
Մնացական Մարտիրոսյանը, դատավորի հարսն ու օգնականը՝ հակակոռուպցիոն դատավորների թեկնածուներ
Բարձրագույն դատական խորհրդը երեկ հայտարարություն տարածեց, ըստ որի` տեղի է ունեցել հակակոռուպցիոն քաղաքացիական գործեր քննող և կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների կազմում ընդգրկվելու համար դատավորների ընտրության հարցազրույցի փուլը: Հակակոռուպցիոն քաղաքացիական ուղղվածություն ունեցող 10 հավակնորդից հարցազրույցի փուլն անցել են Աննա Շիլաջյանը և Ռուդոլֆ Ավագյանը, իսկ կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավորների կազմում ընդգրկելու համար ԲԴԽ-ն երկու թեկնածուներից նախապատվությունը տվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին:
Իրավաբանական հանրության շրջանում երեկվանից տարակուսանք է առաջացրել հատկապես Մնացական Մարտիրոսյանի ընտրությունը: Նա ընկալվում է որպես իշխանությունների «պատվեր կատարող» դատավոր: Հիմնականում Մնացական Մարտիրոսյանի դատավճիռներ, որոշումներով են իրականացվել քաղաքական գործիչների դատապարտումներն ու կալանավորումները, այդ թվում նախկինում ընդդիմադիր, այժմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազատազրկումը, «Մարտի 1»-ի գործով քաղաքական գործիչների ազատազրկումները և այլն: Հետագայում այդ դատական ակտերը հասել են մինչև Մարդու իրավունքների Եվրոպական դատարան և ընդդեմ Հայաստանի վճիռներ կայացվել:
ՄԻԵԴ-ի վճիռներից մեկի հիմքով, որը վերաբերում էր ԲԴԽ նախագահի նախկին պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եղբորը, կարգապահական վարույթ էր հարուցվել Մնացական Մարտիրոսյանի նկատմամբ: Սակայն 2022թ. նոյեմբերի 3-ին ԲԴԽ-միջնորդության քննությունը թողեց առանց քննության՝ ԲԴԽ-ում հարցի քննության օրենքով սահմանված ժամկետը լրացած լինելու հիմքով:
Հայ ազգային կոնգրես կուսակցության իրավական հարցերի համակարգող Արման Խաչատրյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ ընդդիմադիր քաղաքական գործիչներին ազատազրկելու գործերով դատավորներից երկրորդ տեղում է եղել Մնացական Մարտիրոսյանը: Առաջին «հորիզոնականում» եղել է արդեն թոշակի անցած դատավոր Եվա Դարբինյանը:
«Կարեն Անդրեասյանը, որ ասում էր երկրաշարժ է լինելու դատական համակարգում, մարդն իրա խոստումը կատարեց: Այնպես երկրաշարժ արեց, որ դատական համակարգի նկատմամբ վստահությունից քարը քարի վրա չթողեց»,-ասում է Արման Խաչատրյանը:
Ըստ նրա` Մ. Մարտիրոսյանի դատական ակտերից տուժել է ոչ միայն ՀԱԿ-ը, այլև հայկական արդարադատությունը` սկսած Պողոս Պողոսյանի գործից, հետո արդեն Ժիրայր Սեֆիլյանի, Վարդան Մալխասյանի, «Մարտի 1»-ի գործերը, որոնցով իրականացվել է իշխանությունների պատվերը: Արմեն Խաչատրյանի խոսքերով՝ Մարտիրոսյանի քաղաքական երանգ ունեցող դատական ակտերից տուժել է 20-ից ավելի մարդ:
Արման Խաչատրյանի ասելով՝ միայն այս տարի 60-ից ավելի վերաքննիչ ու Վճռաբեկ բողոքներ են ներկայացրել` քաղաքական դրդապատճառներով հետապնդված անձանց արդարացնելու պահանջով: Դարձյալ ունեցել են հիասթափություններ:
«Մնացական Մարտիրոսյանի ընտրությունը եկավ, այդ խճանկարը լրացրեց»,-հավելում է Ա. Խաչատրյանը` նշելով, որ միակ գոհունակությունն այն է, որ իրաապաշտպան և ՀԿ սեկտորից Մարտիրոսյանի ընտրության վերաբերյալ իրենց բողոքի ձայնը բարձրացրին, այդ թվում` իշխանություններին անվերապահորեն աջակցողները:
Նշենք, որ նախկինում ԲԴԽ-ն չէր հրապարակում, թե հավակնորդներից կամ թեկնածուներից ում քանի կողմ-դեմ ձայն է տրվել: Երեկվա հայտարարության մեջ նշված էր, որ Աննա Շիլաջյանի օգտին քվեարկել է ԲԴԽ 7 անդամ, դեմ` 2: Մնացական Մարտիրոսյանն ու Ռուդոլֆ Ավագյանը ստացել են 6-ական կողմ և 3 դեմ ձայներ:
Մեզ հայտնի դարձավ, որ Մնացական Մարտիրոսյանի թեկնածությանը դեմ են քվեարկել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, անդամներ` Երանուհի Թումանյանցն ու Վիգեն Քոչարյանը: Քանի որ ընտրությունը փակ է եղել, ԲԴԽ անդամները չեն բացահայտում անվանական քվեարկության արդյունքները: Սակայն, ձայների հարաբերակցությունը հրապարակվել է հատկապես Մ. Մարտիրոսյանի գործոնով պայմանավորված` ցույց տալու համար, որ նրա ընտրությունը հարթ չի անցել և բոլորը չէ, որ կողմ են քվեարկել:
ԲԴԽ լրատվական ծառայությունից «Հետք»-ին հայտնեցին, որ ընտրության վերաբերյալ կազմվել է արձանագրային որոշում: Թեկնածուների ընտրության ընթացակարգերն էլ ավելի թափանցիկ դարձնելու նպատակով այսուհետ կհրապարակվեն թեկնածուների ստացած կողմ ու դեմ ձայների վերաբերյալ տեղեկություններ:
Տեղեկություններ ունենք, որ Մարտիրոսյանի ընտրության հարցում ԲԴԽ-ում «ջանքեր» է գործադրել Ազգային անվտանգության ծառայությունը: ԲԴԽ անդամների վրա ներազդելու փորձեր են եղել: Պարզաբանում ստանալու նպատակով զանգահարեցինք ԱԱԾ լրատվական ծառայություն: Քանի որ աշխատակցի հետ անմիջապես հնարավոր չէ հեռախոսազրույց ունենալ, թողել ենք ձայնային հաղորդագրություն` ներկայացնելով հարցի բովանդակությունը: Սակայն, հետադարձ զանգ այդպես էլ չստացանք:
Ովքեր են հավակնորդ թեկնածուները
Հարցազրույցի փուլում Մնացական Մարտիրոսյանի հետ ԲԴԽ-ում «մրցել» է փաստաբան Սոֆի Թորոսյանը: Նա որակավորման գրավոր քննության արդյունքում ամենաբարձր միավոր ստացած մասնակիցն է եղել: Հենց իր ստացած միավորի արդյունքում է անցել հարցազրույցի փուլ և ԲԴԽ անդամների ընտրության արդյունքում պարտվել Մարտիրոսյանին:
Հակակոռուպցիոն քաղաքացիական գործեր քննող դատավորների ընտրության հարցազրույցի փուլը հաղթահարած երկու հավակնորդներից Աննա Շիլաջյանը Դատական դեպարտամենտի դատավորներին և թեկնածուներին առնչվող հարցերի վարչության պետն է:
Աննա Շիլաջյանի ամուսինը եղել է ՊԵԿ ներքին անվտանգության վարչության օպերատիվ փնտրողական և պարզաբանման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ, իսկ ամուսնու քույրը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանն է:
Աննա Շիլաջյանը, որպես դատավորի հետ նույն հասցեում բնակվող անձ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել գույքի ու եկամուտների տարեկան հայտարարագիր:
Ըստ հայտարարագրի`դատավորի թեկնածուի 2021թ. տարեկան եկամուտը կազմել է մոտ 14 մլն 197 հազար դրամ: Այդ գումարից 7 մլն 800 հազար դրամը նվիրատվություն է` ստացել է հորից` Սամվել Շիլաջյանից: Վերջինս եղել է «ԱԼՖԱ-ՖԱՐՄ ԻՄՊՈՐՏ» ՓԲԸ-ի տնօրենը: Մնացածը աշխատավրձ է և ստացած վարկ:
Փոխարենը Աննա Շիլաջյանը հայտարարագրել է խոշոր չափի կանխիկ գումար. 30 մլն դրամ, 39 հազ ԱՄՆ դոլար և 23 հազ. եվրո:
Ինչ վերաբերում է ընտրված թեկնածուներից Ռուդոլֆ Ավագյանին, ապա վերջինս ընտրված թեկնածուներից Աննա Շիլաջյանի տալոջ` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանի օգնական է:
Նրա 2021թ. եկամուտը, ըստ հայտարարագրի, կազմել է 3 մլն 744 հազար դրամ: Որպես կանխիկ գումար հայտարարագրել է 85 հազ. ԱՄՆ դոլար: Իսկ բանկային հաշվում ունեցել է մոտ 778 հազ. դրամ:
Ռուդոլֆ Ավագյանի հայրը` Սերգեյ Ավագյանը եղել է ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի 3-րդ բաժանմունքի պետ: Ս. Ավագյանը տարեկան վերջին հայտարարագիրը ներկայացրել է 2018թ-ին: Այդ ժամանակ հայտարարարգրել է 551 հազ. դրամ աշխատավարձ, փոխարենն ունեցել է 5 մլն դրամ, 35 հազ. դոլար և 10 եվրո:
Խոշոր չափի կանխիկ գումարի հայտարարագրումը պաշտոնյային ռիսկային է դարձնում այն տեսանկյունից, որ հնարավոր է իրականում այդ գումարը չունի, պարզապես իրեն ապահովագրում է հետագա «գործարքներից»: Որևէ մեկը չի ստուգում և տեսականորեն հնարավոր էլ չէ ստուգել, որ հայտարարագրում նշված կանխիկ գումարն իրականում առկա է:
Նշենք, դատավորի թեկնածուներից հարցազրույցի փուլ անցած և ԲԴԽ-ի կողմից ընտրված Ռուդոլֆ Ավագյանը և Աննա Շիլաջյանը քննության գրավոր փուլում, ստացած միավորներով, 3-րդ և 6-րդ տեղի արդյունք են ապահովել:
Դատական դեպարտամենտի մեր աղբյուրների փոխանցմամբ` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը թեկնածուների վերաբերյալ տվել է բարեվարքության եզրակացություն: Մնացական Մարտիրոսյանի եզրակացությունը եղել է բացասական: Հիմքում դրվել է իր նախկին գործունեությունը` վերը նշված քաղաքական դատավճիռների տեսանկյունից, ինչպես նաև Եվրոպական դատարանի որոշումները:
Տեղեկացանք նաև, որ Աննա Շիլաջյանն ու Ռուդոլֆ Ավագյանը ևս դրական եզրակացություն չեն ստացել:
Սահմանադրւթյան 166-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի դատավորներին նշանակում է Հանրապետության նախագահը` Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ:
Նախագահը կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին: Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա Նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան: Եթե Հանրապետության նախագահը չի կատարում նշված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:
Մեկնաբանել