
Տոկաևը պաշտոնապես հաղթել է Ղազախստանի նախագահի ընտրություններում
Ղազախստանի գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաղթել է կիրակի օրը՝ նոյեմբերի 20-ին կայացած արտահերթ նախագահական ընտրություններում՝ հավաքելով ընտրողների ձայների 81,31 %-ը։ Այդպիսի վերջնական տվյալներ է հրապարակել Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Նուրլան Աբդիրովը։
«Տոկաևը Կասիմ-Ժոմարտ Քեմելևիչ՝ 6 456 392 ձայն կամ ընտրողների ձայների 81,31 %-ը»,- ասել է նա։ Աբդիրովը նշել է, որ այդ տվյալները տրամադրվել են մարզերի տարածքային հանձնաժողովներից և Ալմա-Աթա, Աստանա ու Շիմքենդ քաղաքներից։ Ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 69,44 %-ը։
Նախագահական նախորդ ընտրությունները Ղազախստանում կայացել էին 2019 թվականի հունիսի 9-ին, որի ժամանակ Տոկաևն ստացել էր ձայների 70,96 %-ը։ Նրա երդմնակալության արարողությունը կկայանա նոյեմբերի 26-ին։ Այդ փաստը հաստատել է նաև երկրի ԿԸՀ նախագահը։
Նա նշել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Տոկաևին գրանցել է որպես Ղազախստանի նախագահ։ ԿԸՀ-ն նաև ընդունել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ արձանագրություն։
Ինչպես լրագրողներին հայտնել է փոխվարչապետ, ֆինանսների նախարար Երուլան Ժամաուբաևը, պետբյուջեից Տոկաևի երդմնակալության արարողության համար նոր միջոցներ չեն հատկացվի։
Ընտրությունների ժամանակ երկրորդ տեղն զբաղեցրել է «Աուլ» կուսակցության թեկնածու Ժիգուլի Դայրաբաևը՝ ստանալով ձայների 3,42 %-ը։ Մեյրամ Կաժիկենը ստանցել է ձայների 2,53 %-ը, Կարակատ Աբդենը՝ 2,6 %, Սալթանաթ Տուրսինբեկովան՝ 2,12 %, Նուրլան Աուեսբաևը՝ 2,22 %։ Բոլորին դեմ է քվեարկել ընտրողների 5,8 %-ը։
Լուսանկարը՝ Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել