HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի շարք քաղաքական գործիչներ, պետական պաշտոնյաներ և լրագրողներ ենթարկվել են հաքերային հարձակման

Նոյեմբերի 10-ին մի շարք քաղաքական գործիչներ, պետական պաշտոնյաներ, լրագրողներ Apple ընկերությունից iMessage-ով և/կամ Mail-ով հաղորդագրություններ են ստացել այն մասին, որ իրենց հեռախոսները ենթարկվել են Պետական մակարդակով իրականացվող հաքերային հարձակման։ Այս մասին հայտնել է «Սայբերհաբ» (CyberHUB) կազմակերպությունը։

«Apple-ն առաջարկում է հաղորդագրությունը ստացած մարդկանց՝ հետևել այս էջում տրված ցուցումներին․ https://support.apple.com/en-am/HT212960: CyberHUB-ը պատրաստ է նմանօրինակ ահազանգ ստացած լրագրողներին, քաղհասարակության ներկայացուցիչներին և հասարակական ակտիվիստներին անվճար աջակցություն ցուցաբերել՝ սարքի անվտանգությունը ստուգելու, Pegasus կամ Predator կիբեռզենքի հետքերը հայտնաբերելու ուղղությամբ»,- նշված է կազմակերպության ֆեյսբուքյան գրառման մեջ։

«Սայբերհաբի» համահիմնադիրներից Սամվել Մարտիրոսյանն էլ գրել է, որ իրենք տեղյակ են 10 մարդու մասին, որոնք հաքերային հարձակման են ենթարկվել։ Ստուգել են երկու հեռախոս, որոնցից մեկում հայտնաբերվել է Pegasus կիբերզենքը։ 

«Չենք կարող հաստատ ասել, թե որ երկրից է եղել վարակումը։ Կամ արդյոք մե՞կ երկրից է, թե մի քանի վարակման հետ գործ ունենք։ Այսինքն՝ չգիտենք՝ Հայաստանի հատուկ ծառայություններն են, Ադրբեջանի, Թուրքիայի, թե բոլորը միասին ու խառը։ Գիտենք հաստատ, որ դա պետական գործ է, քանի որ Պեգասուսը միայն պետական կառույցներին է վաճառվում»,- նշել է Սամվել Մարտիրոսյանը։

Հաքերային հարձակման ենթարկվածներից միայն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն է հայտնել, որ Apple-ից ստացած հաղորդագրության համաձայն՝ ինչ-որ երկրից փորձել են «կոտրել» իր հեռախոսը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter