HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ-ին համոզելու մասին. «Սպանեցիք էլի, որ էս խնամիությունը չլիներ, դուք ի՞նչ պիտի խոսեիք»

Այսօր Ազգային ժողովում Հովիկ Աբրահամյանը զրուցեց լրագրողների հետ եւ պատասխանեց նրանց հարցերին: Լրագրողներից մեկը Հովիկ Աբրահամյանին դիմեց «պարոն Նիկոյան», ինչին ԱԺ նորընտիր նախագահը արձագանքեց. «Պարոն Նիկոյանը դուք եք»:

Լրագրողներին հետաքրքրում էր, թե ինչու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ներկա չէ ԱԺ անդրանիկ նիստին: «Ես չգիտեմ, ինքը կայացրած ինչ որոշում ունի, տեղյակ չեմ: Ամեն մարդ ինքն է որոշում իր քայլերը»,-պատասխանեց Հ. Աբրահամյանը:

Այն հարցին, թե փորձելու է ԲՀԿ-ին համոզել, որպեսզի նախագահական ընտրություններին սատարի Սերժ Սարգսյանի թեկնածությանը, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Հիմա խնամուն պիտի համոզեմ, հա՞, էդ եք ուզում ասե՞լ: Սպանեցիք էլի, որ էս խնամիությունը չլիներ, դուք ի՞նչ պիտի խոսեիք»:

Ինչ վերաբերում է մտահոգություններին, որ Հովիկ Աբրահամյանն ունի ԱԺ նախագահ լինելու հարցում, ապա ԱԺ նորընտիր նախագահը չժխտեց էլ, որ մտահոգ է: «Այո, մտահոգ եմ: Այն մարդը, որը պատկերացնում է, թե ինչ պաշտոնի է առաջադրվել, ուրեմն պետք է մտահոգ լինի»:

Զրույցի ընթացքում չշրջանցվեցին նաեւ ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքերը: ԱԺ նախագահը հայտարարեց, որ տեխնիկական փոփոխություններ են արվելու, որպեսզի բացառվեն այլ պատգամավորի փոխարեն քվեարկությունները: «Փորձելու ենք տեխնիկապես այնպիսի պայմաններ ապահովել, որ պատգամավորները միմիայն իրենց փոխարեն քվեարկեն: Իմ կարծիքով, պատգամավորների համար արժանապատիվ էլ չէ, որ մեկը մյուսի փոխարեն քվեարկում է»,-ավելացրեց Հովիկ Աբրահամյանը:

ԱԺ նախագահը նաեւ հայտարարեց, որ ՀՀԿ-ում լուրջ քննարկում է եղել, եւ նախագահ Սերժ Սարգսյանը բոլոր պատգամավորներին հորդորել է լինել կարգապահ եւ հաճախել նիստերին: «Դա եղել է բոլոր թեկնածուների հետ պայմանավորվածության առաջին պայմանը, որ կարգապահ լինեն եւ ներկա լինեն նիստերին: Ընդհանրապես տարվա ընթացքում ԱԺ նիստերը տեւում են 48-50 օր, եւ յուրաքանչյուր պատգամավոր, լինի գործարար, թե մտավորական, պետք է իր գործերն այնպես կարգավորի, որ 48 օրերի նիստերին մասնակցի»,-հավելեց Հ. Աբրահամյանը:

Տեսնելով, որ լրագրողների հարցերն անսպառ են, Հովիկ Աբրահամյանն ասաց, որ այսուհետ ավելի հաճախ են հանդիպելու եւ բոլոր հարցերին պատասխանելու է: «Աստված թող շատ-շատ տա, շուտ-շուտ տա, հենց պահեմ՝ գլխիս տա»,- եզրափակեց Հ. Աբրահամյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter