HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

«Հայկական ծրագրեր»-ը վերազինել է բանկերին առաջարկվող իր պլատֆորմը

Բանկերի ու մյուս ֆինանսական կազմակերպությունների համար «Հայկական ծրագրեր» ընկերությունը լրամշակել է իր հայտնի պլատֆորմը՝ 4X-ը, որն արդեն կկոչվի 8X:  Ընկերության մշակած այս համակարգը և առհասարակ ՀԾ-Բանկ կոչվող ծրագիրը ֆինանսական կազմակերպությունների գործունեության ավտոմատացման ամբողջական լուծում է: Պլատֆորմի միջոցով ֆինանսական կազմակերպությունները ապահովում են իրենց օնլայն բանկինգ ծառայությունները, ամբողջ աշխատանքային գործընթացի ավտոմատացումը։

4X-ը մշակվել է դեռևս 20 տարի առաջ և հիմա խոչընդոտների է հադիպում ֆինանսական համակարգի ու նոր տեխնոլոգիաների զարգացման հետևանքով։ Գործող 18 բանկից 9-ը կիրառում է այն։ Նրանց մի մասն արդեն անցում է կատարել այս պլատֆորմի առավել հագեցած տարբերակին՝ 8X-ին։

«Բանկերից եղել են դժգոհություններ։ Մենք էլ տեսել ենք, որ արդեն եղած տեխնոլոգիաներով չենք կարողանում բավարարել պահանջները և երկար ժամանակ այդ ծրագիրը փոխելու մասին էինք մտածում։ Մենք հասկացանք, որ ինչ-որ փակուղու առաջ ենք արդեն կանգնած։ Կար երեք ճանապարհ՝ նորը գրել, դրսից բերել կամ թարմացնել արդեն եղած տարբերակը։ Որոշեցինք, թարմացնել»,- «Հետք»-ի հետ զրույցում պատմում է  «Հայկական ծրագրեր» ընկերություն նախագահ Աշոտ Խաչատրյանը։ 

Լուսանկարում՝ Աշոտ Խաչատրյանը

Բանկերն արդեն փուլ առ փուլ կիրառում են 8X-ը։ Պլատֆորմի ուղղությամբ ընկերության մասնագետները շարունակ աշխատում են, քանի որ ինչպես նախորդ ծրագրերը, այն ևս պարբերաբար թարմացումների ու լրամշակման կարիք է ունենում։ Նպատակը՝ ավելի արդյունավետ դարձնել այն կիրառող կազմակերպությունների աշխատանքը։

«4X-ը նախագծված է 2000-ականներին, այդ ժամանակվա տեխնոլոգիաներով, որոնք հիմա Microsoft-ը չի զարգացնում։ Այն հիմա փոքր-ինչ հետ է մնում տեխնոլոգիական առաջընթացից։ Հիմա արդեն ժամանակակից կոմպոնենտներ են օգտագործվում տեխնոլոգիաների, որոնք կարողանում են շատ մեծ ծանրաբեռնվածություն ու թողունակություն ապահովել ավելի թեթև սերվերներով։ Այս ամբողջի օգտագործումը 4X պլատֆորմով հարմար չէ։ Հիմա լրիվ մոդեռնիզացիա է գնում։ 8X-ը կրկին պլատֆորմ է, որով հաճախորդները կարողանում են իրենց փոփոխություններն անել, լրամշակումներ անել, բայց հավաքված ամբողջությամբ նոր տեխնոլոգիաներով, նոր պլատֆորմերով, որ նորագույն բոլոր հնարավորություններից կարողանան բանկերը օգտվել, և դա լինի բավականաչափ մատչելի»,- ասում է «Հայկական ծրագրեր»-ի փոխտնօրեն Գագիկ Սարգսյանը։ 

Լուսանկարում՝ Գագիկ Սարգսյանը

8X-ը միակ պլատֆորմը չէ, որ հայաստանյան բանկերն ու ֆինանսական այլ կազմակերպություններ այսօր կիրառում են իրենց աշխատանքն ավտոմատացնելու համար։ Նրանք կիրառում են նաև այլ մատակարարների ծրագրերից, երբեմն էլ՝ արտասահմանից են պատվիրում։ Այս առումով, դաշտում մրցակցություն կա։

Գագիկ Սարգսյանը համոզված է, որ իրենք դաշտում գին-որակ համադրությամբ արդյունավետ և հիմնավորված գին են առաջարկում ու տնտեսագիտական հիմնավորում ունեն դրա ներքո։

«Մեր պլատֆորմի նպատակն էր, որ կազմակերպությունները ոչ թե դրսից մի քանի միլիոնանոց արժողությամբ համակարգեր գնեն, այլ՝ մեր տեղական բավականաչափ օպտիմալ կոնֆիգուրացիայով, բայց ամենավերջին մշակումներով։ Արևմտյան համակարգերը շատ թանկ են և հնարավոր չէ լիարժեք աշխատացնել հայկական բանկերում»,- ասում է նա։

Բանկերի կողմից ևս պահանջ է եղել թարմացնել հին պլատֆորմը՝ 4X-ը, որը ևս ստիպել է «Հայկական ծրագրեր»-ին այն վերազինել։ Դա ընկերության ՀԾ-Բանկ կոչվող համակարգի հիմքն է։ ՀԾ-Բանկը ֆինանսական կազմակերպությունների գործունեության ավտոմատացման ամբողջական լուծում է: Այն նախատեսված է բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային և վճարահաշվարկային ընկերությունների բիզնես-գործընթացներն ապահովելու համար։

«Հայբիզնեսբանկ»-ը ևս կիրառում է 4X պլատֆորմը և արդեն թեստավորում է 8X-ը։ Բանկի ՏՏ վարչության պետ Վահան Հարությունյանն ասում է, որ հին համակարգը բանկի ծրագրավորողներին թույլ չի տալիս ճկուն գտնվել։ Նոր համակարգի դեպքում աշխատանքը հեշտանում է։

«Բանկ ունի իր սեփական ռեսուրսները՝ IT թիմը, որոնք հին համակարգով չէին կարողանում ստեղծել նոր ծրագրային լուծումներ, հին պլատֆորմը սահմանափակում էր իրենց։ 8X-ում արդեն օգտագործում են տեխնոլոգիաներ, որոնց դեպքում արդեն բանկերի համար հեշտանում է ծրագրային լուծումներ գտնելը։ Բանկի թողունակությունն է շատանում։ 8X-ի միջոցով կարողանում ենք զուգահեռ անել հարցումները, իսկ հին համակարգի դեպքում համակարգը ծանրաբեռնվում է»,- ասում է Հարությունյանը։

«Հայկական ծրագրեր» ընկերությունը զբաղվում է բիզնեսի կառավարման համակարգերի մշակմամբ, ներդրմամբ ու դրանց հետագա սպասարկմամբ: Աշխատում է ինչպես ֆինանսական ոլորտի, այնպես էլ տարատեսակ ձեռնարկությունների և առևտրային կազմակերպությունների հետ։ Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ընկերության ղեկավարներն ու մասնագետները հաճախորդներին ներկայացրին նոր՝ թարմացված պլատֆորմն ու իրենց աշխատանքի արդյունքները։ 

Ընկերությունում հույս ունեն՝ ծրագրային նոր լուծումների վերջնարդյունքում բանկերի ու մյուս ֆինանսական կազմակերպությունների հաճախորդների համար ֆինանսական ծառայություններից օգտվելն ավելի հարմարավետ կդառնա։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter