HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Երկրագնդի բնակչությունը հասել է 8 միլիարդի

2022 թվականի նոյեմբերի 15-ին Երկիր մոլորակի բնակչությունը հասել է 8 միլիարդի։ Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը (UNFPA)։

«Սա առիթ է նշելու մեր բազմազանությունը, ճանաչել մեր ընդհանուր մարդկությունը և հիանալ առողջապահության ոլորտում մեր նվաճումներով, որոնք հնարավորություն են տվել մեծացնել կյանքի տևողությունն ու էականորեն կրճատել մայրական ու մանկական մահացության մակարդակը»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը։

Նա նշել է, որ Երկրագնդի բնակչության մեծացումը պետք է դառնա հիշեցում «մեր մոլորակի նկատմամբ խնամքի ընդհանուր պատասխանատվության և պահ մտածելու այն մասին, թե որտեղ մենք չենք կատարում մեր պարտավորությունները միմյանց նկատմամբ»։

Զեկույցում նշվում է, որ Երկրագնդի բնակչությունը 1950 թվականից ի վեր աճում է ամենադանդաղ տեմպերով՝ 2020 թվականին կրճատվելով մինչև 1 տոկոսի։ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի տվյալներով՝ 2023 թվականին Հնդկաստանը կգերազանցի Չինաստանին՝ դառնալով ամենախիտ բնակչություն ունեցող երկիրն աշխարհում։ Կանխատեսվում է, որ 2030 թվականին բնակչության թիվը կարող է հասնել 8,5 միլիարդի, իսկ մինչև 2050 թվականը՝ 9,7 միլիարդի։ Բնակչության թվաքանակի պիկը կգրանցվի 2080-ական թվականներին՝ հասնելով 10,4 միլիարդի և այս մակարդակում կմնա մինչև 2100 թվականը։

Մինչև 2050 թվականը աշխարհի բնակչության կանխատեսվող աճի ավելի քան կեսը կկենտրոնացվի ութ երկրում. Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում, Եգիպտոսում, Եթովպիայում, Հնդկաստանում, Նիգերիայում, Պակիստանում, Ֆիլիպիններում և Տանզանիայի Միացյալ Հանրապետությունում։

Նշվում է, որ վերջին տասնամյակներին աշխարհի երկրների մեծ մասում ծնելիությունը էականորեն կրճատվել է։ Ավելին, 2022-2050 թվականներին 61 երկրի բնակչությունը կկրճատվի 1 %-ով կամ ավելին։ Դա տեղի կունենա ոչ միայն ծնելիության մակարդակի նվազման, այլև այլ պատճառներով, որոնց թվում է, օրինակ, արտագաղթի բարձր տեմպերը։

Իլյուստրացիան՝ news.sky.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter