HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Երկու հրթիռ ընկել է Լեհաստանի տարածքի վրա, կա 2 զոհ. ինչ է հայտնի այս պահի դրությամբ

Երկու հրթիռ նոյեմբերի 15-ի ցերեկն ընկել է Լեհաստանի տարածքի վրա, երբ ռուսական բանակը զանգվածային հրթիռակոծության էր ենթարկում Ուկրաինայի տարածքը։ Հրթիռներն ընկել են Լյուբլինի վոևոդության Պշևոդուվ գյուղի տարածքում, որն Ուկրաինայի հետ սահմանից գտնվում է 5 կիլոմետր հեռավորության վրա։ Առաջինն այդ մասին հայտնել էր լեհական ZET ռադիոկայանը։ Վերջինիս տվյալներով՝ հրթիռներն ընկել էին հացահատկի չորանոցի վրա, որի հետևանքով զոհվել է երկու մարդ։

Lublin112 պարբերականի տվյալներով՝ տեղի ժամանակով 15:35-ին (Երևանի ժամանակով՝ 18:35-ին) հրթիռներն ընկել են թրթուրավոր տրակտորի մոտ, որի հետևաքնով պայթյուն է տեղի ունեցել։ Լեհ փրկարարները պաշտոնապես հայտնել են Պշևոդուվում պայթյունի մասին, սակայն չեն հայտնել դրա պատճառը։ Դեպքի վայր է ժամանել Լյուբլինի վոևոդ Լեխ Սպրավկան, որը հավանական է համարել, որ գյուղում կարող էր լինել դժբախտ պատահար։ Սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակվել, որը, ենթադրաբար, արվել է դեպքի վայրում։

Ամերիկյան հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան Associated Press գործակալությանը տեղեկացրել է, որ Լեհաստանի տարածքում, իբր, ընկել են ռուսական հրթիռները։ ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը հայտարարել է, որ Պենտագոնը դեռևս նման տեղեկատվություն չունի, որը կարող է հաստատել, որ Լեհաստանի տարածքում ընկած հրթիռները ռուսական են եղել։ Սպիտակ տանն էլ հայտարարել են, որ ուսումնասիրում են տեղեկատվությունը։

Փոխարենը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ քիչ հավանական է համարում, որ հրթիռն արձակվել է Ռուսաստանի տարածքից։ «Ես չեմ ուզում դրա մասին խոսել մինչև հետաքննության ավարտը, սակայն քիչ հավանական է, որ դա արձակվել է Ռուսաստանից»,- ասել է Բայդենը։ 

Չեխիայի պաշտպանության նախարար Յանա Չերնոխովան հայտարարել է, որ Լեհաստանի տարածքում հրթիռների ընկնելը հաստատվել է։ Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսը միևնույն ժամանակ նշել է, որ «հանցավոր ռուսական վարչակարգը» Ուկրաինայի դեմ արձակել է հրթիռներ, որոնք «Լեհաստանում ընկել են ՆԱՏՕ-ի տարածքի վրա»։

Լատվիայի վարչապետ Կրիշյանիս Կարինշը հայտարարել է, որ նոյեմբերի 16-ի առավոտյան լատվիական կառավարությունը այս հարցով արտակարգ նիստ է հրավիրելու։ Էստոնիայի ԱԳՆ-ն էլ իր համերաշխությունն է հայտնել Լեհաստանին և հայտարարել, որ «պատրաստ է պաշտպանել ՆԱՏՕ-ի տարածքի ցանկացած դյույմ»։ 

Համացանցում շրջանառվում է մի վարկած, որ Լեհաստանում հնարավոր ռուսական հրթիռի բեկորները կարող էին հայտնվել Ուկրաինայի ՀՕՊ-ի կողմից դրանց խոցվելուց հետո։ Այդ մասին առաջինը հայտարարել է ZET-ի լրագրող Մարիուշ Գերշևսկին, որը հղում է անում իր աղբյուրների տվյալներին։ Մյուս աղբյուրները դեռևս չեն հաստատել այս տեղեկատվությունը։ Ռուսական կրեմլամետ Mash տելեգրամյան ալիքն էլ հայտնել է, որ Լեհաստանի տարածքում ընկած հրթիռն արձակվել է C-300 կայանից, որը առկա է Ուկրաինայի զինված ուժերի սպառազինությունում։ Սոցիալական ցանցերում տարածվում է բեկորի լուսանկարը, ինչի պատճառով մի շարք փորձագետներ պնդում են, որ դա իրոք C-300-ի հրթիռի բեկոր է, բայց թե որտեղ և երբ է արվել լուսանկարը, հայտնի չէ։ РИА Новости-ն ևս պնդում է, որ հրթիռն արձակվել է ուկրաինական կողմից։ Լեհական Rzeczpospolita թերթն էլ գրում է, որ կառավարությունում իր աղբյուրի տվյալներով, լեհական իշխանություններն ստուգում են, թե որ երկրի հրթիռն է ընկել իրենց տարածքում։

Լեհաստանի կառավարության մամուլի քարտուղար Պետր Մյուլերը հայտարարել է, որ վարչապետ Մատեուշ Մորավեցկին նոյեմբերի 15-ի երեկոյան հրավիրել է կառավարությանը կից անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի նիստ։ «Ես կոչ եմ անում դեռևս չհրապարակել չհաստատված տեղեկատվություն, մենք դա կմեկնաբանենք նիստից հետո, որը տեղի կունենա հիմա»,- նոյեմբերի 15-ի երեկոյան հայտնել էր Մյուլերը։ Չհաստատված տվյալներով՝ Լեհաստանի ռազմաօդային ուժերը Տոմաշուվ-Մազովեցկի օդակայանից օդ են բարձրացրել կործանիչներ։ Լեհական կառավարությունը հայտարարել է, որ որոշ զորամասերում բարձրացվել է մարտունակությունը։

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը բանակցություններ են վարել։ Լեհաստանի իշխանությունները որոշել են ստուգել, թե արդյոք անհրաժեշտ է ակտիվացնել ՆԱՏՕ-ի 4-րդ հոդվածը, որի համաձայն «կողմերը կխորհրդակցեն բոլոր այն դեպքերում, երբ իրենց կարծիքով վտանգված է կողմերից որևէ մեկի տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը կամ անվտանգությունը»։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ դաշնակիցները խորհրդակցություններ են վարում Լեհաստանում տեղի ունեցածի շուրջ և բոլոր փաստերը պետք է պարզվեն։

Լեհաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ։ Լեհական դիվանագիտական գերատեսչությունը պնդում է, որ հրթիռները ռուսական ծագման են։ 

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ տարածվող տեղեկատվությունը «նպատակամիտված սադրանք է՝ իրավիճակի լարման նպատակով»։ «Ռուսական խոցման միջոցներով լեհ-ուկրաինական պետական սահմանի մոտ գտնվող թիրախներին ոչ մի հարված չի հասցվել։ Լեհական ԶԼՄ-ների կողմից Պշևոդուվ բնակավայրում տեղի ունեցած միջադեպի վայրից տաք հետքերով հրապարակված բեկորները ոչ մի առնչություն չունեն ռուսական խոցման միջոցների հետ»,- հայտարարել է ռուսական պաշտպանական գերատեսչությունը։

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության փոխղեկավար Վենդանթ Փաթելը, մեկնաբանելով ՌԴ ՊՆ հայտարարությունը, ասել է, որ «ԱՄՆ-ն վստահաբար չի ցանկանում հասնել իրավիճակի սրմանը կամ այս կամ այն կերպ սադրել իրավիճակը»։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն պատրաստ է կանգնել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների կողքին, սակայն դեռևս չի ցանկանում քննարկել հիպոթետիկ սցենարներ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով Լեհաստանում տեղի ունեցածը, ասել է, որ «տեռորը չի սահմանափակվում մեր պետական սահմաններով»։ «Ռուսական հրթիռները հարվածել են Լեհաստանին։ Քանի՞ անգամ է Ուկրաինան ասել այն մասին, որ ահաբեկիչ-պետությունը մեր երկրով չի սահմանափակվում։ Դա ժամանակի հարց է, երբ ռուսական տեռորը առաջ կգնա»,- ասել է Զելենսկին իր տեսաուղերձում։ 

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, իր հերթին, ասել է, որ ռուսաստանցիները «չեն մտածում կանգ առնել Ուկրաինայում»։ Երմակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն էլ գրել է, որ Լեհաստանում հրթիռների ընկնելը «պլանավորված «ողջույն է» ՌԴ-ից, որը թաքցվում է «սխալմունքի» տակ»։

Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան էլ կոչ է արել Ուկրաինային  տրամադրել ժամանակակից ինքնաթիռներ և ՀՕՊ համակարգեր, «որպեսզի մենք կարողանանք խոցել ռուսական ցանկացած հրթիռ»։ «Այսօր Ուկրաինայի երկինքը նշանակում է ՆԱՏՕ-ի պաշտպանություն»,- ասել է ուկրաինացի նախարարը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ Ռուսաստանը կապ չունի հրթիռների արձակման հետ։ «Ես ստիպված եմ հարգել Ռուսաստանի դիրքորոշումը, որը հայտարարել է, որ դրանք իր հրթիռները չեն։ Մեզ համար դա կարևոր է»,- Բալիում հայտարարել է Էրդողանը։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter