HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Ջրային ռեսուրսների գերածախսը թերի կառավարման հետևանք է․ Հայաստանում ջրի կառավարումը բարելավող նոր ծրագիր է մեկնարկում

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը երեկ ազդարարեց «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի  մեկնարկի մասին։ «Ջրային ռեսուրսների գերածախսը թերի կառավարման հետևանք է: Այն հանգեցրել է առկա ջրային ռեսուրսների կտրուկ սպառմանը, ըստ այդմ նաև բնական ռեսուրսների կառավարումն ու բաշխումը վերափոխելու հրատապ անհրաժեշտությանը՝ տնտեսական ու բնապահպանական պահանջներին արձագանքելու և կայուն տնտեսական աճ ապահովելու նպատակով»,- նոյեմբերի 21-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ծրագրի ներկայացման ժամանակ հայտնեց «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում»  ծրագրի ղեկավար Արմեն Վարոսյանը:

Այս եզրահանգումը կատարվել է վերջին տարիներին դարձյալ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորումով իրականացված երկու այլ ծրագրերի արդյունքում։ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի ախատակազմը մեկ տարի առաջ, ծրագրի ավարտին հայտարարեց

«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին տասնամյակում ստորերկրյա ջրերի մակարդակն իջել է միջինը 6-9 մետրով, որոշ տեղերում՝ մինչև 15 մետր, իսկ արտեզյան գոտին կրճատվել է մոտ 67%-ով։ Գերշահագործման բացասական դինամիկան հանգեցնում է ջրային հաշվեկշռի խախտման և ստորերկրյա ջրերի վերականգնման ներուժի նվազման՝ տարածաշրջանում առաջացնելով ջրի դեֆիցիտ, ռիսկի տակ դնելով երկրի պարենային ու էներգետիկ անվանգությունը։ Պաշարների հյուծման հետևանքով Արարատյան դաշտի ավելի քան 30 համայնք խմելու և ոռոգման ջրի խնդիր ունի»։

ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսական աջակցությամբ 2017թ.-ից զուգահեռաբար մեկ այլ ծրագիր իրականացնում էին՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը, «Ազգային ջրային համագործակցություն» հ/կ-ն և ԵՊՀ Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը։ «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի նպատակն էր՝ խթանել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների պատասխանատու կառավարումն ու օգտագործումը։

Հայաստանի ջրային պաշարները և ջրի կառավարումն ուսումնասիրել է նաև  Համաշխարհային բանկը, որի վերջնական եզրահանգումն այն էր, որ Հայաստանը ջրի պակաս չունի, ջրի կառավարումը բարելավելու կարիք ունի։

ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն իր խոսքում հայտնեց, որ նախկինում արված ծրագրային արդյունքները են դրվել ջրի ազգային քաղաքականության ծրագրի հիմքում։

ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորումով ևս հինգ տարի՝ 2022-2027թթ-ին կիրականացվի 89 մլն դոլար արժողությամբ նոր ծրագիր, որը նպատակ ունի՝ բարելավել Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարումը՝ միաժամանակ մեծացնելով ջրի հասանելիությունը, նպաստել բնապահպանական թողքերի և ջրի որակի բարելավմանը՝ քաղցրահամ ջրային ռեսուրսների պահպանության նպատակով։

Ծրագիրն իրականացնում է «Դելոյթ Քնսալթինգ» ամերիկյան ընկերությունը՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, Կոլորադո Բոլդեր համալսարանի, «Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոն»-ի հետ համատեղ։ Ծրագրում կընդգրկվեն՝ պետական և տեղական իշխանություններն ու գերատեսչությունները, քաղհասարակության կառույցները, ջրօգտագործողների ընկերությունները, հետազոտական հաստատություններն ու լրատվամիջոցները։ 

«Ջրային ռեսուրսների կայուն կառավարումը, այդ թվում նաև ռեսուրսների պահպանությունն ու արդյունավետ օգտագործումը, ջրի հասանելիության բարելավումը և կայունությանն ու տնտեսական զարգացմանն ուղղված ավելի լայն տարածաշրջանային համագործակցությունը կհանգեցնի զգալի արդյունքների»,- ողջույնի խոսքում նշեց Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Լեյթինենը։ 

«Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի շրջանակներում նախատեսված են հետևյալ աշխատանքները՝ նորարար, արդյունավետ տեխնոլոգիաների կիրառում, ջրային կառավարման բարելավում, խմելու և ոռոգման ջրամատակարարման համակարգերի բարելավմանն ուղղված փոքրածավալ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացում՝ դեպի սոցիալապես խոցելի համայնքներ և շահակիր կողմեր ուղղվածությամբ, ինչպես նաև հարևան պետությունների հետ համագործակցությամբ։  

Ծրագիրն ունի 5 բաղադրիչ՝ 

Ջրայի ոլորտի ժամանակակից տեխնոլոգիաների և գործիքների ներդրում, որը ենթադրում է ՝ դիտակետերի արդիականացում, հեռակառավարման տեխնոլոգիաների կիրառում, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացում՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, կրթական հաստատությունների հետ համագործակցության ընդլայնում՝ ջրային ռեսուրսների կառավարման ժամանակակից գործիքների մշակման և կիրառման նպատակով և այլն։

Ջրայի ոլորտի կառավարման բարելավում՝ ոլորտի օրենսդրության կիրարկման բարելավում, ջրային ոլորտի հաստատությունների կարողությունների ամրապնդում, ջրային ոլորտում վերահսկողության և շահերի պաշտպանության գործում շահակիր կողմերի միջև կապերի ամրապնդում։

Լավագույն փորձի և նորարական մոտեցումների խթանում և տարածում՝ փոքրածավալ ջրի 6 մաքրման կամ պահպանման նորարարական տեխնոլոգիաների կիրառում, սահմանամերձ բնակավայրերում՝ ոռոգման և խմելու ջրամատակարարման ոլորտում շուրջ 10 նորարարական և արդյունավետ ծրագրերի իրականացում, որի արդյունքում շուրջ 20 000 բնակիչ կստանա բարելավված ջրամատակարարման ծառայություններ։

Ջրի հասանելիության բարելավում՝  բարելավել խմելու և ոռոգման ջրի հասանելիությունը՝ հետևալ աշխատանքների միջոցով ոռոգման և խմելու ջրամատակարարման բարելավում, սահմանամերձ և սոցիալապես խոցելի համայնքների կարիքներից բխող՝ արդյունավետ տեխնոլոգիաների կիրառմամբ փոքրածավալ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացում։

Տարածաշրջանային համագործակցություն՝ խթանել սահմանակից պետությունների, գիտակրթական հաստատությունների հետ համագործակցությանը՝ ընդհանուր ջրային ռեսուրսների համակառավարման, իրավական փաստաթղթերի, ժամանակակից գործիքակազմի մշակման և ներդրման հարցում՝ փաստահենք, փոխշահավետ որոշումների կայացման նպատակով։ 

Պանելային քննարկման ժամանակ մասնակիցների ելույթներից ակնհայտ դարձավ, որ ակնկալիքները ծրագրից շատ ավելի մեծ են, քան նախատեսվում է։ Սահմանամերձ համայնքների ղեկավարները խնդրում էին ուշադրության կենտրոնում պահել իրենց բնակավայրերը, քանի որ դրանցից շատերը խմելու և ոռոգման ջրի համակարգ չունեն, մեկ ուրիշն առաջարկում էր գտնել խմելու ջրի 86,4% ջրի կորուստները՝ աղբյուրներից ջուրը մղվում է մայրաքաղաք և այստեղ այդքան մեծ կորուստ է ունենում, ջրի մաքրման կայաններ կառուցել և այլն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter