HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաքվի ռեժիմին ԱՄՆ-ի որեւէ աջակցություն չի կարող արդարացվել. սենատոր Մենենդես

Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նոյեմբերի 16-ի լսումների ժամանակ քննարկվել է Արցախում հումանիտար ճգնաժամը, հայերի նկատմամբ Ադրբեջանի ամենօրյա բռնության սպառնալիքները եւ Ադրբեջանին ԱՄՆ-ի աջակցության նպատակահարմարությունը 2020 թվականի պատերազմից հետո։ 

Հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանել են Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդին և պետքարտուղարի Կովկասի հարցերով խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքերին։

Ամերիկայի հայկական համագումարի հաղորոդմամբ, բացման խոսքում հանձնաժողովի նախագահ Մենենդեսը հայտարարել է, որ «այս տարածաշրջանի մարդիկ չեն ցանկանում ապրել բռնության սպառնալիքի տակ և չեն ցանկանում, որ իրենց վրա ատրճանակի փողով պարտադրվի ավտոկրատական իշխանություն»:

Նա ընդգծել է, որ հայ ժողովուրդն «արժանի է ապրելու խաղաղության մեջ, արժանի է ազատության և անվտանգության: Իսկ դա նշանակում է՝ երաշխավորել, որ խաղաղ համաձայնագիրը չի հանգեցնի Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի էթնիկ զտումների: Դա նշանակում է լուծել մարդասիրական կարիքները, ճգնաժամն այնտեղ: Դա նշանակում է պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր պատվիրում և իրականացնում են բռնությունները, որոնք մենք տեսել ենք այս տարածաշրջանում»:

Անդրադառնալով տարածաշրջանում հակամարտության արմատներին՝ նախագահ Մենենդեսը նշել է, որ «կայսերական նկրտումներով բռնապետները զոհ են դարձրել Հարավային Կովկասում ապրողներին»։ 

Նա ԱՄՆ-ի մարդասիրական արձագանքը հայերին «անբավարար» է գնահատել և իր վրդովմունքն արտահայտել Ադրբեջանին անվտանգության ամենամյա աջակցության կապակցությամբ:

«Ինչպե՞ս կարող է Միացյալ Նահանգները արդարացնել Բաքվի ռեժիմին ցանկացած տեսակի աջակցություն՝ անվտանգության կամ այլ նկատառումներով: Դա աններելի է: Անձամբ ես կարծում եմ, որ դա բարոյապես նողկալի է եւ ծաղրում է Ազատության աջակցության ակտը, որի 907-րդ հոդվածն արգելում է Ադրբեջանին անվտանգության աջակցությունը, քանի դեռ այն չի դադարեցրել շրջափակումը և ուժի կիրառումը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ»,- ասել է Մենենդեսը:

Ըստ նրա՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը շրջանցել է Ազատության աջակցության ակտի 907-րդ հոոդվածը եւ 600,000 ԱՄՆ դոլար խնդրել 2022 թվականի համար՝ Ադրբեջանին «միջազգային ռազմական կրթություն և ուսուցում տրամադրելու նպատակով»։

Սենատորը քննադատել է նաեւ ԱՄՆ-ի դիրքորոշումը՝ կողմերի միջեւ հավասարություն դնելու եւ ընդգծել, որ ագրեսորին (նկատի ունի Ադրբեջանը-խմբ.) պետք է կոչել ագրեսոր։ Դեսպան Ռիլքերին դիմելով՝ Ռոբերտ Մենենդեսը կշտամբել է ԱՄՆ-ին՝ սպիտակ ֆոսֆորի կիրառման, հայ զինվորների սպանությունների տեսանյութերը ստուգելու ուղղությամբ քայլեր չձեռնարկելու համար։    

Ի պատասխան՝ դեսպան Ռիլքերը նշել է, որ իր էլեկտրոնային նամակների փոստարկղը լի է նման տեսանյութերով, սակայն Ադրբեջանի կողմից արգելված զենքի, ի մասնավորի՝ սպիտակ ֆոսֆորի կիրառման մասին զեկույցների ծանոթ չէ։ Իսկ պետքարտուղարի օգնական Դոնֆրիդը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ի տրամադրած աջակցությունն Ադրբեջանին սոսկ պաշտպանական բնույթ ունի եւ չի կարող օգտագործվել Հայաստանի դեմ։   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter