HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանն ամփոփել է ՀՀ նախագահությունը Ֆրանկոֆոնիայում

Նոյեմբերի 18-ին Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 43-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ամփոփել է 2018թ․ Երևանի գագաթնաժողովում անդամ-պետությունների ստանձնած հանձնառությունների կատարման ընթացքը և անցած չորս տարիների ընթացքում Հայաստանի նախագահությունը Կազմակերպությունում։ Երևանյան գագաթնաժողովի արդյունքում բացի Երևանի հռչակագրից ընդունվել էին վեց բանաձևեր ֆրանսախոս աշխարհում ճգնաժամային, հետճգնաժամային և խաղաղության ամրապնդման իրավիճակների, Փարիզի սկզբունքների 25-ամյակի, քաղաքացիության և մարդու իրավունքների կրթության, անտեսված արևադարձային հիվանդությունների, մշակութային մասնակցության, գիտելիքների փոխանցման և հետազոտությունների խթանման հարցերի շուրջ։

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Երևանի գագաթնաժողովի արդյունքում ընդունված Երևանի հռչակագրի առանցքային դրույթներն ու հանձնառությունները «Ապրել միասին» գաղափարի շուրջ էին՝ խարսխված մարդասիրական արժեքների, ֆրանկոֆոն համերաշխության և լեզվական ու մշակութային բազմազանությունը հարգելու վրա։ Անցած տարիների ընթացքում անհանդուրժողականության դրսևորումների, ատելության խոսքի և խտրական երևույթների տարածումը ցույց է տվել, թե որքան կարևոր է ստեղծել արդար հասարակություն, խթանել հանդուրժողականությունն ու մշակութային բազմազանությունը։

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ անցած չորս տարիների ընթացքում խաղաղությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, լավ կառավարումը և միասին ապրելու հանձնառություններն առավել քան երբևէ գտնվել են Ֆրանկոֆոնիայի ուշադրության կենտրոնում։ Անդամ երկրները հնարավորություն են ունեցել ՖՄԿ աջակցությամբ և Մարդու իրավունքների ազգային հաստատությունների ներգրավմամբ մի շարք միջոցառումներ իրականացնել՝ ի նպաստ խաղաղության և ժողովրդավարության խթանման ու մարդու իրավունքների պաշտպանության:

Նախարար Միրզոյանն առանձնահատուկ կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործադրած ջանքերը՝ ուղղված ֆրանկոֆոն աշխարհում խաղաղության ամրապնդմանը, միջազգային և տարածաշրջանային գործընկերների հետ ճգնաժամերի կանխարգելման ու հակամարտությունների կառավարման ուղղությամբ հետևողական աշխատանքը, ինչպես նաև կանխարգելիչ դիվանագիտություն և միջնորդություն իրականացնելուն ուղղված քայլերը՝ առաջնորդվելով հավաքական ֆրանկոֆոն համերաշխության գաղափարներով։

Հայկական կողմը ողջունել է ֆրանկոֆոն տարածքում լեզվական ու մշակութային բազմազանությունը ամրապնդելու շրջանակներում իրականացված «Ֆրանսերեն լեզու, մշակութային և լեզվական բազմազանություն» նախագիծը, ֆրանսերենի գործածությունը միջազգային հարաբերություններում խթանելուն միտված «Ֆրանսերենը միջազգային հարաբերություններում» ծրագիրը, ինչպես նաև՝ ֆրանսերենի վերաբերյալ Ջերբայում նախատեսված հռչակագրի ընդունումը։

Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաև հակամարտությունների կանխարգելման գործում երիտասարդության դերի, կայուն զարգացման, շրջակա միջավայրի, կանանց ու տղամարդկանց հավասարության, արմատականացման ու ծայրահեղականացման դրսևորումների կանխարգելման ոլորտներում կատարված աշխատանքներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter