HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դեմոկրատները պահպանել են Սենատի նկատմամբ վերահսկողությունը

ԱՄՆ դեմոկրատական կուսակցությանը հաջողվել է պահպանել վերահսկողությունը Սենատի նկատմամբ։ Դա հաջողվել է շնորհիվ Նևադա նահանգում դեմոկրատ Քեթրին Քորթես Մաստոյի հաղթանակի։ Ներկայացուցիչների պալատի համար պայքարը դեռևս շարունակվում է, սակայն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ գոհ է ընտրությունների արդյունքներից։

BBC-ն, հղում անելով ամերիկյան CBS հեռուստաընկերությանը, գրում է, որ Մաստոն, որը վեց տարի առաջ դարձել էր Սենատում առաջին լատինաամերիկացին, շրջանցել է հանրապետական թեկնածու Ադամ Լասքալթին, որին աջակցում էր նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ 

Այսպիսով, ներկայումս Դեմոկրատական կուսակցությունը Սենատում ստանում է 50 տեղ, իսկ Հանրապետականը՝ 49։ 

Միակ նահանգը, որտեղ միջանկյալ ընտրությունների արդյունքները դեռևս հայտնի չեն, Ջորջիան է։ Դեկտեմբերի 6-ին այնտեղ կկայանա Սենատի ընտրությունների երկրորդ փուլը։ Սակայն, եթե նույնիսկ Ջորջիայում հաղթի հանրապետական թեկնածուն, Սենատում ձայների հավասար բաշխման պարագայում որոշիչ է դառնալու ԱՄՆ դեմոկրատ փոխնախագահ Քամալա Հարիսի ձայնը։

«Ես գոհ եմ և անհամբերությամբ սպասում են հաջորդ մի քանի տարվան»,- ընտրությունների նախնական արդյունքները մեկնաբանելիս հայտարարել էր Ջո Բայդենը։ 

Սենատի նկատմամբ վերահսկողության պահպանումը նշանակում է, որ դեմոկրատները նախկինի պես կկարողանան կարևոր պաշտոններում ընտրել այն թեկնածուներին, որոնց առաջադրում է նախագահ Բայդենը, այդ թվում՝ դաշնային դատավորներին։

BBC-ն նշում է, որ Սենատում Ջո Բայդենի կուսակցության հաղթանակը հատկապես նշանակալի է, երբ գործող նախագահի վարկանիշն այդքան էլ բարձր չէ, և ԱՄՆ-ում գնաճի ներկայիս մակարդակն ամենաբարձրն է վերջին 40 տարվա ընթացքում։ Իսկ Ներկայացուցիչների պալատում հանրապետականների մեծամասնությունն այդքան ուժեղ չէ, ինչքան շատերը կանխատեսում էին ընտրություններից առաջ։ Հանրապետական կուսակցության ներսում ներքաղաքական պայքար է։ Շատերը Դոնալդ Թրամփին չեն տեսնում 2024 թվականի նախագահական ընտրություններում որպես կուսակցության միասնական թեկնածու։

Լուսանկարը՝ Elijah Nouvelage/Bloomberg

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter