HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանը զանգվածային հրթիռակոծման է ենթարկել Կիևն ու ուկրաինական մարզերը

Ուկրաինայի մայրաքաղաքն ու մարզերը Ռուսաստանի կողմից ենթարկվել են զանգվածային հրթիռակոծման։ Այդ մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցներն ու ուկրաինացի պաշտոնյաները։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ հրթիռակոծման տակ են հայտնվել մայրաքաղաքի բնակելի շենքերը։ «Հարձակում մայրաքաղաքի վրա։ Պեչերսկի շրջանում, նախնական տվյալներով, (հրթիռը) ընկել է երկու բնակելի շենքի վրա։ Կիևի վրա ՀՕՊ-ը խոցել է մի քանի հրթիռ։ Բժիշկներն ու փրկարարները տեղում են»,- գրել է Կլիչկոն։ Ավելի ուշ, Կլիչկոն հայտնել է, որ մեկ այլ հրթիռ էլ նույն շրջանում ընկել է մեկ այլ շենքի վրա։ Կլիչկոն նաև նշել է, որ փլատակների տակ հայտնաբերվել է մարմին։

«Труха» տելեգրամյան ալիքը տեսանյութ է հրապարակել, որտեղ, ինչպես նշվում է, երևում են Կիևում բնակելի շենքի հրթիռակոծման հետևանքները։

Ուկրաինայի ՆԳՆ-ից ևս հայտնել են բնակելի շենքերի վրա երկու հրթիռի ընկնելու մասին ու մարդկանց կոչ արել մնալ թաքստոցներում։ «ՀՕՊ-ը Կիևի վրա խոցել է թևավոր հրթիռ, որն ուղղված էր կրիտիկական ենթակառուցվածքների օբյեկտներից մեկին։ <...> Կան տուժածներ»,- հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոն։

Բացի այդ, նշվում է, որ ուկրաինական հակաօդային պաշտպանությունը գործել է Պոլտավայի, Վինիցայի, Ժիտոմիրի, Սումիի, Օդեսայի, Չերկասիի և Խմելնիցկու մարզերում։ «Труха» տելեգրամյան ալիքը գրում է նաև Խարկովում պայթյունների մասին։ Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հաստատել է այդ տեղեկատվությունը։ «Политика страны»-ն, հղում անելով «Суспильне»-ին, գրում է, որ Խարկովում պայթյուններից հետո մետրոն դադարեցրել է իր աշխատանքը։ Համացանցում հայտնվել է նաև Կիևի մետրոյում առկա իրավիճակը։

Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովոյը նույնպես հայտնել է պայթյունների մասին։ Նրա փոխանցմամբ՝ քաղաքի մի մասը հոսանքազրկվել է։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի փոխղեկավար Կիրիլ Տիմոշենկոն էներգետիկ ենթակառուցվածքների հետ կապված իրավիճակն անվանել է կրիտիկական։ «Ամենաշատ թվով հարվածները գրանցվել են երկրի կենտրոնում և հյուսիսում։ Մայրաքաղաքում իրավիճակը շատ ծանր է, մտցվում են վթարային անջատումների հատուկ գրաֆիկներ։ Укрэнерго-ն ստիպված է սկսել լույսի արտակարգ անջատում»,- գրել է նա։

Ուկրաինայի ազգային հանրային հեռուստառադիոընկերության թղթակիցները փոխանցում են, որ պայթյունի ձայներ են լսվում նաև Կրիվոյ Ռոգում։

Ժիտոմիրի քաղաքապետ Սերգեյ Սուխոմլինն էլ հայտնել է, որ քաղաքի ուղղությամբ արձակվել է երկու հրթիռ։ Նրա խոսքով՝ դրանք ընկել են էներգաենթակառուցվածքների օբյեկտի վրա, որի հետևանքով քաղաքը հոսանքազրկվել է։ Ուկրաինայի հյուսիս-արևմուտքում գտնվող Ռովնո քաղաքի քաղաքապետ Ալեքսանդր Տրետյակը ևս հայտարարել է քաղաքի հոսանքազրկման մասին։

Նախօրեին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան բանաձև էր ընդունել Ռուսաստանից Ուկրաինայի վնասների փոխհատուցման օգտին։ Փաստաթուղթը ենթադրում է վնասի ռեեստրի ստեղծում, որտեղ կցուցակագրվեն ուկրաինական վնասները։ Բանաձևի օգտին կողմ էր քվեարկել 94 երկիր, դեմ՝ 14-ը, ձեռնպահ՝ 73-ը։ Դեմ քվեարկած երկրների թվում էին Բելառուսը, Սիրիան, Չինաստանը, Կուբան, Իրանը, Զիմբաբվեն և Էրիթրեան։ Հայաստանը ձեռնպահ քվեարկած երկրների թվում էր։

Լուսանկարը՝ GLEB GARANICH/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter