HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մեկնարկում է ՀԱՊԿ արտաքին գործերի, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստը

Երևանի Դվին հյուրանոցային համալիրում մեկնարկում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների համատեղ նիստը, որը կնախորդի Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։

Համատեղ նիստին մասնակցելու նպատակով արդեն իսկ Հայաստան են ժամանել ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները։ Նախօրեին, Արտաքին գործերի նախարարությունում կայացել էր նաև ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով արտահերթ նիստը։

Նիստի բացման խոսքի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշել էր, որ նիստի օրակարգում երկու տասնյակ փաստաթուղթ կա, որոնք վերաբերում են արտաքին քաղաքականության համակարգմանը, ռազմաքաղաքական համագործակցությանը, նոր սպառնալիքներին ու մարտահրավերներին և Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։ «Մեզ համար այս հանդիպումը կարևոր է նաև, քանզի այն առաջինն է առկա ձևաչափով` այս տարվա սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո»,- ընդգծել էր Միրզոյանը։

Նիստին ընդառաջ ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների համատեղ նիստին նախատեսվում է, որ կքննարկվի ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրավիճակը, Հավաքական անվտանգության խորհրդի այսօրվա նիստի օրակարգը։ «Նախատեսվում է, որ նիստի ընթացքում կընդունվեն ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հայտարարությունները միջազգային և տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության ամրապնդման ու սպառազինությունների վերահսկման, զինաթափման և չտարածման վերաբերյալ, ինչպես նաև անվտանգության խորհուրդների քարտուղարների հայտարարությունները՝ նացիզմի, նեոնացիզմի, ծայրահեղականության, շովինիզմի, այլատյացության բոլոր ձևերի հերոսականացման փորձերի դատապարտմամբ»,- նշված էր հայտարարության մեջ։

Արտաքին գործերի, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստին կհաջորդի Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որին մասնակցելու են անդամ պետությունների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի առաջնորդները։

ՀԱՊԿ այս նիստը ոչ սովորական պայմաններում է անցնելու, որովհետև Հայաստանի անվտանգության համար երաշխավոր կազմակերպությունը պատշաճ չի արձագանքում Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգություններին։ Բացի այդ, խիստ լարված են հարաբերությունները նաև Ղրղզստանի և Տաջիկստանի միջև։ ՀԱՊԿ այդ երկրների միջև պարբերաբար մարտական գործողություններ են ընթանում՝ կապված վիճելի տարածքների։ Դեռևս պարզ չէ՝ արդյոք հանդիպման ընթացքում կխոսվի Ուկրաինայում առկա իրավիճակի մասին, որտեղ փետրվարի 24-ից ի վեր Ռուսաստանը վարում է պատերազմական գործողություններ։

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter