Բալիում մեկնարկել է G20-ի գագաթնաժողովը
Բալիում մեկնարկել է 20-ի խմբի (G20) երկրների առաջնորդների գագաթնաժողովը։ Reuters գործակալության փոխանցմամբ՝ գագաթնաժողովի մեկնարկին Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն կոչ է արել գործել միասնաբար և վերականգնել համաշխարհային տնտեսությունը։
«Մենք այլ ելք չունենք, անհրաժեշտ է համագործակցություն, որպեսզի փրկենք աշխարհը։ G20-ը պետք է դառնա ներառական տնտեսական վերականգնման կատալիզատոր։ Մենք չպետք է աշխարհը բաժանենք մասերի։ Մենք չպետք է թույլ տանք, որ աշխարհը հայտնվի հերթական սառը պատերազմում»,- իր ելույթում նշել է Ինդոնեզիայի նախագահը։
Financial Times-ը գրում է, որ G20-ի երկրները համաձայնեցրել են կոմյունիկեի նախագիծը, որտեղ մերժվում է «պատերազմի դարաշրջանը» և միջուկային զենքի կիրառումը։ «Անդամների մեծամասնությունը վճռականորեն դատապարտել են Ուկրաինայում պատերազմը և ընդգծել, որ այն հանգեցնում է մարդկային մեծաքանակ տառապանքների ու խորացնում առկա անկայունությունը համաշխարհային տնտեսությունում»,- նշվում է կոմյունիկեի նախագծի մեջ։
Փաստաթուղթը պատրաստվել է Արևմտյան երկրների, Ռուսաստանի և Չինաստանի պաշտոնատար անձանց միջև մի քանի օր տեղի ունեցած բանակցություններից հետո։
Գագաթնաժողովը կտևի մինչև նոյեմբերի 16-ը։ Բացի Ռուսաստանը, մյուս երկրները ներկայացնում են այդ երկրի առաջնորդները։ Ռուսական պատվիրակության ղեկավարն արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն է։ Նախօրեին տեղեկատվություն էր տարածվել, որ Լավրովը, սրտի հետ կապված խնդիրներով, հոսպիտալացվել է։ Ավելի ուշ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերքել էր դա և տեսանյութ հրապարակել հյուրանոցից։
Գագաթնաժողովից առաջ կայացել էր նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հանդիպումը։ Կողմերը պայմանավորվել էին շարունակել համագործակցությունը և թույլ չտալ միջուկային զենքի կիրառումը։ Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ Ջո Բայդենը հիշատակել է Ուկրաինայում պատերազմը, որը ձեռնարկվել է Ռուսաստանի կողմից, ինչպես նաև «միջուկային զենքի կիրառման Ռուսաստանի անպատասխանատու սպառնալիքները»։ Սի Ծինփինը համաձայնել է, որ միջուկային պատերազմ չպետք է վարվի, և դրանով չի կարելի հաղթել։ Երկու երկրի առաջնորդներն իրենց անհամաձայնությունն էին հայտնել նաև Ուկրաինայում միջուկային զենքի կիրառմանը կամ դրա կիրառման սպառնալիքներին։
Լուսանկարը՝ Dita Alangkara/Pool via REUTERS
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել