
Պայթյուն Ստամբուլում. զոհվել է 6 մարդ
Ստամբուլի կենտրոնում գտնվող զբոսաշրջային Իսթիքլյալ փողոցում նախօրեին՝ նոյեմբերի 13-ին պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է Yenisafak-ը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ զոհվել է առնվազն 6 մարդ, վիրավորվել 81-ը։
Ստամբուլի նահանգապետ Ալի Էրլիքայայի խոսքով՝ պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտ 16:20-ին (Երևանի ժամանակով՝ 17:20-ին)։ Երկրորդ պայթյունի վտանգից ելնելով՝ Իսթիքլյալ փողոցը փակվել էր, մարդկանց չէին թողնում մոտենալ դեպքի վայրին։ Տեղում աշխատում էին ոստիկանները և բժիշկները։
🇹🇷 — BREAKING: Explosion in Taksim square in Istanbul, Turkey. Updates to follow. pic.twitter.com/0fyFLeYwkn
— Belaaz News (@TheBelaaz) November 13, 2022
Թուրքիայի իշխանություններն արգելել էին լրատվամիջոցներին պայթյունի վայրից ուղիղ հեռարձակում իրականացնել։ Թուրքական լրատվամիջոցները գրում էին, որ հեռուստաընկերությունները դադարեցրել էին հեռարձակումը և սկսել պատմել այլ նորությունների մասին։ Ոստիկաններն էլ շրջափակել էին պայթյունի վայրն ու Թաքսիմ հրապարակը, որը դեպքի վայրից մի քանի թաղամաս այն կողմ է գտնվում։
Ստամբուլի դատախազությունը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչական գործողություն։ Նույնը հայտարարել է նաև Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։
🇹🇷🚨 — BREAKING: Injuries reported following a large explosion in Taksim square in Istanbul, Turkey. Updates to follow. pic.twitter.com/rxbyILCs7c
— Belaaz News (@TheBelaaz) November 13, 2022
Anadolu գործակալությունը հայտնում է, որ թուրքական ոստիկանությունը ձերբակալել է պայթյունի իրականացման մեջ կասկածվողին։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի խոսքով՝ նա ձերբակալվել է Ստամբուլում։
«Հարձակվողը կին է եղել, նա գործարկել է ռումբը։ Դա խոսում է ահաբեկչական գործողության մասին։ Պայթյունի հետևանքով զոհվել է վեց մարդ։ Վիրավորների թիվը հասել է 81-ի, երկուսի վիճակը գնահատվում է ծանր»,- իր հերթին հայտարարել է Օքթայը։ Նրա պնդմամբ՝ չորս մարդ զոհվել է տեղում, ևս երկուսը՝ հիվանդանոցում։ Ահաբեկչության հետաքննությամբ զբաղվում է Թուրքիայի գլխավոր դատախազության 14 հետաքննիչ, ինչպես նաև դատական փորձագետներ։
⚠️‼️💥🇹🇷🏴☠️The moment of the explosion in Istanbul, caught on CCTV cameras
— AZ 🛰🌏🌍🌎 (@AZgeopolitics) November 13, 2022
It is planted bomb in can be seen from 0:10 in the lower right corner of the video... pic.twitter.com/WOYVpkwobU
Սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես են մարդիկ փախչում Իսթիքլյալ փողոցում, որտեղ կան մեծ թվով ռեստորաններ և խանութներ։ Թաքսիմ հրապարական ու Իսթիքլյալ փողոցը Ստամբուլի ամենամարդաշատ վայրերից են։
Իսթիքլյալ փողոցը 2015-2016 թվականներին արդեն իսկ դարձել է ահաբեկչական մի քանի հարձակումների թիրախ, որոնց համար պատասխանատվությունն ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Ստամբուլում վերջին խոշոր ահաբեկչությունը տեղի էր ունեցել 2017 թվականի հունվարի 1-ի գիշերը, երբ ինքնաձիգով զինված տղամարդը ներխուժել էր Բոսֆորի ափին գտնվող գիշերային ակումբ և կրակ բացել այցելուների ուղղությամբ։ Դրա հետևանքով զոհվել էր 39 և վիրավորվել 69 մարդ։
Լուսանկարը՝ AP Photo/Francisco Seco
Մեկնաբանել