HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ստանիսլավ Զաս. ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ Հայաստանին օգնության որոշման նախագիծը համաձայնեցվել է

ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցների վերաբերյալ որոշման նախագիծը համաձայնեցված է։ Այդ մասին չորեքշաբթի օրը Երևանում ՀԱՊԿ արտաքին գործերի, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Ընդհանուր առմամբ, համաձայնեցվել է Հավաքական անվտանգության խորհրդի՝ Հայաստանի Հանրապետությանը օգնության ցուցաբերման համատեղ միջոցների որոշման նախագիծը, որը պատրաստվել է ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության եզրակացությունների և առաջարկությունների հիման վրա»,- նշել է բելառուսցի գործիչը։

Թե ինչ օգնության մասին է խոսքը, Զասը չի մանրամասնել։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությանը։ «Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում է։ Այն տեղեկատվությունը, որը հաղորդվում է ՀԱՊԿ հակազդման կենտրոններից, հաստատում է, որ փաստացի ամեն օր փոխհրաձգություն է տեղի ունենում հայ-ադրբեջանական սահմանին։ Հայաստանի համար այս սպառնալիքի քննարկմանն են նվիրված եղել ՀԱՊԿ անվտանգության խորհրդի վերջին 3 արտահերթ նիստերը, որոնք կայացել են այս տարվա մայիսին, սեպտեմբերին ու հոկտեմբերին»,- ասել է Զասը։

Նա անդրադարձել է նաև Կազմակերպության անդամ Ղրղզստանի և Տաջիկստանի միջև առկա լարվածությանն ու մարտական գործողություններին։ «Կարծում ենք, որ ՀԱՊԿ-ը ունի անհրաժեշտ միջոցներն ու փորձը մեր անդամ երկու երկրներին աջակցություն տրամադրելու համար։ Իհարկե, եթե Տաջիկստանն ու Ղրղզստանը դա անհրաժեշտ կհամարեն»,- հավելել է գլխավոր քարտուղարը։

Հիշեցնենք, որ Երևանում ընթանում է ՀԱՊԿ արտաքին գործերի, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստը, որին մասնակցում են անդամ երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի ներկայացուցիչները։

Այսօր ժամը 15:00-ին կմեկնարկի արդեն ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որին մասնակցելու նպատակով արդեն Հայաստան են ժամանում ՀԱՊԿ առաջնորդները, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

ՀԱՊԿ այս նիստը ոչ սովորական պայմաններում է անցնելու, որովհետև Հայաստանի անվտանգության համար երաշխավոր կազմակերպությունը պատշաճ չի արձագանքում Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգություններին։ Բացի այդ, խիստ լարված են հարաբերությունները նաև Ղրղզստանի և Տաջիկստանի միջև։ ՀԱՊԿ այդ երկրների միջև պարբերաբար մարտական գործողություններ են ընթանում՝ կապված վիճելի տարածքների հետ։ Դեռևս պարզ չէ՝ արդյոք հանդիպման ընթացքում կխոսվի Ուկրաինայում առկա իրավիճակի մասին, որտեղ փետրվարի 24-ից ի վեր Ռուսաստանը վարում է պատերազմական գործողություններ։

Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter