HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էրդողանը Ռուսաստանին մեղադրել է Սիրիայի վերաբերյալ պայմանավորվածությունների չկատարման համար

Ռուսաստանը չի կատարում Թուրքիայի հետ` Սիրիայում անվտանգության ապահովման համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները, որն ստորագրվել է 2019 թվականին Սոչիում։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որի խոսքերը մեջբերել է Daily Sabah-ը։

Նրա խոսքով՝ Մոսկվան «պետք է Սիրիայի հյուսիսարևելյան հատվածից մաքրեր» քրդական կազմավորումներին, որը սահմանակից է Թուրքիայի հետ։ «Նրանց վրա դրված էր ահաբեկիչներից այդ շրջանի մաքրման պատասխանատվությունը։ Ցավոք, չնայած նրան, որ մենք բազմիցս դա նրանց հիշեցրել ենք, նրանք դա չարեցին»,- ասել է Էրդողանը։

Ավելի վաղ, Թուրքիայի նախագահը սպառնացել էր, որ քրդական կազմավորումների դեմ պայքարում թուրքական ուժերը չեն սահմանափակվի օդային հարվածներով։ «Պետք է որոշել, թե քանի զինծառայող կմասնակցի ցամաքային գործողությանը, և դրանից հետո կձեռնարկվեն համապատասխան քայլերը»,- ընդգծել է Էրդողանը։

Թուրքիայի կառավարությունն իր այս գործողությունը հիմնավորել է Ստամբուլում մի քանի օր առաջ տեղի ունեցած ահաբեկչական հարձակմամբ, որի մեջ թուրքական իշխանությունները մեղադրում են Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը, չնայած վերջինս հերքել է իր կապը դրա հետ։ 

Թուրքական մեղադրանքներին անդրադարձել է ռուսական կողմը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն ըմբռնումով է մոտենում անվտանգության վերաբերյալ թուրքական կողմի մտահոգություններին։ Մյուս կողմից Մոսկվան բոլոր կողմերին կոչ է անում ձեռնպահ մնալ վտանգավոր քայլերից, որոնք կարող են ապակայունացնել տարածաշրջանը։ 

«Մենք ըմբռնումով և հարգանքով ենք մոտենում Թուրքիայի մտահոգություններն իր սեփական անվտանգության ապահովման հետ կապված։ Մենք կարծում ենք, որ դա Թուրքիայի օրինական իրավունքն է։ Դրան զուգահեռ մենք բոլոր կողմերին կոչ ենք անում ձեռնպահ մնալ քայլերից, որոնք կարող են հանգեցնել ընդհանուր առմամբ լուրջ ապակայունացման, դա կարող է բումերանգի տեսքով վերադառնալ և էլ ավելի բարդացնել անվտանգության հարցում գործերի վիճակը»,- նշել է Պեսկովը։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter