդ լինի»,- ասում է նա։ 

Թումաղյանի կարծիքով, copyright-ն ավելի շատ կապ ունի աշխատանքի հետ. «Copyright-ը նշանակում ա, որ դու ես աշխատել ու ստեղծել այդ համադրությունը, և եթե դա ուզում են օգտագործել կոմերցիոն նպատակներով կամ վերարտադրել ուրիշ նախագծերի հետ, պիտի դրա համար քեզ վճարեն»։

Թխած հանդեսում  իմ ուշադրությունը գրավեցին նաև Լենա Դերունցի DON’T COPY, STEAL LIKE AN ARTIST (ՄԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ՛Ր, ԳՈՂԱՑԻ՛Ր ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ՊԵՍ) պաստառը և Լուսինե Թալալյանի ներկայացրած աշխատանքը՝ սպիտակի վրա գրված՝ «նվիրում եմ»։

Այս և այլ ժամանակակից արվեստագետների աշխատանքները նոյեմբերի 11-16-ը ցուցադրված կլինեն Վայրապար ցուցասրահում։ Թխած հանդեսի համադրողներն են Տիգրան Ամիրյանը և Սոնա Քալանթարյանը, այն կազմակերպել է Cultural & Social Narratives lab.-ը։

Ցուցահանդեսի բացմանը տեղի ունեցավ նաեւ «Մշակութային իրավունքներ» ձեռնարկի շնորհանդեսը։ 

CSN lab-ի հիմնադիր Տիգրան Ամիրյանը «Հետք»-ին պատմեց, որ գրքույկը մշակել են դանիացի գործընկերները՝ Դանիայի մշակութային ինստիտուտը, իսկ կազմակերպությունն այն թարգմանել և հրատարակել է հայերեն։ 

Գրքույկի հայերեն տարբերակի թարգմանիչ Մարիամ Եղիազարյանի խոսքով՝ այն նախատեսված է ոչ միայն արվեստագետների համար, այլև լայն հասարակության, քանի որ գրքույկի հեղինակները ներկայացնում են հանրային նշանակություն ունեցող կարևոր հարցեր։

«Ինձ համար ամենակարևորը արվեստագետների ազատության իրավունքն է, որ արվեստագետը ազատ է ստեղծագործելու՝ ինչ թեմայով որ կցանկանա։ Եվ հատկապես, որ պետությունը որևէ կերպ չպիտի խոչընդոտի արվեստագետին»,-ասում է Մարիամ Եղիազարյանը։ 

Գրքույկում տեղ են գտել այնպիսի թեմաներ, ինչպիսին են՝ մշակութային իրավունքները և դրանց առնչությունն այլ իրավունքների հետ, մշակութային իրավունքները և հանրային տարածքները, կլիմայի փոփոխությունը, մշակութային իրավունքները ու գենդերային հարցերը, փոքրամասնությունների դեմ ուղղված խտրականությունն ու անհանդուրժողականությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter