HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Եկել է ժամանակը, երբ պատերազմը պետք է և կարող է կանգնեցվել». Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունեցել G20-ի գագաթնաժողովին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապի միջոցով ելույթ է ունեցել G20-ի երկրների առաջնորդների առաջ, որոնք Ինդոնեզիայում մասնակցում են 20-ի խմբի գագաթնաժողովին։ BBC-ի փոխանցմամբ՝ նա կոչ է արել կանգնեցնել պատերազմը, որը Ռուսաստանը վարում է Ուկրաինայի դեմ և «խաղաղության իր բանաձևը» ներկայացրել 10 կետով։

«Ես համոզված եմ, որ հիմա եկել է ժամանակը, երբ ռուսական կործանիչ պատերազմը պետք է և կարող է կանգնեցվել։ Դա կփրկի հազարավոր կյանքեր»,- իր ելույթում հայտարարել է Զելենսկին։

Նա մի քանի անգամ 20-ի խումբն անվանել է 19-ի խումբ՝ ցանկից հստակորեն հանելով Ռուսաստանին։ Զելենսկին գագաթնաժողովի մասնակիցներին ներկայացրել է 10 կետանոց իր բանաձևը։ Այն ունի հետևյալ տեսքը. միջուկային, պարենային և էներգետիկ անվտանգություն, բոլոր գերիների և Ուկրաինայի բնակիչների ազատ արձակում, որոնք տեղահանվել են Ռուսաստանի տարածք, Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնում, ռուսական զորքերի դուրսբերում և մարտական գործողությունների դադարեցում, արդարության վերականգնում, էկոցիդին հակազդում, էսկալացիայի անթույլատրելիություն, պատերազմի ավարտի ամրագրում։

Զելենսկին հայտարարել է, որ պատերազմը պետք է ավարտվի «արդարորեն և ՄԱԿ-ի կանոնադրության ու միջազգային իրավունքի հիման վրա»։ Նա ընդգծել է, որ խաղաղության գործընթացի մեկնարկի համար Ռուսաստանը պետք է դուրս հանի իր զորքերը Ուկրաինայի տարածքից, փոխհատուցի վնասների համար, որոնք հասցվել են Ուկրաինային և ճանաչի նրա տարածքային ամբողջականությունը։

Ուկրաինայի նախագահը կոչ է արել անցկացնել միջազգային կոնֆերանս՝ «հետպատերազմական անվտանգության ճարտարապետության հիմնարար տարրի ամրապնդման» համար և կանխարգելել Ռուսաստանի կողմից ագրեսիայի կրկնումը։

Վլադիմիր Զելենսկին նաև կոչ է արել ազատ արձակել ուկրաինացի բոլոր ռազմագերիներին ու Ռուսաստանին առաջարկել փոխանակել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Նրա գլխավոր խնդրանքներից մեկը եղել է ուկրաինական հացահատկի գործարքի երկարաձգումը, որը հուլիսին կնքվել էր ՄԱԿ-ի և Ռուսաստանի միջև։ Այն հնարավորություն էր տալիս ուկրաինական նավահանգիստներից, որոնք արգելափակվել էին ռուսական ռազմանավերի կողմից, դուրս բերել ուկրաինական հացահատիկը։ Գործարքը լրանում է նոյեմբերի 19-ին։

Զելենսկին ասել է, որ համաձայնագիրը պետք է երկարաձգվի անժամկետ, անկախ այն հանգամանքից, թե երբ կավարտվի պատերազմը։ «Սննդի իրավունքն աշխարհում յուրաքանչյուր մարդու հիմնարար իրավունքն է»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը՝ առաջարկելով այն տարածել նաև Նիկոլաևի մարզի մյուս նավահանգիստների վրա։

Ինչպես հայտնում է Bloomberg գործակալությունը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, որը գլխավորում է ռուսական պատվիրակությունը Վլադիմիր Պուտինի փոխարեն, Զելենսկու տեսաուղերձի ժամանակ չի հեռացել սրահից։ Բացի այդ, գագաթնաժողովի մասնակիցները չեն բոյկոտել նաև հենց Լավրովի ելույթը, որը հերթական անգամ հայտարարեց, որ «Ռուսաստանն Ուկրաինայում կռվում է նացիստների դեմ»։

Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter