HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ինդոնեզիայում երկրաշարժից զոհերի թիվը հասել է 252-ի

Ինդոնեզիայի Ճավա կղզում տեղի ունեցած երկրաշարժից զոհերի թիվը հասել է առնվազն 252-ի, հարյուրավոր մարդիկ տուժել են։ BBC-ի փոխանցմամբ՝ նման տվյալներ հրապարակել է տեղական վարչակազմը։ Ավելի վաղ, Ինդոնեզիայի աղետների հետեւանքների վերացման ազգային գործակալությունը հայտնել էր 103 զոհի մասին և նշել, որ ավելի վաղ նշված թիվը՝ 162-ը, չի հաստատվել։ Այդ թիվը, մասնավորապես, նշել էր Ճավայի նահանգապետ Ռիդուան Կամիլը։

ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկարաշարժի մագնիտուդը կազմել է 5,6։ Էպիկենտրոնը եղել է կղզու արևմտյան հատվածում գտնվող Չիանջուր քաղաքում՝ 10 կիլոմետր խորության վրա։

Բազմաթիվ մարդիկ հոսպիտալացվել են, շատերին հենց փողոցում է օգնություն ցուցաբերվել։ Փրկարարները շարունակում են որոնումներն այն հույսով, որ փլատակներից կարող են կենդանի մնացած մարդկանց գտնել։ 

Շրջանը, որտեղ տեղի է ունեցել երկրաշարժը, խիտ բնակեցված է և սողանքներով հարուստ։ Արևմտյան Ճավայի նահանգապետ Ռիդուան Կամիլը հայտարարել է, որ ավելի քան 326 մարդ վիրավորվել է։ Նրա խոսքով՝ զոհերի և վիրավորների թիվը կարղ է աճել, որովհետև աղետի գոտում ու դրա առանձին հատվածներում դեռ շատ մարդիկ կան։

Նահանգապետը նաև հայտնել է, որ ավելի քան 13 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տունը, իսկ ավելի քան 2000 տուն վնասվել է։ Չիանջուր քաղաքի քաղաքապետ Հերման Սուհերմանը հայտնել է, որ վնասվածքները հիմնականում ոսկորների կոտրվածքներ են, որոնք ստացվել են շենքերի փլուզման հետևանքով։ Ինչպես նրան մեջբերել է AFP գործակալությունը, օրվա ընթացքում անընդհատ հիվանդանոցներ են ժամանել շտապ օգնության մեքենաները։ Շատ տուժածների բժիշկները օգնություն են ցուցաբերել հիվանդանոցի կայանատեղիում, որովհետև երկրաշարժի պատճառով հիվանդանոցը մնացել էր առանց էլեկտրականության։

Ցնցումները գրանցվել են նաև երկրի մայրաքաղաք Ջակարտայում, որը էպիկենտրոնից գտնվում է 100 կիլոմետր հեռավորության վրա։ Այնտեղ տարհանվել են բարձրահարկ շենքերի բնակիչները։ Երկրաշարժը տեղի էր ունեցել նախօրեին, տեղի ժամանակով 13:21-ին (Երևանի ժամանակով՝ 10:21-ին)։

Ինդոնեզիայում երկրաշարժեր բավականին հաճախ են տեղի ունենում։ Երկիրը գտնվում է Խաղաղօվկիանոսյան գեոսինկլինային գոտում։ 2018 թվականին Սուլավեսի կղզում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել էր ավելի քան 2000 մարդ։

Լուսանկարը՝ Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter