
Ջասթին Թրյուդո. Կանադան ու Հայաստանը պայմանավորվել են ամրապնդել հարաբերությունները
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտնել է, որ Կովկասում առկա իրավիճակը քննարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Մենք հավատարիմ ենք ժողովրդավարության ամրապնդմանը, մեր տնտեսությունների աճին ու Կովկասում խաղաղության և անվտանգության առաջխաղացմանը։ Դա այն է, ինչ ես ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր քննարկել ենք»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Ջասթին Թրյուդոն։ Նա հավելել է, որ ինքն ու Փաշինյանը պայմանավորվել են ամրապնդել Կանադայի ու Հայաստանի հարաբերությունները։
We’re committed to strengthening democracy, growing our economies, and advancing peace and security in the Caucasus. That’s what Armenia’s Prime Minister, @NikolPashinyan, and I discussed when we sat down today – and we’ll continue to expand the partnership between our countries. pic.twitter.com/1SpOwUyGti
— Justin Trudeau (@JustinTrudeau) November 19, 2022
Ջասթին Թրյուդոյի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կայացել է Թունիսի Ջերբա կղզում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։ Հայկական կողմն էլ հայտարարել էր, որ Փաշինյան-Թրյուդո հանդիպման ժամանակ քննարկվել են այն անվտանգային խնդիրները, որոնք առկա են հայ-ադրբեջանական սահմանագծին։ «Փաշինյանը Ջասթին Թրյուդոյին է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներն ու դրանց վերացման ուղղությամբ հայկական կողմի դիրքորոշումները: Մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ»,- ասված էր հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ գագաթնաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Լուսանկարը՝ Կանադայի վարչապետի թվիթերյան միկրոբլոգից
Մեկնաբանել