HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելի վարչապետը ողջունում է իրենց երկրում Ադրբեջանի դեսպանատան բացման որոշումը

Իսրայելի իշխանությունները ողջունում են Ադրբեջանի որոշումն իրենց երկրում դեսպանության բացման վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը։

«Ես ողջունում եմ Ադրբեջանի խորհրդարանի որոշումը Իսրայելում դեսպանության բացման վերաբերյալ։ Ադրբեջանը հանդիսանում է Իսրայելի կարևոր գործընկերը և մուսուլմանական աշխարհում հրեական ամենախոշոր համայնքներից մեկի տունը»,- հայտարարել է Լապիդը` գրառում անելով թվիթերյան իր միկրոբլոգում։

Ինչպես ընդգծել է Լապիդը, դեսպանատան բացման մասին Բաքվի որոշումը «արտացոլում է երկու երկրների միջև հարաբերությունների խորությունը»։ «Այս քայլը մուսուլմանական աշխարհի հետ ամուր քաղաքական կամուրջներ կառուցելու Իսրայելի կառավարության ջանքերի արդյունքն է։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Իլհամ Ալիևին և շնորհավորել ադրբեջանական ժողովրդին, որն առաջին անգամ կներկայացվի Իսրայելի Պետությունում»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին Ադրբեջանի խորհրդարանը հերթական նիստի ժամանակ հաստատել էր Իսրայելում Ադրբեջանի դեսպանության բացման մասին որոշումը։ Համաձայն այդ փաստաթղթի՝ դիվանագիտական ներկայացուցչությունը տեղակայված կլինի Թել Ավիվում։ Իսրայելից զատ, Ադրբեջանը մշտական ներկայացուցչություն կունենա նաև Պաղեստինում, ինչպես նաև դեսպանություններ Քենիայում և Ալբանիայում։ 

Ինչպես նշում է Իսրայելի վարչապետի աշխատակազմը, Ադրբեջանը շիա առաջին պետությունն է, որը հայտարարել է Իսրայելում դեսպանության բացման մասին։ Երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թվականին։ Բաքվում Իսրայելի դեսպանությունը գործում է 1993 թվականից, իսկ Թել Ավիվում Ադրբեջանն ուներ առևտրային ներկայացուցչություն և զբոսաշրջային գրասենյակ։

Երկար տարիներ Իսրայելում ադրբեջանական դեսպանության բացակայությունը պայմանավորված էր նաև Թուրքիայի հետ Իսրայելի լարված հարաբերություններով։ Վերջին շրջանում թուրք-իսրայելական հարաբերությունները կարգավորման փուլ են մտել, ինչն էլ վերացրել է Ադրբեջանի կողմից Իսրայելում դեսպանություն բացելու խոչընդոտը։

Լուսանկարը՝ nationalinterest.org-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter