
«Մուրացան» ԲԿ-ում բռնություն են կիրառել բժշկի և անվտանգության աշխատակցի նկատմամբ
Այսօր «Մուրացան» բժշկական կենտրոնում մի խումբ անձինք հարձակվել են բժշկական կենտրոնի անվտանգության աշխատակցի վրա, ձեռքերով և ապակյա շշերով հարվածել նրան, հետո մտել հիվանդանոց, այնտեղ բռնություն կիրառել բժշկուհու նկատմամբ։
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում խուլիգանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ։
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, անդրադառնալով այս դեպքին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ անընդունելի է ու անմարդկային, երբ մարդը ձեռք է բարձրացնում բժշկի վրա` իր մասնագիտական առաքելությունն իրականացնելու պահին։
Նա նշել է, որ բժշկուհին, հավատարիմ մնալով իր կոչմանը, բռնությունից հետո շարունակել է իր մասնագիտական առաքելությունը և բուժօգնություն ցուցաբերել փոքրիկին, ում ծնողը համարձակվել էր անթույլատրելի ու պատժելի արարք կատարել։
«Գտնում եմ, որ ամենախիստ պատժի ու պարսավանքի պետք է ենթարկվի այս դեպքը։ Հասարակությունը պարտավոր է մերժել ու դատապարտել նման դեպքերը, իսկ իրավապահներից ակնկալում ենք օրենքի ողջ խստությամբ պատիժ։ Չմոռանանք, որ արարքի պատճառած բարոյական վնասը ոչ միայն բժշկին է, այլև մեր ողջ հասարակությանը։ Նմանատիպ երևույթներն անառողջ, փոխադարձ անվստահության մթնոլորտ են ստեղծում»,- գրել է նա։
Մեկնաբանել