HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչ են գրել արևմտյան լրատվամիջոցները Խերսոնից ռուսական զորքերի դուրսբերման մասին

Աշխարհի խոշորագույն պարբերականները վերլուծում են ռուսական հրամանատարության հայտարարությունը Խերսոնից զորքերի դուրսբերման մասին։ BBC-ն գրում է, որ այդ հրապարակումներում զգուշավորությունը գերակշռում է։

«Մեծ հաղթանակ Կիևի համար, որը փոխում է ռազմական դասավորությունը ձմռան նախաշեմին», - գրում է Financial Times-ը։ Պարբերականը, ինչպես և շատ այլ արևմտյան պարբերականներ, հիշեցնում է, որ մինչև վերջերս ամբողջ Խերսոնում՝ Ուկրաինայի միակ մարզկենտրոնում, որը գրավվել էր Ռուսաստանի կողմից, փակցված էին պաստառներ, որտեղ գրված էր, որ Ռուսաստանը հավերժ այստեղ է, բայց իրականում այդ «հավերժ»-ը տևեց ութ ամսից մի փոքր ավելի։

FT-ը մեջբերում է վերլուծաբանների և հետախուզական աղբյուրների կարծիքը. «Երբ ուկրաինական բանակը կարողանա մտնել Խերսոն, դա շատ ավելի մեծ հնարավորություններ կտա հարձակվելու ռուսական ստորաբաժանումների վրա։ Սակայն վաղաժամ է ասել, որ դա անխուսափելի է և ավելի կթուլացնի ռուսական բանակը. Ռուսաստանը վաղուց ամրանում է Դնեպրի աջ ափին, և եթե ձախ ափը հիմնականում տափաստանային է, ապա ջրանցքներն ու ճահճային տեղանքը կօգնեն ամրապնդվել այստեղ»,- գրում է պարբերականը։

BBC-ի մեկնաբանները նշում են, որ ուկրաինացի պաշտոնյաները չափազանց զգույշ են վերաբերվում զորքերի դուրսբերման մասին ռուսական հրամանատարության խոսքերին, և Ուկրաինայի զինված ուժերը մտադիր են ուշադիր ուսումնասիրել իրավիճակը քաղաքին մոտենալուց առաջ: Հատկապես, որ քաղաքում մնացած տեղաբնակներն ասում են, որ փողոցում դեռ տեսնում են ռուս զինվորների, մասնավորապես՝ Չեչնիայից։

BBC-ն նաև մեջբերում է արևմտյան մի շարք պաշտոնյաների արձագանքը Խերսոնից զորքերի դուրսբերմանը։ Նրանք ընդհանուր առմամբ ուրախ են, որ Ուկրաինային զենքի տրամադրումն աշխատում է։

Բրիտանացի քաղաքագետ և Ռուսաստանի հարցերով գլխավոր փորձագետներից մեկը՝ Մարկ Գալեոտին, BBC Radio 4-ի եթերում զգուշացրել է խուսափել հապճեպ եզրակացություններից, սակայն, նրա կարծիքով, Խերսոնից զորքերի դուրսբերումը նշանակում է, որ եթե Ռուսաստանը նախկինում մտածում էր միայն պատերազմում հաղթելու մասին, հիմա նա արդեն սկսել է մտածել, թե ինչպես չպարտվել այն։

Al Jazeera հեռուստաալիքը ևս խոսել է Ռուսաստանի համար քաղաքական հետևանքների մասին։ Նա վերլուծել է իշխանամետ լրատվամիջոցների և տելեգրամյան ալիքների արձագանքները։ Դրանք խոսում են կա՛մ «դժվար որոշման» մասին, կա՛մ հայտարարում, որ Ռուսաստանը զիջում է այն տարածքները, որոնք նախկինում հայտարարել էր, որ իրենն են։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Պատրաստեց՝ Վաղինակ Ասատրյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter