Իլոն Մասկը չեղարկել է Դոնալդ Թրամփի թվիթերյան օգտահաշվի արգելափակումը
Twitter ընկերության նոր սեփականատեր Իլոն Մասկը չեղարկել է ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթերյան արգելափակման որոշումը և վերականգնել նրա օգտահաշվի հասանելիությունը։
Այդ մասին որոշումը Մասկը ընդունել է՝ հիմնվելով հարցման արդյունքների վրա, որն անց էր կացնում իր օգտահաշվում։ Հարցվածների 51,8 % -ը կողմ է արտահայտվել, որ վերականգնվի Թրամփի օգտահաշիվը, ևս 48,2 %-ը դեմ է եղել։ Քվեարկությանը մասնակցել է ավելի քան 15 միլիոն օգտատեր։
Reuters-ը գրում է, որ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետաքրքրված չէ Twitter վերադառնալու մտքով և մտադիր է շարունակել օգտագործել իր սոցիալական ցանցը՝ Truth Social-ը։
2021 թվականի հունվարին Facebook-ը, Instagram-ը և Twitter-ը արգելափակել էին Դոնալդ Թրամփի օգտահաշիվներն այն բանից հետո, երբ նրա կողմնակիցները, որոնք համաձայն չէին ԱՄՆ նախագահի ընտրությունների արդյունքների հետ, գրոհով վերցրել էին Կոնգրեսի շենքը, որի հետևանքով զոհվել էր 5 մարդ։ Սոցիալական ցանցերի ղեկավարները համարում էին, որ իր հաղորդագրություններով ու գրառումներով Թրամփը հրահրում էր ցուցարարներին։
2022 թվականի հոկտեմբերի 28-ին երկրագնդի ամենահարուստ մարդը, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը փակել էր 44 միլիարդ դոլարով Twitter-ի ձեռքբերման գործարքը։
Իլյուստրացիան՝ Skynews-ից
Մեկնաբանել