
Համընդհանուր հայտարարագրման համակարգ՝ 2023-ից
Կառավարությունն առաջարկում է Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ ներդնել 3 փուլով՝ 2023, 2024 և 2025 թվականներին՝ ըստ հայտարարատու անձանց խմբերի:
2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր պետք է ներկայացնեն պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները, նոտարները, 1 միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած քաղաքացիները, 20 մլն դրամ կամ ավելի փոխառություն ստացած քաղաքացիները, 2023-ին եկամտային հարկի վերադարձման համակարգից օգտված անձինք, նաև այն քաղաքացները, որոնք 2023 թ.-ին եկամուտներ են ստացել Հայաստանից դուրս գտնվող աղբյուրներից։
2024-ին հայտարարագիր պետք է ներկայացնեն նույն տարվա ընթացքում վարձու աշխատող համարված ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի քաղաքացիները, քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացածները, պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները, Հայաստանից դուրս գտնվող աղբյուրներից եկամուտներ ստացած անձինք։
2025 թվականի հաշվետու տարվա և դրան հաջորդող տարիներին հայտարարագիր պետք է ներկայացնեն ՀՀ բոլոր քաղաքացիները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ արդյոք խոսքը միայն չափահաս քաղաքացիների մասին է։
Նախագծի զեկուցող Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ դեռ պետք է քննարկեն և հստակեցնեն։
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ հայտարարագրեր ներկայացնելու պարտավորություն ունեցող ֆիզիկական անձանց բանկային գաղտնիք համարվող տեղեկությունները ենթակա են տրամադրման հարկային մարմնին՝ հարկային մարմնի և Կենտրոնական բանկի համատեղ հրամանով սահմանված կարգով։ Իսկ սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագրեր չներկայացնելու դեպքում ֆիզիկական անձանց եկամտային հարկի գումարները ենթակա են վերադարձման պետական բյուջե:
Նախատեսվում է, որ հայտարարագրում ինքնաշխատ եղանակով պետք է լրացվի հարկային մարմնի տրամադրության տակ առկա տեղեկատվությունը, օրինակ՝ հարկային գործակալի կողմից հաշվարկված եկամուտների և վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը: Հայտարարագիրը պետք է ներկայացվի մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը:
Նախագիծն անհետաձգելի կարգով կքննարկվի Ազգային ժողովում։
Մեկնաբանել