HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որտեղ իր պատրաստակամությունն է հայտնել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման աջակցմանը։ Այդ մասին շաբաթ օրը՝ նոյեմբերի 12-ին, հայտարարել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։

«(Մակրոնը) հաստատել է Ֆրանսիայի ամբողջական պատրաստակամությունը աջակցել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և աշխատել տարածաշրջանում քաղաքական որոշման շուրջ, որը հնարավորություն կտա խաղաղություն հաստատել»,- նշվում է հայտարարության մեջ։

Ֆրանսիայի առաջնորդը նաև ողջունել է հայ-ադրբեջանական սահմանին Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության կայունացնող ազդեցությունը, որի տեղակայման մասին որոշումը ձեռք էր բերվել հոկտեմբերի 6-ին Պրահայում Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քառակողմ հանդիպման ժամանակ։ 

Ելիսեյան պալատը նաև հայտարարել է, որ Էմանուել Մակրոնն ու Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Թունիսում՝ ֆրանսախոս երկրների գագաթնաժողովի շրջանակներում։ 

Ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունն իր շեշտադրումներով էականորեն տարբերվում է ֆրանսիական կողմի տարածած հաղորդագրությունից։ Ըստ այդ երկրի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ Ալիևը կարևորել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Մակրոնի չեզոք և հավասարակշռված մոտեցումը։

«Նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում չեզոք, անաչառ և բալանսավորված մոտեցման ցուցադրման կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Ըստ այդ հաղորդագրության՝ Ալիևը նաև նշել է, որ վերջին օրերին հայկական կողմի հայտարարությունները «հակասում են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ու խաղաղ օրակարգին»։

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter